Ինչպես խուսափել արևահարումից
Հայաստանի էներգահամակարգի զարգացման ուղղությունների մասին զրույցները շարունակում են մնալ քաղաքական հարթության մեջ: Նույնիսկ ոլորտի փորձագետների վերլուծություններում գերական աշխարհաքաղաքական միտումներն են: Կարճ ասած, Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումների ամերիկյան խոստումները դիտարկվում են՝ զուտ որպես Ռուսաստանին հակադրվելու փորձ:
Զուտ տնտեսական տեսանկյունից էլ կարելի է հիմնավորումներ գտնել, թե ինչու է ՌԴ-ն հակադրվում էլեկտրաէներգիայի այլընտրանքային արտադրության տարածմանը: Էներգետիկ հզոր, մի փոքր չափազանցնելով՝ կարելի է ասել՝ համարյա անսպառ հանածո վառելիքի պաշարներ ունեցող երկիրը չի կարող ոգևորվել էներգիայի այլ աղբյուրների արդյունավետության փաստով:
Այնպես որ, խնդիրը միայն Հայաստանի էներգետիկային չի վերաբերում: Անկախությունից հետո էներգակիրների պակաս ունեցող Ուկրաինան փորձեց վեց արեգակնային կայաններ կառուցել Ղրիմում: Դրանցից չորսը շահագործման հանձնվեցին մինչև հայտնի «աշխարհաքաղաքական դեպքերը», որոնց արևմտամետները «Ղրիմի բռնազավթում» են անվանում: Իսկ ռուսամետները՝ «Ղրիմի վերամիավորում»:
Այդ դեպքերից հետո պարզ էր, որ ղրիմյան արեգակնային կայաններին բոլորովին այլ ապագա էր սպասում: Բոլոր արեգակնային կայաններն իրենց ֆինանսական ակտիվ-պասիվներով՝ որպես սեփականություն, հանձնվեցին ռուսաստանյան բանկերին: Վերանայվեց արեգակնային կայաններից գնվող էլեկտրաէներգիայի արժեքը: Այս քայլը կտրուկ վատացրեց արեգակնային կայանների ֆինանսական վիճակը: Որովհետև ներքին շուկայում հանածո վառելիքի ցածր սակագների պարագային այլընտրանքային կայանները դարձան պակաս շահութաբեր:
Ավելին, ռուսաստանյան ընկերությունները կոնֆլիկտի մեջ մտան արեգակնային կայանները նախագծած ու կառուցող ավստրիական ընկերության հետ՝ նրան դուրս մղելով թերակղզուց: Եթե բավարարվենք այս փաստով, կարող ենք արձանագրել, որ այլընտրանքային էներգետիկան այսօր պակաս շահութաբեր է: Բայց չմոռանանք նաև արձանագրել, որ այն պակաս շահութաբեր է ՌԴ ներքին շուկայում, ուր էժան վառելիք կա ու համապատասխան որակի կառավարում:
Մինչդեռ 21-րդ դարում ատոմական կայաններից հրաժարվեց Գերմանիան: Հրաժարվեց նաև այն պատճառով, որ ստիպված էր լինելու բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել երկու անգամ, իսկ տնտեսությանը մատակարարվողի սակագինը՝ 50 տոկոսով: Ղրիմյան արեգակնային կայաններից հրաժարվող ռուսաստանցի էներգետիկները պնդում են, որ արեգակնային համակարգի հզորությունները ձմռան ամիսներին բավարարում են բնակչության պահանջմունքի ընդամենը հինգ տոկոսը: Եթե ուշադիր լինեք՝ կնկատեք, որ այս փաստարկը լիովին ընկալելի է ռուսաստանցու համար:
«Ձմռան ամիսներ» արտահայտությունն այստեղ ընկալվում է կես տարուց ավելի ձգվող ժամանակահատված: Մինչդեռ մենք՝ հարավցիներս, գիտենք, որ ձմռան տևողությունը երկու, առավելագույնը՝ չորս ամիս է: Վերադառնանք Գերմանիայի օրինակին: Ընդամենը մի քանի տարվա մեջ այս երկրում շահագործվող վերականգնվող էներգիայի հաշվին աշխատող կայանները 2015-ից բավարարում են երկրի բնակչության սպառման 95 տոկոսը:
Մեր էներգետիկ համակարգի փորձագետներից մեկը երկու փաստարկ բերեց, որոնցով բացառում էր արեգակնային կայանների արդյունավետ աշխատանքը մեր երկրում: Առաջինն այն էր, որ արեգակնային կայանները մեծ մակերես են զբաղեցնում: Փոքր երկրներում սա աշխատող փաստարկ է: Ճիշտ այնպես, ինչպես «ձմեռ» արտահայտությունը՝ Ռուսաստանում: Բայց եկեք դիտարկենք փոքրիկ, Հայաստանի հետ համադրելի ծավալներ ունեցող Ղրիմի օրինակը: 105 մՎտ հզորություն ունեցող Պերովա արեգակնային կայանը զբաղեցնում է 200 հա տարածք, 80 մՎտ-անոց Օխոտնիկովան՝ 160 հա, 32 մՎտ-անոց Միտյաևոն՝ 59 հա: Համեմատեք ինքներդ: Եթե, իհարկե, Հայկական ԱԷԿ-ի ու Հրազդանի ՋԷԿ-ի զբաղեցրած տարածքները, որպես հին ու շողշողուն խորհրդային պետական գաղտնիք, չեն թաքցնի ձեզանից:
Մեր փորձագետի մյուս փաստարկը վերաբերում էր Ամերիկային: Նա բոլորիս հիշեցրեց, որ ԱՄՆ-ը ևս հանածո վառելիքների պաշարներ ունեցող ու դրանք լուրջ ծավալներով արտահանող երկիր է: Հավանաբար այստեղից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը ևս ոգևորված չէ այլընտրանքային էներգետիկայի զարգացմամբ: Հնարավոր է, որ ոգևորված չէ: Բայց շուկայական կամ ազատ տնտեսության հմայքն էլ հենց այն է, որ ոգևորությունը որևէ արժեք չունի:
Նման պարագաներում իհարկե: Որևէ ոլորտի փորձագետները կամ կառավարիչները՝ տվյալ ոլորտի ապագայի զարգացման պլան, կամ վերլուծություն ներկայացնելիս՝ սեփական ոգևորությունից ու աշխարհաքաղաքական ճաշակից զատ՝ տնտեսական փաստեր են ուսումնասիրում: 2015թ. ԱՄՆ-ի հանածո վառելիքի ոլորտում կատարված ներդրումները կազմել են 263 մլրդ դոլար: Նույն այդ թվականին այլընտրանքային, այսինքն՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում կատարված ներդրումներն առաջին անգամ գերազանցեցին հանածո վառելիքի ոլորտի ցուցանիշը: ԱՄՆ-ում վերականգնվող էներգետիկայի ոլորտում 2015-ին ներդրվել է 367 մլրդ դոլար: Այսինքն՝ մոտ 100 մլրդ դոլար ավելի: Իսկ դուք հիշո՞ւմ եք, որքան է կազմում մեր ՀՆԱ-ն: