Հասկանալի է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը և Ալիևը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որևէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիևի հետ, կամ ծայրահեղ դեպքում՝ այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:
Հասկանալի է, որ այդ երկրների հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ վերջին վկայություններից մեկը, կարծում եմ, Վրաստանում ռուսաստանյան զինված ուժերի կողմից Բաքու-Սուփսա գազատարի «գրավումն» է: Բայց դրանց մասին կարելի է խոսել միայն երևացող փաստերի, այսինքն՝ հետևանքների վրա հիմնվելով, ինչպես և անում են պրոֆեսիոնալները (նկատի ունեմ BBC-ի հրապարակումը), և ոչ թե սուրճ նայող տատիկի նման ենթադրություններ անել, թե ով ում ականջին ինչ է քչփչացել:
Դե, եթե հայաստանյան կայքերը գիտեն, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Ալիևը, ուրեմն հաստատ կիմանան, թե որն էր, ասենք, Հայաստանի նախագահի և վարչապետի զրույցի թեման: Եվ այստեղ արդեն ոչ միայն թեման գիտեն, այլև զրուցակիցների ձայների ելևէջները, ով որ պահին է ոտքի կանգնել և ինչ հայացք է նետել դիմացինի ուղղությամբ: Մարդիկ մտածում են՝ եթե այդ մանրամասներով գիտեն գաղտնի հանդիպումների մասին, ուրեմն նրանց գրածները ճիշտ են: Միամիտ ընթերցողներն ու օգտատերերը չեն կարող ենթադրել, որ այդ մանրամասները նույնպես կարելի է հորինել:
Իհարկե, դրան նպաստում է իշխանությունների (ոչ միայն մեր) անիմաստ գաղտնապահությունը։ Բերեմ մի շատ հին օրինակ։ 1993 թվականին ես նախագահական նստավայրում դեմ առ դեմ հանդիպեցի և բարևեցի Ռուսասատանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովին։ Վերադառնում եմ իմ սենյակ, լրագրողները սկսում են զանգել ոը հարցեր տալ՝ ճի՞շտ է արդյոք, որ Գրաչովը Հայաստանում է։ Ճշտեցի, որ պիտի պատասխանեմ, թե դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ՝ այդպես էլ վարվեցի։ Բայց թաքցնել, որ այդ կարգի բարձր պաշտոնյան գտնվում է մեր երկրում, հնարավոր չէր, և իմ, մեղմ ասած, խուսափողական պատասխանը տեղիք տվեց զանազան ենթադրությունների ու, բնականաբար, «հնարած մանրամասների»։ Հաշվի առեք՝ ճշմարտությունը հնարավոր չէր թաքցնել նույնիսկ այն ժամանակ, երբ չկար համացանցը, չկար ամեն տեղից ուղիղ եթեր տալու հնարավորությունը, չկային սոցիալական ցանցերը։ Էլ ի՞նչ ասենք այսօրվա մասին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։