«Նիշանյանի նման փախուստը կարելի է հրաշք համարել». թուրքագետ

«Գյուլենականների դեմ պայքարն ամենաթեժ փուլում է գտնվում, քանի որ օրական 50-100 մարդ է ձերբակալվում գյուլենականության մակարդակով։ Դա ընդգրկում է բնակչության և տնտեսական բոլոր բնագավառները՝ գումարած բանակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

Նրա խոսքով՝ գյուլենականների դեմ հետապնդումը տեղի է ունենում թուրքական քաղաքական և տնտեսական ոլորտների բոլոր բնագավառներում։
«Գյուլենական լինելու մեղադրանքով ձերբակալվում են ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչներ, իշխանություններում շատերի էլ մեղադրում են լրտեսության և գյուլենականության մեջ և ձերբակալում են»,- ասաց թուրքագետը։

Նրա համոզմամբ՝ գյուլենականների դեմ պայքարը տարվում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս, և մի շարք եվրոպական երկրների Թուրքիան արդեն ներկայացրել է Եվրոպայում ապրող թուրք գործիչների բավականին մեծաթիվ ցուցակ, որոնց անվանել են գյուլենական դավաճաններ, ֆետո համայնքի ներկայացուցիչներ և պահանջել, որ նրանց արտահանձնեն Թուրքիային։

«Կարելի է ասել, որ գյուլենականներն այնքան մեծ ազդեցություն են ձեռք բերել Թուրքիայում, որ ինչքան գյուլենականների ձերբակալում են, այնքան թեկնածուներ են հայտնվում, որ պետք է  ձերբակալեն։ Այսինքն՝ Թուրքիայում գյուլենականների դեմ պայքարը հեշտ բան չէ և առաջիկայում նույնպես կշարունակվի»,- նկատեց Մ. Խուդավերդյանը։

Նա նշեց նաև, որ գյուլենականների դեմ պայքարը սրված է նաև Ադրբեջանում, որտեղ Թուրքիայի իշխանություններն Իլհամ Ալիևից ամեն ամիս պահանջում են հսկողության տակ պահել տեղի գյուլենական համայնքներին և աշխատանքից հեռացնել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք այս կամ այն կերպ հարում են գյուլենականությանը։

Մեզ հետ զրույցում խոսելով պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի՝ բանտից փախուստի դիմելու մասին՝ թուրքագետն ասաց.

«Թուրքական մամուլը վերնագիրը հետևյալն է դրել՝ «թռչունը թռավ», քանի որ փախուստից հետո Նիշանյանը թվիթերյան էջում գրառում էր կատարել և գրել՝ «թռչունը թռավ և իր հետևում թողեց 80 մլն բնակչությանը»։ Ենթադրվում էր, որ Նիշանյանը պարզապես Թուրքիայից է փախուստի դիմել, և այդ հարցում մութ պահեր շատ կան, քանի որ թուրքական բանտերը հայտնի են իրենց խստությամբ և դաժանությամբ։ Նիշանյանի նման փախուստը կարելի է  հրաշք համարել»։

Հարցին, թե՝ ի՞նչ որակում է դա ստանում Թուրքիայում և տեղի իշխանությունների կողմից, նա պատասխանեց, որ որակումը բավականին բացասական է, քանի որ Նիշանյանը Թուրքիայում բավականին տխրահռչակ է՝ չնայած  թուրքական լեզվաբանության մեջ մեծ ներդրում ունենալուն. «Այնուհանդերձ, նա հայտնի է Թուրքիայում՝ որպես Մուհամեդ մարգարեին վիրավորող անձնավորություն։ Այսինքն՝ նա  հայտնի է՝ որպես տխրահռչակ անձ հենց թուրքական իշխանությունների կողմից»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս