Բաժիններ՝

«Մեր արտահանման հասույթը 22%-ով աճել է». տնտեսագետ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ կառավարության ծրագրով կանխատեսվում է տարեկան ՀՆԱ-ի 5% աճ, իսկ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը պետք է հասնի 40-45%-ի, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ արտահանումը մեզ մոտ նախորդ տարի եղել է 1.8 մլրդ դոլար, որը կհասնի 5 մլրդ դոլարի.

«Սա կարևորում եմ նրա համար, որ մենք ՀՆԱ աճ կարող ենք ապահովել առաջին հերթին՝ արտահաման ծավալների մեծացման շնորհիվ։ Հատկապես այն արտահանման, որտեղ ԱԱՀ-ն բարձր է, այսինքն՝ պատրաստի արտադրանքի մասին է խոսքը։ Իրականությունը ցույց է տալիս, որ այս առումով որոշակի դրական քայլեր մենք ունենք․ նախորդ տարի արտահանումն աճել է 20%-ով, դեպի Ռուսաստան՝ 53%։ Այս տարի նույնպես ունենք արտահանման աճ՝ 5 ամսվա ընթացքում՝ 20.9%, իսկ դեպի Ռուսաստան՝ 21.4%»:

Ըստ տնտեսագետի՝ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնելու համար պետք է մի շարք կազմակերպչական, օրենսդրական խնդիրներ լուծել․

«Մեր արտահանման աճն ապահովված է մի քանի հանգամանքով. այն անորոշությունը, որ 2015թ. առկա էր մեր արտահանողների մոտ, վերացել է, Մաքսային օրենսգիրքն ընդունված է որոշակի թերություններով, դա, իհարկե, դրական անդրադարձավ մեր արտահանման վրա։ Երրորդ՝ կայունացավ ռուսական ռուբլին․ եթե 2016թ. սկզբին 1 դոլարն արժեր 77 ռուբլի, ապա տարվա վերջին 1 դոլարն արժեցավ մոտ 60 ռուբլի։ Այժմ էլ տատանվում է այդ թվի շրջանակում և փաստացի ամրացավ 22%-ով, ինչը նշանակում է, որ մեր արտահանման հասույթը 22%-ով ավելի ձեռնտու է դարձել»։

Նրա խոսքով՝ գազի գնի նվազումը ևս կարևոր է այս համատեքստում․ «165 դոլար էր սահմանին, դարձավ՝ 150․ այստեղ դրական ազդեցություն ունեցավ կառավարության որոշումը՝ գրեթե մեկ երրորդով իջեցնել գազի գինը ջերմոցային տնտեսությունների և վերարտադրող ձեռնարկությունների համար։ Դա բերեց նրան, որ 10%-ով նվազեց ջերմոցային ապրանքների ինքնարժեքը, և այդ ապրանքների մրցունակությունը մեծացավ։ Այս ձեռքբերումները պայմանավորված են ԵՏՄ-ին մեր անդամակցությամբ»։

Թավադյանն ընդգծեց՝ արտահանման համար շատ կարևոր խնդիր են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները․ «Դրա համար ՀՀ նախագահն էլ մայիսի 18-ին ԱԺ ելույթում նշեց, որ այս խնդիրն անպայման պետք է լուծվի։

Օրինակ՝ Պետական բյուջեի մասին օրենքի 4-րդ հոդվածում շատ կոնկրետ նշված է, որ գնաճը մեզ մոտ պետք է կազմի 4±1.5%, ինչը նշանակում է, որ գնաճը պետք է լինի 2.5-5.5%-ի թույլատրելի շրջանակներում․ այդ կետը չի կատարվում։ Ունենք ավելի ցածր գնաճ։ Իհարկե, առաջին հայացքից՝ թվում է, թե ցածր գնաճը լավ բան է․ եթե դա պայմանավորված է բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքով, իսկ անցած տարի դեռևս ցածր գնաճի դեպքում դա հասնում էր 8%-ի, այժմ 6% է, դա բերում է նրան, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը կանխորոշում է բարձր տոկոսադրույքներ։ Բարձր տոկոսադրույքները նշանակում են, որ ներքին ներդրումների առումով դուք նպաստավոր դաշտ չունեք»։

ԵՏՄ-ի հետ կապված էլ, ըստ նրա՝ դեռևս խնդիրներ ունենք․ «Ունենք պայմանագրի 63-րդ հոդված, որտեղ նշված են այն հիմնական մակրոցուցանիշները, որոնք կարգավորում են տնտեսությունը․այստեղ խնդիր ունենք, քանի որ գնաճի առումով մեզ մոտ բացասական ցուցանիշ է՝ 1.1%, իսկ Ռուսաստանում 5%-ից ավելի է, Բելառուսում 18%-ի է հասնում։ Պայմանագրում ասվում է, որ տարբերությունը պետք է 5%-ից պակաս լինի, և ստացվում է, որ այդ կետը չի կատարվում։ Նույնը վերաբերում է նաև արժութային քաղաքականությանը, գազի գնին, և այլն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս