ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում բնակվող իր քաղաքացիներին զգուշության կոչ է արել
Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոնություն և զգուշություն պահպանել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել հատկապես զգոնություն պահպանել հուլիսի 15-ից 16-ը, երբ լրանում է Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առաջին տարելիցը:
«Տեղեկացնում ենք Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, որ հուլիսի 15-ին և դրան նախորդող օրերին, այդ երկրում կարող են տեղի ունենալ զանգվածային միջոցառումներ, ինչպիսիք են հասարակական վայրերում կազմակերպված ցույցերը և հանրահավաքները` կապված հեղաշրջման փորձի առաջին տարելիցը: ԱՄՆ դեսպանատունը զբոսաշրջության և ապրելու նպատակով Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգուշություն և խուսափել զանգվածային հավաքներին և միջոցառումներին մասնակցելուց»,- ասված է Անկարայի ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել նաև հետևել տեղական մամուլին և զգուշացրել, որ Թուրքիայում նույնիսկ խաղաղ հավաքները առճակատման և բռնության վտանգ են պարունակում:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Թուրքիայի կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որոնք կապված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ:
Հեղաշրջման փորձին հաջորդած զինվորականների մասսայական ձերբակալությունները շարունակվում են, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները: