Պուտին-Ալիև հանդիպման քաղաքական նյուանսը. Կրեմլը հրաժարվել է «ռազմավարական գործընկեր» եզրույթից

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

 – Պարոն Շարմազանով, Սոչիում կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, սակայն դրա մասին պաշտոնական տեղեկատվությունը բավականին սուղ է: Ի՞նչ կարելի է եզրակացնել հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններից:

– Ո՛չ ռուսական, ո՛չ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունն առատ չէ: Մինչ այդ ես ասել էի, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները թևակոխել են ոչ բարենպաստ փուլ, որովհետև, ի վերջո, հուլիսի 4-ի դեպքերին՝ Ադրբեջանը փորձում էր հիմնական շանտաժի միջոց դարձնել հայ-ռուսական հարաբերությունները, փորձել այդ երեխայի սպանությունը նոր շանտաժ բանեցնել և փորձել, որպեսզի եռանախագահ երկրները և, առաջին հերթին, Ռուսաստանը ճնշում գործադրեն Հայաստանի վրա: Եվ, փաշինյանական ոճով ասեմ, «թարս կապույտ» եղավ, որովհետև այդ 1-2 օրվա ընթացքում ոչ միայն Ռուսաստանը, այլև համանախագահները հասցեական  խիստ գնահատական չտվեցին, այլ հակառակը` եղավ իրավիճակի շատ հավասարակշռված գնահատական ՄԽ համանախագահության կողմից և, երկրորդը, որը շատ կարևոր է, ՌԴ ԱԳՆ-ն և սահմանապահ ծառայությունը հակաադրբեջանական 2 հայտարարություն արեցին. ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների խնդրի վերաբերյալ Զախարովան շատ կոշտ խոսեց, և ՌԴ սահմանապահ ծառայության հաղորդագրությունն առ այն, որ նրանք զորավարժություններ են կատարել ԼՂՀ սահմանին, և պատահական չէ, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթն էր օգտագործվել:

Ավելին` տեսնում ենք, որ հանդիպումից առաջ նաև Պուտինն է ակնարկներ արել՝ լեզգիական խնդիրների հետ կապված: Իսկ մենք գիտենք, որ լեզգիների, թալիշների, թաթերի իրավունքները բավականին լուրջ ոտնահարվում են Ադրբեջանում և, հաշվի առնելով, որ լեզգիների մի մասն ապրում է Ադրբեջանում, իսկ մի մասը` ՌԴ-ի Դաղստանի տարածքում, ես չեմ բացառում, որ նաև այդ մեսիջը լրացուցիչ ճնշման ձև էր Ադրբեջանի վրա:

Թե ինչի՞ համար է Ռուսաստանը փորձում Ադրբեջանին ճնշումների ենթարկել, տարբեր կարծիքներ կարող են լինել, առաջինը` Ադրբեջանը չի կատարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, և սա կարող է դուր չգալ համանախագահ երկրներին, այդ թվում` նաև Ռուսաստանին: Եվ Ադրբեջանի նման կամակոր քաղաքականությունը, բնականաբար, պրեսինգի է ենթարկվում ռուսական վերնախավի կողմից:

Երկրորդը` հնարավոր է՝ կան ստորգետնյա հոսանքներ, որտեղ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշակի խոչընդոտներ ունեն: Դա կարող է լինել Ռուսաստանի պետական շահի հետ կապված՝ տարածաշրջանում Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալը, իսկ Ալիևն այս ընթացքում փորձում է գնալ, ԵՄ անդամ երկիր Լատվիայի հետ հարաբերություն լավացնել, այցելում է Թուրքիա, Թուրքիայի վարչապետն է գնում Ադրբեջան, և այլն, այսինքն` այստեղ շատ ստորգետնյա հոսանքներ կան, որ մենք չենք կարող հստակ ասել, բայց այն, որ ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումը քաղցր չի անցել, երևում է պաշտոնական լրահոսից: Իսկ որ մինչ այդ էլ խնդիրներ կային նրանց միջև, դա էլ է պարզ: Սպասենք, տեսնենք զարգացումները:

Պարզ է, որ նախագահների հանդիպման ժամանակ տարածաշրջանային անվտանգության ու ղարաբաղյան հարցը քննարկված կլինի, չէր կարող չքննարկվել: Ես ուշադիր հետևում էի և այս հանդիպման մասին Կրեմլի տարածած պաշտոնական տեղեկատվությանը: «Ռազմավարական գործընկերություն» եզրույթը, որ մի ժամանակ շատ էին օգտագործում ռուս պաշտոնյաները, այսօր Կրեմլի պաշտոնական լրահոսում այդ «ռազմավարական» բառը չտեսա, կար միայն «երկկողմ» արտահայտությունը: Իսկ քաղաքականության մեջ ամեն մի նյուանս կարևոր է:

– Այսինքն` ռուս-ադրբեջանական հարաբերությունների լուրջ փոփոխությունը փաստ է:

– Ես չեմ ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբևէ եղել են դաշնակցային կամ շատ բարձր մակարդակի: ՌԴ-ն շահեր ունի տարածաշրջանում, և հարաբերությունները եղել են, բայց այն, որ ՌԴ-ն խնդիր ունի Ադրբեջանին իր, այսպես ասած, ազդեցության գոտի ավելի շատ բերելու, սա պարզ է և հատուկ է յուրաքանչյուր մեծ խաղացողի: Բայց տարածաշրջանային գերտերությունների միջև Ադրբեջանը վաղուց է իր ընտրությունը կատարել, և զուր չէ, որ ասում են` 1 ազգ, 2 պետություն: Դա Թուրքիան է: Իսկ տարածաշրջանում իրար դեմ կանգնած են ռուս-թուրքական բանակները: Ինչքան էլ Էրդողան-Պուտին հանդիպումները փորձեն ցույց տալ, որ տնտեսական, քաղաքական շահերի համընկնում կա, բայց ռուս-թուրքական հարաբերություններն այնքան են լի հակամարտություններով, այնքան են լի հետաքրքրությունների և պետական շահերի խաչվող ուղիներով, որ ես միշտ ասել եմ, Ռուսաստանն ու Թուրքիան Կովկասյան տարածաշրջանում թիվ մեկ հակառակորդն են, այդպիսին եղել են վերջին 200 տարում, այդպես էլ շարունակվելու է տեսանելի ապագայում: Կարծում եմ` ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ, եթե Ադրբեջանն ընտրության առաջ կանգնած լինի,  ինքն այդ ընտրությունը կատարելու է՝ ի օգուտ Թուրքիայի:

– Իսկ ի՞նչ եք կարծում` Պուտինն Ալիևից հետաքրքրված կլինի՞, թե Ադրբեջանն այդ ի՞նչ հակամիջոց ունի «Իսկանդերի» դեմ, որի մասին ռուսական «ՌԻԱ» գործակալությանը հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը:

– Գիտեք, Հասանովի հայտարարությունն ավելի շատ ներքին սպառման համար էր: Թե՛ այդ հայտարարությունը, թե՛ ԱԳ նախարարների հանդիպումից հետո Ալիևի ելույթը ոչ այլ ինչ են, քան հայտարարություններ, որպեզի քողարկեն սեփական ռազմական և քաղաքական ֆիասկոները: Ադրբեջանը վերջին 20-25 տարիներին հակահայկականությունը դարձրել է իր քաղաքականության ամենաառանցքային մասը, մի բլուր գրավում են ու փորձում են դա ցույց տալ՝ իբրև Կովկասի կեսը, թեև այն որևէ ռազմավարական նշանակություն չունի: Հայերն ունեն «Իսկանդեր», իրենց էլ պետք է ասեն` բա այդքան նավթը ծախում եք, այդքան փող ունեք, ինչո՞ւ մենք չունենք, իրենք էլ պետք է ասեն` բա մենք սա ունենք, նա ունենք, վաղն էլ կարող է հայտարարեն, թե ատոմային ռումբ ունեն: Այդպես չէ: Ես կարծում եմ, որ հասանովների ու ալիևների հայտարարությանը նախագահ Սերժ Սարգսյանը շատ ուղիղ, հստակ պատասխանել է և բոլոր կետերը դրել է իրենց տեղում:

– Բայց հաշվի առնելով, որ «Իսկանդերը» ռուսական զենք է, Պուտինը չի՞ հետաքրքրվի, թե այդ ի՞նչ հակամիջոց ունեն:

– Գլոբալ առումով, ես կարծում եմ, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրները չէին կարող չլինել հանդիպման կարևորագույն հարցերից մեկը: Իսկ թե ինչ դետալներ են քննարկել, ինչ չափաբաժնով, դա ոչ ոք չի կարող ասել:

Տեսանյութեր

Լրահոս