«Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի»
Մեր զրուցակիցն է ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը
– Ադրբեջանը փորձում է առաջ մղել Արցախի հակամարտության կարգավորման նոր կոնցեպցիա՝ տարածքներ կամ զորքի դուրսբերում՝ խաղաղության դիմաց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, ո՞րն է այս կոնցեպտի իրական նպատակը՝ ճնշում գործադրել Հայաստանի՞ վրա, թե՞ սեփական հասարակության։
– Այդ կոնցեպտում ոչ մի նոր բան չկա, դա նոր փորձ է բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանից, և ոչ թե՝ Արցախից, ստանալ Արցախի տարածքների մի մասը։ Ինքնին այդ ցանկությունը խախտում է հրադադարի հիմքերը, որ կնքվել էր Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի միջև 1994թ.։ Եվ այդ պատճառով որևէ զիջում տարածքների, կամ զորք դուրս բերելու դիմաց, նախկին դիրքորոշման հերթական նոր տարբերակն է՝ տվեք մեզ անվտանգություն, մենք ձեզ կներենք։ Իսկ անվտանգությունը տալ չի կարելի։ Յուրաքանչյուր նորմալ մարդ, որը Ղարաբաղում Գանձասարից հյուսիսային ճանապարհով գնա Մարտունի, նա կտեսնի, որ, օրինակ, նախկին Քելբաջարի՝ ներկայիս Շահումյանի շրջանի վերադարձն Ադրբեջանին ինքնասպանություն է Արցախի համար։ Այսինքն՝ այդ շրջանների հանձնումը Ղարաբաղի գոյատևումը կդարձնի ռազմական, աշխարհագրական, կամ աշխարհաքաղաքական տեսակետից անհնար։ Շահումյանի կամ նախկին Քելբաջարի հիմնական հարստությունը ջուրն է, որն ապահովում է Արցախի ջրային պաշարների 55%-ը։ Այդ փորձերի նպատակն Արցախի ոչնչացումն է։ Դա պետք է հենց այդպես հասկանալ։
– Ադրբեջանը սրում է իրադրությունը սահմանին՝ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը, իսկ օրերս գործածվել է նաև իսրայելական արտադրության «ՍՊԱՅԿ» կառավարվող հրթիռներ։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը փորձարկո՞ւմ էր նոր զինատեսակը, թե՞ քաղաքական շանտաժի ավելի խորքային ենթատեքստ կա այդտեղ։
– «Ռեգնումի» ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը շատ համոզիչ կերպով գրել է, որ այսօր Ադրբեջանի կողմից զենքի կուտակման և ավելացման տեխնոլոգիան ինքնին կրկնում է այն տեխնոլոգիան, որ կար նախքան ապրիլյան պատերազմը։ Ադրբեջանը գործը տանում է դեպի նոր կարճ, կամ ոչ այնքան կարճ պատերազմի։ Դա ակնհայտ է։ Նա չի փորձարկում զինատեսակի մոդելները, նա փորձում է հայկական կողմի ռեակցիան այդ հարձակումներին։ Եթե ես չեմ սխալվում, անցած գիշեր հայկական կողմն ընդունել է այդ կրակահերթերին համարժեք պատասխան տալու մասին որոշում, և հուսանք, որ դա զսպիչ գործոն կլինի Ադրբեջանի համար։
– ԱՄՆ ազգային հետախուզությունն իր տարեկան զեկույցում նշել էր, որ այս տարի պահպանվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
– Գիտեք, ես չեմ աշխատում ԱՄՆ ազգային հետախուզությունում, բայց որ իրադրությունը կարող այդ աստիճան սրվել, այդ մասին ես խոսում եմ այս ամբողջ տարվա ընթացքում։
– Բայց Ադրբեջանն ունի՞ այդ ռեսուրսները՝ նոր պատերազմ սկսելու համար։
– Այո, ունի։
– Հունիսին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ դրանից հետո կարող է արտաքին գործերի նախարարների հանդիպման անհրաժեշտություն ծագել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է լինելու այդ հանդիպման օրակարգը։
– Այժմ Ադրբեջանի կողմից իրադրության սրացումից հետո, պետք է մտածել՝ տեղի կունենա՞ արդյոք այդ այցը և տեղի կունենա՞ հանդիպում։ Եթե հայկական կողմն աչք փակի այդ սրացման վրա, նա կպարտվի։
– Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կանի հայկական կողմը։ Մեր ղեկավարներն առայժմ ավելի շատ զբաղված են 2018թ. իշխանության ձևավորման խնդիրներով։
– Ես նկատի ունեմ՝ ճակատում եթե չլինի համարժեք պատասխան, և եթե դիվանագիտական առումով հայկական կողմը համաձայնի նախարարների հանդիպմանը սրացման ֆոնի վրա, դա պարտություն կլինի։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի պահանջով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը։
– Ես այդ մասին չեմ լսել, չեմ հետևել։ Կարևոր չեն պատճառները, այդ հարցն ընդհանրապես կապ չունի հակամարտության կարգավորվան հետ։
– Մայիսյան տոների ժամանակ ես Ձեզ տեսել եմ Արցախում։ Ի՞նչ տպավորություն ունեք, նկատելի՞ են փոփոխություններ ապրիլյան պատերազմից հետո։
– Ճակատում ես չեմ եղել, չեմ կարող դատել, իսկ հիմնական փոփոխություններն ապրիլյան պատերազմից հետո տեղի են ունեցել ռազմաճակատում, մի շարք գործոններով լավացել է սպառազինումը, Ղարաբաղի կողմից վերականգնվել է ռազմական բալանսը։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա մենք Արցախ ենք մեկնել հյուսիսային ճանապարհով, և պետք է ասեմ, որ համեմատությունը Ղարաբաղի ու Հայաստանի, մասնավորապես՝ Մարտունիի միջև հօգուտ ՀՀ-ի չէ։ Դա ակնհայտ է։ Մարտունին դատարկ է, կարծես թշնամի է անցել այդտեղով։ Վարդենիսը ևս կիսով չափ դատարկ է։
– Ինչպիսի՞ն է հետաքննության մեխանիզմների ներդրման հետ կապված իրավիճակը։
– Ես չգիտեմ, այդ հարցը կաթվածահար վիճակում է, ոչ մի շարժ չկա և չի լինի։
– Այսինքն՝ Ադրբեջանը երբեք չի համաձայնի՞։
– Չի համաձայնի, որովհետև Երևանն ապրիլյան պատերազմից հետո կորցրեց բանակցությունը վերահսկելու համար անհրաժեշտ պայմաններ թելադրելու հնարավորությունը։ Ամենագլխավորը՝ այն ժամանակ ամբողջ աշխարհին պարզ էր, որ Ադրբեջանն ագրեսոր է կրկին։ Երևանը կարող էր նոր տարբեր պայմաններ թելադրել, իսկ ամենակարևորը՝ պահանջեր Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ՝ որպես կողմ։ Դա չարվեց։ Այսինքն՝ հիմա Ադրբեջանը կարող է վերահսկել ամեն ինչ։
– Այն ժամանակ մեր պաշտոնյաները հայտարարում էին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
– Որտե՞ղ են նրանք դա ասել, ո՞ւմ են նրանք դա ասել, ինչի՞ համար են ասել։ Նրանք դա պետք է որպես պահանջ ներկայացնեին՝ ապրիլյան պատրազմից հետո բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Ո՞ւմ է հետաքրքիր, թե ում և ինչ են ասել։ Կա իրականություն։
– Իսկ հիմա արդեն ո՞ւշ է։
– Ուշ է, որովհետև բանակցություններն արդեն վերսկսվել են՝ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում։
– Դրանք, Ձեր կարծիքով, բանակցություննե՞ր էին, թե՞ բանակցություն սկսելու նպատակով քննարկում, քանի որ մեզ մոտ դրանք բանակցություններ չէին անվանում։
– Դրանք բանակցություններ էին, ոչ թե խորհրդակցություններ։ Հիմարներ չկան։ Պետք է ընկալել, որ այս ոլորտում հիմարների թիվը կտրուկ նվազել է, որովհետև թեման շատ պրոֆեսիոնալացվել է։ Ռուսաստանում, Հայաստանում, Արցախում կա մարդկանց շրջանակ, որն այս թեմայով զբաղվում է պրոֆեսիոնալ։ Ես անձամբ այդ խնդրով զբաղվում եմ 2003 թ.-ից։ Մենք քիչ ենք, և մեր շրջանակ մուտքի տոմսը շատ թանկ է։ Մարդը, որպեսզի փաստացի դատողություններ անի կարգավորման մասին, պետք է լինի և՛ տեղում, և՛ հայտնվի սև ցուցակում, բայց մենք գնում ենք դրան։ Մեր դիրքորոշումը բազմիցս հայտարարել ենք, և այն շատ պարզ է։ Այն, որ ես այնտեղ եմ եղել մայիսյան տոներին, դա իմ սրտի մղումն է եղել։