«Թուրքիայի Միլի-մեջլիսի նոր օրինագիծը պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ». Արա Ղազարյան
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիայում տեղի ունեցող ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին ճգնաժամի պայմաններում, երբ բավական սրվել են թուրք-քրդական բախումները, կատարյալ ճգնաժամը մտել է նոր փուլ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններում նոր սրացման փուլեր են նկատվում, բավական սրվել են նաև հարաբերությունները հենց Թուրքիայի Միլի-մեջլիսի ներսում։
«Դրա հիմքն այն է, որ հիմնականում քրդական ժողովրդադեմոկրատական կուսակցությունը մշտապես շահարկում է «Քուրդիստան» տերմինը՝ նշելով, որ քրդերը մեծ թիվ են կազմում Թուրքիայում, և իրենք էլ իրավունք ունեն օգտվելու ինքնավարության իրավունքներից։ Հատկապես թուրք ազգայանականներին դուր չի գալիս նաև այն, որ Թուրքիայի հայ պատգամավորներն իրենց ելույթներում արտասանում են «հայոց ցեղասպանություն» բառը։ Ահա այս երևույթների դեմ պայքարելու համար թուրքական «Արդարություն և զարգացում» և ազգայնական կուսակցությունները համատեղ օրինագիծ են մշակել, ըստ որի՝ պատգամավորներին արգելվում է որոշակի արտահայտություններ անել»,- նկատեց թուրքագետը։
Նրա խոսքով՝ պատգամավորները պետք է խուսափեն «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» տերմիններն օգտագործելուց, որովհետև, ըստ օրինագիծը ներկայացնողների՝ այդ ամենը բերում է պատմական խեղաթյուրումների և թուրք ազգին վիրավորելուն։
Նման եզրույթներն օգտագործող պատգամավորները կպատժվեն աշխատավարձի 2/3-ի չափով տուգանքով և ժամանակավորապես նրանց կարգելվի մասնակցել նիստերի։
«Օրինագիծը լիովին մշակված է, և քննարկումները շուտով կսկսվեն Թուրքիայի խորհրդարանում։ ԵՄ որոշակի շրջանակներ արձագանքել են սրան՝ նշելով, որ սա նույնպես ժողովրդավարական տեսանկյունից մի քանի քայլ հետ է և կվնասի Թուրքիա-ԵՄ բանակցություններին»,- հավելեց թուրքագետը։
168.am-ի հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ այս օրինագիծն ուժի մեջ կմտնի, Մ. Խուդավերդյանը պատասխանեց. «Եթե «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների քվեները միացնում ենք իրար, ապա դա ավելի շատ է, քան մնացած ժողովրդահանրապետական և քրդական կուսակցությունների թիվը։ Հետևաբար՝ եթե վերոնշյալ կուսակցությունները միավորվեն այս հարցում, ապա օրինագծի ընդունումը միանգամայն ավելի հավանական կլլինի՝ չհաշված, որ դեռևս Թուրքիայի գլխավոր ընդդիմություն համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունն իր տեսակետը չի արտահայտել այս հարցի վերաբերյալ»։
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ սա քաղաքական պայքար է փոքրամասնությունների անկախության դեմ։ Նույն իրավիճակն է Ադրբեջանում, օրինակ՝ բլոգեր Լապշինի գործը.
«Այսինքն՝ փոքր եղբայրը հետևում է մեծ եղբորը։Սա բերելու է քաղաքական պլատֆորմում քննադատությունների և հակազդեցությունների հենց Թուրքիայի ներսում»։
Նրա կարծիքով՝ ԵՄ-ի համար չափազանց կարևոր է մարդու իրավունքների բլոկը։
«Բնականաբար, ԵՄ-ն ամբողջությամբ դեմ կլինի այս նախագծին։ Պետք է տեսնել նաև, թե այս նախագիծն ինչպես է կիրառվելու։ Մնում է հուսալ, որ հարյուրավոր մարդիկ՝ դասախոսներ, դատավորներ, իրավաբաններ, բանտ չեն նետվի այս օրինագծի դեմ պայքարելու համար, ինչպես եղավ անցած տարվա հուլիսի դեպքերից հետո»,- նշեց պարոն Ղազարյանը։
Ռոզա Հակոբյան