
Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի ՄՄԿ-ին վերականգնել ներկայությունը երկրում

Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ) վերականգնել պաշտոնական ներկայությունը երկրում և ակտիվացնել գործունեությունը։ Այս մասին ասվում է ՄՄԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
«ՄՄԿ-ն ողջունում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաստատումը՝ երկրում մեր պաշտոնական ներկայությունը վերականգնելու և Սիրիայում մարդասիրական գործողությունները ընդլայնելու վերաբերյալ», – ասվում է տեքստում։
Կազմակերպությունը հավելել է, որ 2014 թվականից ի վեր այն գործել է միայն երկրի հյուսիսում։
«Մենք շնորհակալ ենք այս աջակցության համար և ողջունում ենք ազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը: Այս որոշումը բացում է դռները ՄՄԿ-ի և մեր գործընկերների համար` ընդլայնելու հակամարտություններից, տեղահանությունից և կլիմայական խնդիրներից տուժած մարդկանց և համայնքներին տրամադրվող օգնությունը», – նշել է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփը: