«Մոսկվայի վախերը կարելի է հասկանալ, դրա համար պետք է ցրել այդ վախերը»

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար,The Armenian Interest-ի հիմնադիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ

– Պարոն Գալստյան, ըստ Ձեզ՝ այս պահին որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, և արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը։

– Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները պետք է ձևավորվեն ազգային, ռազմավարական հետաքրքրություններին համապատասխան։ Թե որոնք ենք այսօր մեր ազգային հետաքրքրությունները երկարաժամկետ հեռանկարում և ռազմավարական նշանակության առումով՝ չեմ կարող ասել։ Բայց կան արտաքին քաղաքական որոշակի առաջադրանքներ, որոնք անհրաժեշտ է կատարել կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում։ Առաջին հերթին` Արցախի հարցի կարգավորումը, որը հիմնական արտաքին քաղաքական առաջադրանքներից է, և այսօր հենց դա է որոշում Հայաստանի հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Այդ հարցի կարգավորումից է կախված Հայաստանի անվտանգությունը, դրա համար այսօր Հայաստանի արտաքին քաղաքական բոլոր ռեսուրսներն ուղղված են նրան, որ որքան հնարավոր է էֆեկտիվ կերպով փորձեն հայկական հետաքրքրության լոբբինգն անել Արցախի հարցում։

Մյուս առաջնահերթություններից մեկը, որը հայտարարվում է պաշտոնական Երևանի կողմից, Հայաստանի դիրքերի ամրապնդումն է ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը համարվում է ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ, իհարկե, Հայաստանին անհրաժեշտ է ավելի հստակ ձևավորել իր դիրքորոշումներն այդ կառույցներում, դառնալ ավելի լուրջ գործոն և ամրապնդել իր դիրքերը։ Այս իմաստով, եվրասիական ուղղությունը նույնպես համարվում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Հիմա հայտարարվում է, որ եվրոպական ուղղությունը ևս համարվում է առաջնահերթություն, բայց ավելի շատ տնտեսական, քան քաղաքական առումով։

Արտաքին քաղաքական առաջնահերթություններից է նաև տարածաշրջանային համագործակցությունը Վրաստանի և Իրանի հետ, որովհետև դրանք մեզ համար հաղորդակցության ուղիներ են. վրացական սահմանը Հայաստանը և Ռուսաստանն իրար կապող միջանցք է: Այսինքն՝ այդ սահմանը Հայաստանի մուտքն է եվրասիական բլոկ, դրա համար Վրաստանի հետ հարաբերությունները երևի համարվում են առաջնահերթություններից մեկը։ Իրանի հետ հարաբերությունները՝ նույնպես։ Հետևաբար՝ կարծում եմ, որ առաջնահերթությունները հենց վերոնշյալներն են։

– Խոսեցիք ԵՄ-ի մասին. Հայաստանն արդեն նախաստորագրել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, ակնկալվում է, որ այս տարի համաձայնագիրը վերջապես կստորագրվի։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից հնչում են հայտարարություններ, որ սա հակառուսական փաստաթուղթ է։ Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ այս համաձայնագիրն էլ արժանանա նախորդի ճակատագրին, այսինքն՝ վերջին պահին հայկական կողմը հրաժարվի դրանից, որպեսզի «չնեղացնի» Ռուսաստանին։

– Գիտե՞ք, եթե Հայաստանի իշխանությունները համարում են, որ այդ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ազգային շահերից է բխում, ապա կարծում եմ՝ նրանք պետք է գնան այդ քայլին՝ ուշադրություն չդարձնելով, թե այդ մասին ուրիշներն ինչ են մտածում։ Իհարկե, եթե այդ համաձայնագիրը տեխնիկապես կարող է հակասել ՀՀ-ԵՏՄ համաձայնագրին, ապա Հայաստանն ինքնակամ հանձնել է իր սուվերենության մի մասը՝ մտնելով ԵՏՄ, և իհարկե, հիմա պետք է այդ բոլոր հարցերը համաձայնեցնի ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Ղազախստանի, Բելառուսի հետ։ Այսինքն՝ չի կարելի ուղղակի վերցնել և անել այն, ինչ ցանկանում ես։ Եթե չմտնեիր ԵՏՄ, քեզ վրա պարտականություններ չվերցնեիր, կարող էիր այդպես վարվել, բայց քանի որ ինքնակամ այդ ամենին համաձայնել ես, պետք է խաղաս որոշակի կանոններով։ Իսկ այդ կանոնները շատ պարզ են. այդ ինտեգրացիոն միության գլխավոր կենտրոնի հետ պարտադիր պետք է հաշվի նստել։

Բայց եթե լուրջ տեխնիկական հակասություններ չկան, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ում՝ միաժամանակ ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ապա կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունների արդյունքում հնարավոր կլինի այդ դիրքորոշումը հասցնել Մոսկվային։ Եթե, իհարկե, դրա համար բավարարեն մեր դիվանագիտական ռեսուրսները, քաղաքական կամքը և շատ այլ բաներ։ Իհարկե, որտեղ տնտեսությունն է, այնտեղ միշտ քաղաքականությունն է, և այս իմաստով, հաշվի առնելով Ռուսաստանի և Եվրոպայի, ԱՄՆ-ի ներկայիս լարված հարաբերությունները, իր գործընկերների ցանկացած քայլ այդ ուղղություններով, Ռուսաստանն այդպես կգնահատի։ Այս իմաստով՝ ռուսներն անհանգստանալու պատճառներ ունեն։

– Ի՞նչ պատճառների մասին է խոսքը։

– Այն սցենարի կրկնությունը, որը եղավ Ուկրաինայում։ Այսինքն՝ այստեղ պետք է մտածել ոչ թե՝ տրամաբանության տեսանկյունից, այլ՝ ընկալման։ Մոսկվայում դա այդպես են ընկալում, լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է։ Պետք է աշխատել, որ այդ ընկալումը փոխվի, պետք է ուղղակի բացատրել, որ Եվրոպայի հետ համագործակցությունն իրենց դեմ չէ, և այն, որ մենք համաձայնագիր ենք ստորագրում եվրոպացիների կամ ամերիկացիների հետ, բխում է մեր հետաքրքրություններից, որովհետև մենք ունենք մեծ առևտրաշրջանառություն, որովհետև 20 տարվա ընթացքում խորացրել ենք տնտեսական համագործակցությունը, որովհետև մեծ Սփյուռք ունենք՝ ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ Ամերիկայում, այսինքն՝ մենք չենք կարող ուղղակի փակվել նրանցից։ Հայաստանը շատ լուրջ փաստարկներ ունի, որ Մոսկվային ասի՝ պետք չէ անհանգստանալ դեպի Եվրոպա մեր շարժի համար, որովհետև մենք այստեղ չենք դնում «կամ-կամ»-ի բանաձև, այլ դնում ենք «և-և»-ի բանաձև, այսինքն՝ և՛ ձեզ հետ, և՛ նրանց։

Եվ ամենակարևորը՝ Հայաստանը չի հակադրում ԵՄ հետ համագործակցությունը՝ Ռուսաստանի հետ։ Ավելին, մտնելով ԵՏՄ և ՀԱՊԿ, Հայաստանն իր ռազմավարական ընտրությունն արել է։ Լա՞վ է դա, թե՞ ոչ, այլ հարց է, բայց մենք խոսում ենք կայացած փաստերի մասին։ Հայաստանը գտնվում է այդ կառույցներում և կարող է ռուսներին ուղղակի ասել՝ ինչո՞ւ եք վախենում, այն ինչ ցանկացել եք, մենք արել ենք, խնդրել եք անդամակցել այդ կառույցներին, մենք անդամակցել ենք, նույնիսկ ՄԱԿ-ում մենք քվեարկում ենք այնպես, ինչպես ձեզ է ձեռնտու, թեև մեր հետաքրքրություններին որոշ դեպքերում հակասում է։

Օրինակ՝ Վրաստանի փախստականների հարցով քվեարկությունը մեր կողմից ճիշտ չէր՝ մեր հետաքրքրությունների տեսանկյունից, բայց, միևնույն ժամանակ, մենք հետևում ենք ռազմավարական հարաբերությունների ընդհանուր ոգուն։ Այս իմաստով, մենք, ընդհակառակը՝ կարող ենք Մոսկվային նախատել, որ, եթե Եվրոպայի հետ համագործակցությունը դաշնակցային քայլ չէ, ապա կարող ենք այլ փաստ բերել՝ իսկ մի՞թե դաշնակցային քայլ է Ադրբեջանին զենք վաճառելը. մի պետություն, որն ընդհանրապես չի մտնում այդ կառույցների մեջ։

Դաշնակցայի՞ն քայլ է հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը, այն էլ՝ հրադադարի խախտում ոչ թե շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։ Մի՞թե դաշնակցային է, որ ԵՏՄ անդամ Բելառուսն ու Ղազախստանը պարտադրում են, որ գագաթաժողովը Երևանից Մոսկվա տեղափոխվի, իսկ Ռուսաստանը համաձայնում է, և այլն։ Այսինքն՝ սկզբունքորեն կարելի է բազում փաստեր բերել, որ ընդհակառակը՝ այս միության շրջանակներում հենց Ռուսաստանն իրեն դաշնակցի նման չի պահում, իսկ մենք մեզ ավելի, քան հարկավոր է, դաշնակցի նման ենք պահում։ Այս իմաստով՝ մենք ավելի շատ ենք պրոռուսական տրամադրված, քան շատերը հենց Ռուսաստանում, սա պարադոքս է, բայց այդպես է։

Ռուսաստանի դաշնակիցներից ոչ ոք այդպես նվիրված ու հետևողականորեն առաջ չի մղում Ռուսաստանի հետաքրքրությունները որևէ կառույցում, ինչպես Հայաստանը։ Ցանկացած փորձագետ դա կհաստատի։ Դու նայում ես, թե ինչպես է Հայաստանը քվեարկում միջազգային կազմակերպություններում, թե ինչպես է աչք փակում ռուս-ադրբեջանական գործարքների վրա, տեսնում ես, թե ինչպես են զոհաբերվում եվրոպացիների հետ հարաբերությունները նրա համար, որպեսզի հարաբերություններ ստեղծվեն պետությունների հետ, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ։

Կարելի է պարզ բացատրել ռուսներին՝ ընկերներ, ինչպե՞ս կարող ենք մենք հեռանալ, օրինակ՝ Ֆրանսիայից, և ընկերություն անել միայն Ղազախստանի հետ, ինչի՞ մասին եք խոսում։ Ֆրանսիայում մենք մեծ Սփյուռք ունենք, այդ երկրի հետ ունենք խորը քաղաքական, տնտեսական, պատմական հարաբերություններ, իսկ դուք ցանկանում եք, որ «այո՛» ասենք Ղազախստանին, իսկ Ֆրանսիային՝ «ո՞չ», այն էլ՝ հաշվի առնելով այն, որ Ղազախստանն առաջ է տանում Ադրբեջանի հետաքրքրությունները, իսկ այդ երկրի նախագահն ասում է, որ իրենց նպատակն է՝ վերացնել աշխարհի բոլոր հայերին։

Կամ ինչպե՞ս կարող ենք հեռանալ ամերիկացիներից, Մերձավոր Արևելքի երկրներից, որտեղ նույնպես մեծ հետաքրքրություններ ու կապեր ունենք։ Մենք պետք է հստակեցնենք, որ հայերը ցանցային վերազգային քաղաքական ազգ են, մեր իրավական սահմանները տարածաշրջանում են, իսկ ֆիզիկական սահմանները՝ ամբողջ աշխարհում, որովհետև այնտեղ, որտեղ կան մեր քաղաքացիները, լոբբիստական կառույցները, կա հայկական հետաքրքրություն, որովհետև Հայաստանում 3 մլն մարդ կա, իսկ Սփյուռքում՝ 10 մլն։

Պետք է ասենք՝ դուք ուզում եք, որ նրանցի՞ց էլ փակվենք, ինչ է թե՝ նրանք պետք է միայն Ղազախստանի և Բելառուսի հետ հարաբերություններ ունենան։ Եվ այդ ամենը միայն նրա համար, որ Ռուսաստանը վատ հարաբերություններ ունի եվրոպացիների և ամերիկացիների հե՞տ. դա ռուսների խնդիրն է, ինչպես իրենք նույնն ասում են Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրների մասին։ Պարզ տեքստով ասում են, չէ՞, որ դա մեր և Ադրբեջանի խնդիրն է, այսինքն՝ թեև նրանք դաշնակիցներ են, բայց դա չեն ընկալում՝ որպես իրենց խնդիր, թեև պարտավոր են։

Մենք չենք հայտարարել այն մասին, որ դուրս ենք գալիս ԵՏՄ-ից, սկանդալ չենք սարքում ԵՏՄ-ի ներսում, ինչպես դա անում է Բելառուսը, չնայած՝ գուցե հարկավոր էր, որովհետև այդ սկանդալների հիման վրա նույն Բելառուսն իր համար դիվիդենտներն է հավաքում։ Բայց մենք անգամ դա չենք անում, բոլոր խնդիրների վրա աչք ենք փակում, և այդ իմաստով՝ պետք է ասենք ռուսներին՝ ի՞նչ ունեք վախենալու, գոնե հնարավորությունների մի փոքր պատուհան տվեք, որ արտաքին աշխարհի հետ կապ ունենանք։ Մենք փոքր պետություն ենք՝ առանց միջուկային զենքի, առանց նավթի ու գազի, և չենք կարող մեզ թույլ տալ այն, ինչ թույլ եք տալիս ձեզ դուք։ Բայց նույնիսկ դուք, լինելով մեծ պետություն՝ լայն հնարավորություններով ու պոտենցիալով, երբ ձեզ մեկուսացնում են արտաքին աշխարհից, ձեր տնտեսական վիճակը սկսում է վատանալ։ Իսկ ի՞նչ կլինի մեզ հետ, երբ մենք ամբողջ աշխարհից երես թեքենք, մենք առանց այդ էլ շրջափակման մեջ ենք, հիմա էլ ուզում եք քաղաքակա՞ն շրջափակման մեջ ընկնենք։

Ես կարծում եմ, որ Ռուսաստանում այս ամենը հրաշալի հասկանում են, այս իմաստով՝ ուղղակի Հայաստանի դիվանագիտությունը, իշխանության ներկայացուցիչները, Սփյուռքի ներկայացուցիչները, գործարարները պետք է փաստարկված բոլոր այս դիրքորոշումները տեղ հասցնեն։ Ես համոզված եմ, որ, եթե ճիշտ ֆորմատով ու ճիշտ ժամանակին այդ ամենը բացատրեն, նրանք ամեն ինչ կհասկանան։ Մոսկվայի վախերը կարելի է հասկանալ, դրա համար պետք է ցրել այդ վախերը, որ նման խնդիրներ այստեղ չկան։

– Ըստ Ձեզ՝ այդ հարցադրումներն ինչո՞ւ չեն արվում, այդ խնդիրներն ինչո՞ւ չեն բարձրացվում. համապատասխան դիվանագիտությո՞ւն, թե՞ քաղաքական կամք չունենք։

– Ես չեմ կարող հաստատ ասել, որ չեն արվում, որովհետև Ռուսաստանն այնպիսի երկիր է, որտեղ շատ հարցեր լուծվում են փակ ֆորմատով, և շատ բաներ չեն հայտնվում ԶԼՄ-ներում։ Հնարավոր է, և ես նույնիսկ համոզված եմ, որ նման խոսակցություններ տարվում են, որովհետև, եթե Հայաստանը պատրաստվում է նման համաձայնագրի ստորագրմանը, ապա խիստ կասկածում եմ, որ այդ մասին Մոսկվայի հետ չեն քննարկում. իհարկե, քննարկում, բացատրում են։ Ուղղակի հարցն այն է, թե ինչ ձևով է ընթանում այդ բացատրությունը, որովհետև խոսել կարելի է տարբեր ձևերով։ Կարծում եմ՝ հիմա ռուսները փորձում են հասկանալ, թե ինչի մասին է այդ համաձայնագիրը, վերլուծում են, և, վերջիվերջո, երևի թե կնստենք բանակցային սեղանի շուրջ ու կփորձենք գտնել ընդհանուր շփման կետեր։ Բայց եթե դա չլինի, ու մենք նորից չստորագրենք այդ համաձայնագիրը, ապա կարող ենք արձանագրել, որ դա հայկական դիվանագիտության ձախողումն է։

Ես ընդգծում եմ՝ հայկական, այլ ոչ թե ռուսական, որովհետև Ռուսաստանն իր հետաքրքրություններն ունի, և, եթե իր հետաքրքրությունների տեսանկյունից համարում է, որ կարող է ճնշում գործադրել ու դրանով ազատվել գլխացավանքից, ու, եթե դու չես կարողանում համոզել, փաստարկներ բերել, ապա դա քո խնդիրն է։ Եթե այդ միությունում դու ունես այնպիսի կարգավիճակ, որ քեզ ասում են՝ ոչ, ու դու համակերպվում ես, ապա, ներողություն, դա քո խնդիրն է։ Սովորիր այլ կերպ խոսել, գործել, պահիր քեզ՝ որպես պետություն, պահիր քեզ՝ որպես միջազգային հանրության անդամ, որն ունի հստակ հետաքրքրություններ, եղիր հետևողական, փոքր-ինչ կոշտ, խորամանկ, օգտագործիր բոլոր քաղաքական մանևրումները, մանիպուլյացիաները՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս