Հանուն անվտանգ պատերազմի

Ղարաբաղյան շարժումը ազգային ազատագրական պայքարի նոր շրջափուլի սկիզբը եղավ։ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հրապարակ դուրս եկած բազմությունները պահանջում էին Ադրբեջանի հայկական ինքնավար մարզի միացումը Մայր Հայրենիքին՝ այդ պահանջը պատճառաբանելով պատմական անարդարությամբ, մարզի բնակչության սոցիալ-տնտեսական ծանր վիճակով, ադրբեջանական ծայրագավառի անտեսվածությամբ եւ այլ խնդիրներով։

Չնայած առաջին փուլում հնչած հակաթուրքական կոչերին եւ ղարաբաղյան շարժումը պանթուրքիզմի գաղափարի դեմ ուղղելու ջանքերին, շարժումն այդպես էլ հակաթուրքական ուղղվածություն չստացավ։ Երկրորդ փուլում՝ նոր «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորումից հետո, շարժման ղեկավարներն առավել բծախնդիր էին կոչերի ընտրության եւ պայքարի ուղղվածության հարցում։ Ազգերի ազատ ինքնորոշման՝ շարժման որդեգրած սկզբունքը եւս թույլ չէր տալիս խորհրդային երկու հանրապետությունների միջեւ ծավալվող հակամարտությունը դիտարկել Հայ դատի շրջանակում։ Ի վերջո, այդ դիտարկումը տեղի չէր ունենում նաեւ այն պատճառով, որ շարժումը բազմաշերտ էր եւ ընթանում էր խորհրդային ղեկավարության հայտարարած ազատությունների եւ ժողովրդավարացման գործընթացի համատեքստում։ Կային բնապահպանական, խոսքի եւ մամուլի ազատության, սոցիալական եւ ժողովրդավարական պահանջներ։

Շարժման մի հոսանքն էլ 1987 թվականին ստեղծված «Ազգային ինքնորոշում միավորումն» էր, որը լինելով 60-ականների վերջին կազմավորված ընդհատակյա
«Ազգային միացյալ կուսակցության» իրավահաջորդը, շարժման փաստացի ղեկավարությանը՝ «Ղարաբաղ» կոմիտեին զուգահեռ՝ տանում էր պայքար հանուն անկախության։ Այս պայքարում եւս գլխավոր սկզբունքն ազգերի ազատ ինքնորոշումն էր։

Ի տարբերություն «Ղարաբաղ» կոմիտեի, որի անդամները երեւանյան ինտելիգենցիայի ներկայացուցիչներն էին եւ հրապարակ էին եկել ժողովրդի հետ, անկախական գաղափարների համար 17 տարի բանտերում անցկացրած Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը մնում էր լուսանցքում եւ իր միանգամայն տրամաբանական գաղափարներով չէր հրապուրում Ազատության հրապարակը զբաղեցնող ժողովրդի հինգ տոկոսից ավելիին։

Հակաթուրքական տրամադրություններն այդ ժամանակ ավելի շատ ներարկում էին կոմունիստ ղեկավարներն ու նրանց կցորդ մտավորականները, ովքեր կողմ լինելով Ղարաբաղի միացմանը, մերժելով մերժում էին անկախության պահանջը՝ «թուրքական վտանգը» բերելով որպես անհերքելի փաստարկ։

Բոլոր դեպքերում, որքան էլ ահավոր լիներ Թուրքիայի հետ մեն-մենակ մնալու վտանգը, շարժումը գնալով ավելի ու ավելի էր ձեռք բերում անկախական երանգներ, եւ ԽՍՀՄ փլուզման նախօրյակին եթե ժողովուրդը համոզված անկախական էլ չէր, ապա գիտակցում էր, որ մասնատվող Միության հետ ճանապարհ չունի գնալու։

Հայ-թուրքական հարաբերությունները «թշնամի-զոհ» կարծրատիպից վերածվում էր դիվանագիտականի, որում սակայն հայերի գլխավոր հաղթաթուղթը շարունակում էր մնալ ռուսական գործոնը։

«Թուրքերը մեզ կուտեն» անընդհատ ներշնչվող գաղափարը քննություն չբռնեց ոչ 1990-ին, երբ Հայաստանը հայտարարեց իր դե-ֆակտո անկախությունը, ոչ էլ 1991-ին, երբ հանրաքվեով հաստատագրվեց այն։ 1990-ի խորհրդարանական ընտրություններով եւ 1991-ին ժողովրդական հանրաքվեով ու նախագահի ընտրությամբ Հայաստանը դարձավ ԽՍՀՄ տարածքի ամենաժողովրդավարական երկիրը եւ բնականաբար հայտնվեց Միացյալ Նահանգների ու եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում։ Ամեն մարդ տեսավ ու հասկացավ, որ թուրքական վտանգն այնքան սարսափելի չէր, որքան ներկայացվում էր կոմունիստ չինովնիկների ու նրանց արբանյակների կողմից։

Ղարաբաղյան խաղաղ շարժումը, սակայն, արդեն վերաճել էր զինյալ հակամարտության։ Անկախ Հայաստանը պետք է ճշտեր իր հարաբերությունները սահմանակից հարեւանների հետ։ Ադրբեջանի հետ հարաբերությունները պարզ էին՝ կար բացահայտ հակամարտություն։ Վրաստանի եւ Իրանի հետ դրանք կանխատեսելի
էին։ Թուրքիան պահանջում էր առանձին մոտեցում եւ քաղաքական առանձին հայեցակարգ, որը պետք է ուղղված լիներ, լավագույն դեպքում, իսկապես բարի դրացիական հարաբերությունների, տնտեսական կապերի ստեղծմանը, այլ դեպքում՝ ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության կասեցմանը կամ նվազեցմանը։

1991 թվականի ապրիլին ընդունելով Մոսկվայում Թուրքիայի դեսպան Վուրալին, ՀՀ ԳԽ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է. «ԽՍՀՄ-ը փոփոխությունների է ենթարկվում։ Ուզում ենք բարեկամանալ։ Պատրաստ ենք ամեն տեսակ  համագործակցության»։ Հենց այնպես, իհարկե, բարեկամանալ հնարավոր չէր, քանի որ հայ-թուրքական հարաբերություններում կային բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, առաջին հերթին՝ Ցեղասպանության ճանաչումը, որից բխում էին այլ հարցեր։ Այս ամենը շատ լավ գիտեին թե՛ Թուրքիայում եւ թե՛ Հայաստանում, բայց բարի կամքի դրսեւորումը մեկ նպատակ էր հետապնդում՝ ավանդաբար թշնամի համարվող հարեւանին նախապատրաստել Հայաստանի անկախությանը։

1991-ի հոկտեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Հայաստանն ուզում է բարելավել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի։ Սա արդեն լուրջ հայտ էր, որին սակայն Թուրքիան չի հավատում։ Դրան հետեւում է Թուրքիայի կողմից հետխորհրդային բոլոր հանրապետությունների անկախության ճանաչումը՝ բացառությամբ Հայաստանի։

1992-ի հունիսին Ռիո-դե-Ժանեյրոյում հրավիրված Միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում տեղի է ունենում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի եւ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հանդիպումը։

Հիշենք, որ մինչ այդ հայկական պաշտպանական ուժերն արդեն գրավել էին Խոջալուն եւ Շուշին, բացել Լաչինի միջանցքը, որն ապահովում էր Ղարաբաղի եւ Հայաստանի ցամաքային կապը։

Թուրքիայի վարչապետը Հայաստանի նախագահի հետ փորձում է խոսել պաշտոնականության շրջանակից դուրս եւ ասում է. «Պատերազմով դուք ոչ մի բանի չեք հասնի։ 1000 տարի անց կրկին առաջացել է անկախ Հայաստան ստեղծելու հնարավորություն։ Բայց դուք չեք կարող ստեղծել այդ պետությունը վրեժի, ատելության եւ պատերազմի վրա։ Ձեր հարեւանները Ադրբեջանն ու Թուրքիան են։

Եթե դուք մեզ հետ չհաստատեք բարեկամական հարաբերություններ եւ չհանեք ձեր զորքերը Ադրբեջանի տարածքից, ձեր վիճակը շատ բարդ կլինի»։

Սրանից մոտ մեկ ամիս անց, 1992-ի օգոստոսին, ՀՀ նախագահը դիմում է ժողովրդին. «Ես որպես գիտնական, քաղաքական գործիչ եւ հանրապետության նախագահ, որն ունի ժողովրդի քվեն, վստահ եմ, որ պատերազմը ոչ մի լավ հետեւանք չի ունենա Հայաստանի համար»։ Նա հիշեցնում է 1920 թվականին կատարված սխալները, երբ Առաջին հանրապետության ղեկավարները, տարվելով Սեւրի դաշնագրով, ԱՄՆ-ի, Անգլիայի ու Ֆրանսիայի սին խոստումներով, բաց թողեցին անմիջական հարեւանի հետ հարաբերություններ ստեղծելու հնարավորությունն ու արդյունքում կորցրին Հայաստանի կեսը։

Քաղաքական վերլուծաբաններն այս ելույթը համարեցին Թուրքիայի վարչապետի ազդեցությամբ ասված խոսքեր, սակայն պետք էր խոստովանել, որ ճշմարտությունը մնում է ճշմարտություն, ում շուրթերից էլ այն հնչի։ Թուրքիայի վարչապետը նույն զրույցի ժամանակ ասել էր. «Երկար տարիներ զբաղվել եմ դիվանագիտությամբ ու քաղաքականությամբ։ Չի կարելի թույլ տալ, որ աշխարհը կառավարի Հայաստանին, պետք է ջանալ ինքնուրույն կառավարել իրավիճակը»։

1992-ի սեպտեմբերին Նյու Յորքում թուրքական «Թյուրքիե» թերթի թղթակից Չենգիզ Թոփրաքին տված հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է. «Մենք ուզում ենք համագործակցել Թուրքիայի հետ բոլոր ոլորտներում։ Մենք ուզում ենք, որ տնտեսական կապերին հետեւեն նաեւ բարեկամական հարաբերություններ»։

Նույն ժամանակ Նյու Յորքում Հայաստանի նախագահի հետ հանդիպելուց անմիջապես հետո Թուրքիայի ԱԳ նախարար Հիքմեթ Չեթինը հայտարարում է. «Առաջիկա օրերին Հայաստանի հետ կստորագրվի քաղաքական համաձայնագիր»։ Նա ասում է, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, իսկ Ցեղասպանության խնդիրն ուղարկում պատմության գիրկը։

«Թուրքիայի ԱԳՆ-ն Մոսկվայի դեսպանատան միջոցով Հայաստան է ուղարկել համաձայնագրի տեքստը, որը ներառում է այս երկու կետերը։ Այն պետք է դրված լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստաթղթի հիմքում»։

Այս երկու կետից բացի, Թուրքիան իհարկե դնում էր նաեւ Ադրբեջանից հայկական զորքերը դուրս բերելու հարցը։ «Հայաստանի հետ մեր հարաբերությունների գինը Ադրբեջանի խնդիրն է։ Պայմանը՝ Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրս բերումը։ Մեր ուղարկած նամակում այս ամենի մասին գրված է, եւ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ջերմ աջակցության եմ հանդիպել»։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ 1992-ի սեպտեմբերին Հայաստանն, ինչպես երբեք, մոտ էր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, բայց դա գերխնդիր չէր ո՛չ Թուրքիայի եւ ո՛չ էլ Հայաստանի համար։ Երկուսի համար էլ գերխնդիրը ժամանակ շահելն էր։

Քանի որ Հայաստանը պահանջներ չէր ներկայացնում Ադրբեջանի մյուս ինքնավարության՝ երբեմնի հայկական Նախիջեւանի Հանրապետության նկատմամբ, որն անմիջապես սահմանակից էր Թուրքիային, Թուրքիան հանգիստ էր եւ փորձում էր Արեւմուտքի աչքի առաջ իր խաղը խաղալ Հայաստանի հետ։ Հայաստանն էլ Լեռնային Ղարաբաղում պատերազմ վարելով՝ դիվանագիտական խաղ էր խաղում Ադրբեջանի պոտենցիալ դաշնակից Թուրքիայի հետ։ Եվ չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հարեւանների հետ բարի հարաբերություններ ստեղծելու համոզմունքին, քաղաքական-դիվանագիտական շփումների այս հատվածը կարելի է համարել խաղ՝ հանուն անվտանգ պատերազմի։

Եվ հիմա՝ տարիներ անց, Թուրքիայում արդեն գիտակցում են, որ 90-ականների սկզբին սկսված խաղերից առավել մեծ օգուտով դուրս է եկել Հայաստանը, եւ պրագմատիկ քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցության առաջարկներին չարձագանքելով կամ անընդունելի դիրքորոշումներ հակադրելով՝ իրենք կորցրել են պահն ու հայկական քաղաքականության կոշտացման առիթ տվել։

«168 Ժամ» թերթ
13.05.2005թ.

Տեսանյութեր

Լրահոս