Բաժիններ՝

«Երբ դրսում արև է, պետք է տանիքը վերանորոգել». Վարդան Արամյան

«2002-2005թթ. մեր տնտեսության աճի պոտենցիալը 10% և ավելի չէր, ընդամենը 5-6% էր: Դրա համար հետո 14%-անոց անկում ունեցանք: Երբ տրանսֆերտների ծավալը պակասեց, ծանրաձողը միանգամից ընկավ մեր գլխին: Եվ այն ժամանակ որևէ մեկը չէր կանխատեսում դա, բանավեճ կար, թե երբ կլինի այդ անկումը` 2 թե 20 տարի հետո»,- այսօր GIZ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ Միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` մեկնաբանելով խնդիրը, որ Հայաստանը մինչ օրս չի հասել 2008թ. ՀՆԱ մակարդակին:

Ըստ նրա` ներկայումս ճիշտ, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ պետք է անկումը վերականգնել և պոտենցիալ աճի տեմպերն ուժեղացնել, պետք է բարեփոխումներն ավելի արագ տեմպերով արվեն:

«2018թ. հարկային եկամուտները կավելանան 0.4%-ով, իսկ հաջորդ տարիներին` 0.3-ական տոկոսով»,- ասաց Վ.Արամյանը` պարզաբանելով, որ 0.1 տոկոսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվանից Հարկային նոր օրենսգիրքն ամբողջությամբ սկսելու է գործել, և սպասվում է, որ եկամուտները կավելանան: Ըստ նրա` հարկերի 0.3% տարեկան ավելացումը նախատեսվում է վարչարարության խստացման և ստվերի կրճատման հաշվին: Նախարարը հավաստիացրեց, որ վարչարարության խստացումը վերաբերելու է բոլորին, այդ թվում` օլիգարխներին:

Վ.Արամյանը նշեց, որ վերջին 6 տարում առաջին անգամ ԱՄՀ-ն դրական է փոխել աշխարհի տնտեսության աճը, այդ թվում` Ռուսաստանինը: 168.am-ի հարցին` հաշվի առե՞լ են ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցների երկարաձգումը, նախարարը պատասխանեց, որ Ռուսաստանն արդեն սովորել է ապրել պատժամիջոցների պայմաններում, անգամ այս տարվա առաջին եռամսյակում դրական է աճը:

«Արտաքին աշխարհի միտումները դրական են, դրա համար ճիշտ ժամանակ է, որ մեզ մոտ կարգաբերենք: Պարզ քաղաքականություն է` երբ դրսում արև է, պետք է տանիքը վերանորոգել: Այդ արևը համաշխարհային տնտեսությունն է, և պետք է մեր տնտեսությունը վերականգնենք, որ, եթե հանկարծ կարկուտ գա, կարողանանք դիմանալ, պատրաստ լինենք»,- ասաց Վ.Արամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս