«ՀՀ-ն կարող է ակնկալել մինչև 3.4% ՀՆԱ ցուցանիշ». Արամ Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենց ակումբի աշխատանքային խումբը պատրաստել է երկու տեղեկանք, որոնք ցույց են տալիս, թե ինչ ունենք՝ որպես ԵՏՄ անդամ նախորդ 5 ամսվա ընթացքում և ինչ սպասելիքներ կան առաջիկայում.

«2017թ. առաջին 5 ամսվա ցուցանիշները ՀՀ-ում և ԵՏՄ անդամ երկրներում ցույց են տալիս, որ մեր երկրները գտնվում են տնտեսական վերելքի ճանապարհին։ Օրերս ՌԴ ԿԲ-ի նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը ոտք է դրել տնտեսական զարգացման նոր փուլի առաջին աստիճանին, կանխատեսվում է լավ տարի Ռուսաստանի համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ-ն կարող է ակնկալել մինչև 3.4% ՀՆԱ ցուցանիշ։

«Այս տարի մենք կանխատեսում ենք, որ հնարավոր է՝ տարին ավարտվի դրական ցուցանիշով՝ ելնելով առաջին 5 ամսվա տվյալներից, իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ի համար բացվում է իրապես լուրջ հնարավորություն՝ առաջընթաց զարգացման փուլով գնալու համար»,- նկատեց նա։

Ըստ Սաֆարյանի՝ ՀՀ տնտեսությունը կարող է 2018 և հաջորդ տարիներին զարգանալ էլ ավելի մեծ ցուցանիշներով, քան 2017թ.։ Նրա խոսքով՝ պատրաստի արտադրանքի արտահանման աճը տալու է ՀՀ-ին հնարավորություն՝ բարելավել ՀՆԱ-ն և խոսել տնտեսական լուրջ ցուցանիշների մասին, փոխել բնակչության կենսամակարդակի իրական պատկերը․ «Լավատեսորեն ենք տրամադրված նաև այնպիսի ոլորտների զարգացման հարցում, որոնք առաջներում իսպառ մոռացված էին՝ վերամշակվող ապրանքների արտադրությունը, տեքստիլ արտադրությունը, կոշկեղենի արտադրությունը և նման ոլորտները, որոնք տարիներ առաջ Հայաստանում համարվում էին անհույս մեռած, իսկ վերջին երկու տարվա ընթացքում, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, զարգացման իրական հնարավորություն են ստացել»։

Նա ընդգծեց, որ զբոսաշրջության էական աճ է արձանագրվել երկրում, ինչը, ըստ Սաֆարյանի՝ հնարավորություն է տալիս լրջորեն խոսել ՀՀ-ն զբոսաշրջային երկիր դարձնելու մասին․ «Միայն ՌԴ-ից Հայաստան կապույտ անձնագրով մտնող քաղաքացիների շնորհիվ զբոսաշրջության թիվը ՌԴ-ից Հայաստան առաջին 5 ամսվա ընթացքում ավելացել է 25%-ով։ Սա շատ պատկառելի ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ մեր զբոսաշրջային ենթակառուցվածքները կամաց-կամաց պատրաստվում են մեծ ծավալներ ընդունելու»։

Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստան-Արևմուտք քաղաքական առճակատումը 2018թ. չի ավարտվելու․ «Կանխատեսվում է, որ մինչև 202թ. սկիզբը Ռուսաստանն ու Արևմուտքն ունենալու են էմբարգոյի քաղաքականության և պատժամիջոցների պատերազմի իրավիճակ։ Այս իրավիճակում Ռուսաստանի հարավի բարեբեր կլիմայական գոտիներ ունեցող երկրների տնտեսվարողները Թուրքիայում, Իրանում, Չինաստանում, Եգիպտոսում և այլն, ունեն հնարավորություն՝ էապես մեծացնելու իրենց մթերքների արտահանումը Ռուսաստան։ Մեր ծավալները շատ համեստ են, բայց մեր համեստ ծավալների շրջանակներում արձանագրում ենք, որ արդեն երկրորդ տարին ունենք գյուղատնտեսական մթերքների մեծացող արտահանում»։

Տեսանյութեր

Լրահոս