Ճապոնիան 2017թ. մտադիր է աշխատանքի վերադարձնել ԱԷԿ-ների ևս 10 ռեակտորներ
Ճապոնիան հուսով է, որ մինչեւ 2017 թվականի վերջը երկրի ատոմակայաններում կգործարկվեն շուրջ 10 ռեակտորներ: Այս մասին հայտնել է խորհրդական, Ճապոնիայի ատոմային արդյունաբերական համաժողովի նախկին նախագահ Տակույա Հատորին՝ «Աստանա Էքսպո-2017»-ում «Անածխաջրածնային Էներգիան ապագայի էներգիան է» նստաշրջանի ընթացքում:
Տակույա Հատորին նշել է, որ մինչեւ «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարը երկրում աշխատում էր 54 ռեակտոր: ԱԷԿ-ները մինչեւ միջադեպն արտադրում էին էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, այդքան էլ բաժին էր ընկնում գազով արտադրությանը, 20 տոկոսն՝ ածխով, 10 տոկոսը՝ էներգիայի վերականգնողական աղբյուրներով՝ հիմնականում ՀԷԿ-երով արտադրությանը:
«Ֆուկուսիմայում» տեղի ունեցած վթարից հետո այդ էներգահաշվեկշիռը խախտվեց, ներկայումս երկրում գործարկվել են էլեկտրաէներգիա արտադրող սոսկ հինգ ատոմային ռեակտորներ: Ճապոնիան պլանավորում է ատոմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի բաժինն ավելացնել, ամենից առաջ, գազի եւ ածխի թանկության պատճառով, որոնց 100 տոկոսը երկիրը ներմուծում է:
«Պատճառներից մեկն այն է, որ մենք կախված ենք ներմուծվող գազից եւ ածխից: Մենք օրական 100 միլիոն դոլար ենք վճարում այլ երկրների կամ տարեկան 30 միլիարդ դոլար»,- ասել է Հատորին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: