Բաժիններ՝

Խորովածի փառատոնին սպասվում է հանրաճանաչ երգչուհի Սիբիլի ներկայությունը

Օգոստոսի 20-ին, արդեն իններորդ անգամ, Ախթալայում կանցկացվի խորովածի փառատոնը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանի հաղորդմամբ՝ օգոստոսի նախավերջին կիրակին, արդեն երկրորդ տարին է՝ հայտարարված է «խորովածի միջազգային օր»: Փառատոնի ընթացքում լինելու է ավելի քան 30 տաղավար:

Մինչ այս փառատոնն անցկացվել է տարբեր վայրերում: Բայց այսուհետ այն միշտ լինելու է Ախթալայում, քանի որ այն հայտարարվել է՝ որպես «Խորովածի համաշխարհային մայրաքաղաք»:

«Ուսումնասիրել ենք բոլոր այն քաղաքները, որտեղ իրականացվել է փառատոնը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց մեջ Ախթալան ամենահինն էր, ընտրեցինք հենց դա»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով՝ միջոցառմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Տուրիզմի կոմիտեն, մարզպետարանը, քաղաքապետարանը, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ՝ խորովածի փառատոնը ՀՀ-ում ամենակայացածներից է և արդեն սկսում է ընդլայնել իր սահմանները: Վերջինիս կարծիքով՝ սա այն փառատոներից է, որի համար զբոսաշրջիկները հատուկ Հայաստան են գալիս:

Սեդրակ Մամուլյանի պնդմամբ՝ փառատոնը մյուսներից տարբերվելու է թե՛ գեղարվեստական, և թե՛ ներգրավվածության մասով: Նորությունն այն է, որ դրսից թիմեր կան: Նրա խոսքով՝ բացի Երևանում գործող տուրիստական ընկերություններից՝ հետաքրքրություն ունեն նաև դրսի տուր-օպերատորները:

«Նախնական տեղեկություններով՝ Ավստրալիայից պիտի այցելեն Հայաստան, ֆիլմ պիտի նկարեն, որտեղ փառատոնն էլ կնկարվի: Կլինեն նորություններ նաև գեղարվեստական մասով՝ սպասվում է հանրաճանաչ երգչուհի Սիբիլի ներկայությունը»:

Խորովածի փառատոնի ընթացքում լինելու է մրցույթ, որը կոչվում է «Խորովածի բարի կամքի գավաթ»: Խորովածի միջազգային միության համանախագահ Արտեմ Ենգոյանի խոսքով՝ սա առաջին անգամն է, երբ փորձում են անցկացնել միջազգային օրենքներին համապատասխան մրցույթ, որին կմասնակցեն թիմեր Ավստրիայից, Լիտվայից, Ռուսաստանից: Բոլոր թիմերն ունեն լուրջ միջազգային փորձ, միջազգային նվաճումներ:

Արտեմ Ենգոյանի փոխանցմամբ՝ մրցույթի ընթացքում պատրաստվելու է 5 տեսակի խորոված (ձուկ, հավ, խոզ, տավար, ինչպես նաև լինելու է դեսերտ): Խորովածները թիմերը պետք է մատուցեն դատավորներին՝ նշանակված ժամկետում: Արդյունքները գնահատելու է դատավորների մեծ խումբ: Որպես պարգև՝ առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա «Խորովածի բարի կամքի գավաթը»:

«Օտարազգիները իրենց խորովածն են պատրաստելու, իրենց համար ՀՀ-ում պատրաստելը տարբերվելու է նրանով, որ մենք ունենք երկու սահմանափակում. պետք է օգտագործել մանղալ և շամփուր, որն իրենք այդքան հաճախ չեն օգտագործում»,- ասաց Արտեմ Ենգոյանը:

Մեխակ Ապրեսյանի կարծիքով՝ շատ կարևոր նշանակություն ունի գաստրոնոմիական խոհանոցային զբոսաշրջությունը:

«Մենք ունենք շատ մեծ ռեսուրսներ, շատ մեծ հնարավորություններ հայկական խոհանոցը համաշխարհային շուկային ավելի արդյունավետ ներկայացնելու համար: Մեծ դերակատարում ունի հենց նմանատիպ փառատոների կազմակերպումը, շատ կարևոր է խոհանոցը ճիշտ ներկայացնելը: Պետք է չօգտագործվող կերակրատեսակները վերականգնել, զարգացնել, որպես արդյունք ներկայացնել»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս