«Հայոց պատմությունը չի սկսվում և ավարտվում Ցեղասպանությամբ». Ինչո՞ւ Ֆրանսիայի ընտրություններում հայությունը գործոն չդարձավ

168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանը

– Կայծ, ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Ո՞րն էր Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» կուսակցության առաջնորդ Էմանուել Մակրոնի հաղթանակի գրավականը։

– Արձանագրված արդյունքները մեզ համար անակնկալ չէին, քանի որ վերջին ամիսների ընթացքում բոլոր հարցումներն ու exit-poll-երն արձանագրում էին, որ Մակրոնն ու Լը Պենն առաջին հորիզոնականներում են։ Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Ֆրանսիան բաժանված է երկու մասի։ Կա Ֆրանսիա, որը մոդեռնիզացիայի, համաշխարհայնացման կողմնակիցն է, բաց աշխարհում է ապրում, և Ֆրանսիա, որը դրան դեմ է։ Այս հակասության մեջ ենք այլևս։

Շատ հավանական է, որ մայիսի 7-ի ընտրություններում հաղթանակի Մակրոնը, բայց ոչ, ինչպես սպասում են շատերը՝ մեծ տարբերությամբ։ Չեմ ակնկալում, որ Մակրոնը կհաղթի 60-70% առավելությամբ, կարծում եմ, որ դժվար ընտրություն է լինելու նրա համար, բայց հաղթելու է։

Երկրորդ նկատառումս՝ աջակողմյանների պարտությունը։ Ավելի ճիշտ, Ֆիյոնի պարտությունը, մեծ պարտությունը, որովհետև իսկապես աջակողմյանների համար այս ընտրությունը ոչ միայն կարևոր էր, այլև հաղթանակը շատ սպասելի էր՝ մինչև Ֆիյոնի աղմկահարույց գործը հունվարին, որի արդյունքը տեսանք՝ Ֆիյոնը պարտվեց։ Երրորդ նկատառումը՝ ընկերվարականների մեծ պարտությունն էր։ Այսինքն՝ 5 տարի լինել իշխանություն և ընտրություններում ստանալ 6%, մեծ պարտություն է, և չէինք սպասում այսքան թույլ արդյունք, սա իսկապես պարզապես հարվածում է այս կուսակցության ապագային, իբրև կազմակերպություն, կուսակցություն։ Նույն հոսանքի մեջ կարող ենք ասել, որ Մելանշոնի 19 %-ն էր անակնկալ, սա ձախակողմյան թևի պարտությունն էր, եթե պետք է բարեփոխվի, ապա պետք է սեղանին նստեն մյուս ուժերը Մելոնշոնի հետ, որովհետև ձախակողմյան հոսանքների մեջ ինքն է ամենակարևոր թևը։

Վերջին դիտարկումս հետևյալն է՝ ավանդական, հաստատական կուսակցությունները դուրս եկան, քանի որ ոչ Մակրոնը, ոչ Լը Պենը երբեք իշխանության մաս չեն կազմել, և ավանդական կուսակցություններն արձանագրեցին մեծ պարտություն, ինչը նշանակում է, որ ֆրանսիացիները ցանկանում են փոխել իշխանություններին, իշխանափոխություն են ցանկանում, ինչը պետք է կայանա հանդարտ ժողովրդավարական ձևով։

– Այս ընտրություններում հայկական համայնքը որևէ թեկնածուի սատարելու առաջարկով չդիմեց ազգությամբ հայ ընտրողներին։ Սա որքանո՞վ էր ճիշտ դիրքորոշում՝ հաշվի առնելով համայնքի հզոր ներկայությունը Ֆրանսիայում։

– Ֆրանսահայ կազմակերպությունների ցանկում տարբեր թևեր կան՝ ընկերվարականներ, աջակողմյաններ, մեկ անձի, մեկ թեկնածուի շուրջ հավաքվելն անհնար էր, որովհետև կազմակերպությունները Ֆրանսիայի հասարակության նման են, հայկական քվե գոյություն չունի, հայկական ձայներ կան, բայց կազմակերպված, ձևավորված քվե գոյություն չունի։ Երկրորդ՝ որևէ կարևոր աշխատանք չտարվեց հայ համայնքի կողմից՝ ոչ մի հավաք, ոչ մի հանդիպում։

Նրանք փորձեցին հանդիպել մի քանի թեկնածուների հետ, իմ տեղեկություններով, չհաջողվեց, թե ինչ պատճառով՝ ես չգիտեմ։ Բայց ֆրանսահայերն այս անգամ նույնիսկ պահանջատիրություն չներկայացրին, որովհետև Ֆրանսիան ճանաչել է Ցեղասպանությունը, իբրև նախագահ՝ Օլանդը շատ բան արեց, այսօր ևս կմասնակցի ոգեկոչման արարողություններին։ Հայերը խնդիր ունեն այսօր՝ ո՞րն է առաջնահերթությունը՝ Հայոց ցեղասպանության հա՞րցը, եթե սա է, ապա ի՞նչ պետք է առաջարկեն, ի՞նչ պահանջեն թեկնածուներից, քանի որ Ցեղասպանության ժխտողականության բանաձևը չանցավ, ապա ինչպե՞ս պետք է ապագայում առաջ շարժվել։ Ղարաբաղյան հարցը ևս կա, բայց դրա շուրջ լայնածավալ աշխատանք չեն ծավալում, ինչը մեծ սխալ է, քանի որ այս հարցը պետք է առաջնահերթություն դառնա՝ ԼՂ անկախության ճանաչում։

Բայց այստեղ երկու խնդիր կա՝ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, ուստի ինչպե՞ս կարող է Ֆրանսիան ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Սա է խնդիրը։ Կարծում եմ, որ սա առիթ է, որպեսզի ֆրանսահայ կազմակերպությունները, սփյուռքահայերը ոչ միայն՝ Ֆրանսիայում, այլև՝ բոլոր երկրներում, ժողովրդավար հեղափոխություն պետք է ապրեն՝ փոխեն ամեն բան՝ թե օրակարգը, թե մտածելակերպը, թե գործելակերպը, թե պահանջները, և դա հնարավոր է, դրանք հին, ավանդական կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, դրանց այդ կարգավիճակը վերջացած է, նոր մոդել է անհրաժեշտ և հնարավոր է։

– Փաստորեն, Ֆրանսիայի նախընտրական շրջանում կրկնվեց այն նույն երևույթը, ինչ ամերիկյան ընտրություններում, երբ այս երկրներում ունենալով բավականին մեծ հայ համայնք, քաղաքական կուսակցությունների հետ աշխատելու ավանդույթներ, կապեր՝ հայ համայնքը չկարողացավ գործոն դառնալ։

– Ինձ համար խնդիրը շատ պարզ է։ Ֆրանսահայ գաղութը, ամերիկահայ գաղութը նույն աշխարհում չեն ապրում, ինչ Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների հասարակությունը, այսինքն՝ այստեղ, դժբախտաբար, հայկական կազմակերպությունները հիշողության, անցյալի մեջ են, իրականությունից կտրված։ Պետք է ավելի օգտակար լինենք հայությանը, ավելի բաց խոսենք, իրականության մասին խոսենք, որովհետև իբրև Սփյուռքի կազմակերպություններ՝ նրանք կապված են համաշխարհային մոդեռնիզացիային, բայց դրան չեն մասնակցում, ներկա են՝ իբրև հայություն, 50-60 պետություններում, բայց ինչպե՞ս են այդ ներուժը կիրառում, շատ նվազագույն ձևով, միայն շատ նեղ մոտեցումներ են բարձրացնում, նվազագույն պատասխանատվություն են ստանձնում, զբաղվում են միայն հայկական խնդրով, բայց դրանով էլ չեն զբաղվում, ինչպես պետք է։

Եթե չեն մասնակցում ֆրանսիական, կանադական, ամերիկյան, արգենտինական քաղաքական, դիվանագիտական, տնտեսական կյանքին, իբրև այդ երկրի քաղաքացի, ուրեմն կարևորություն չեն ունենա։ Հայկական կազմակերպությունները պետք է իրենց հանգիստ, ներքին հեղափոխությունն ապրեն։

Այսօրվա կազմակերպություններն աշխատում են 1920-ական թթ. հիմնված մոդելով։ Ինչո՞ւմ էր կայանում այդ ժամանակաշրջանի մոդելի էությունը։ Դա պարտության մոդել էր։ 1915-1923 թթ. հայերը 3 անգամ «ջարդվել են», առաջինը՝ 1915թ.՝ ֆիզիկական ջարդ են ապրել, 1920թ., երբ Հայաստանն այլևս իբրև անկախ պետություն գոյություն չուներ, քաղաքական սպանություն տեղի ունեցավ, և երրորդը՝ 1923թ. Լոզանի դաշնագրի պայմաններով Հայկական հարցը դուրս եկավ միջազգային դիվանագիտական օրակարգից, և 8 տարվա մեջ մենք իբրև հայ ազգ՝ դուրս եկանք պատմությունից՝ մնալով որպես հիշողություն։

Այդ կազմակերպությունները 20-ական թթ. Սփյուռքում աշխատանք տարան, պարտության հիմքի վրա էին աշխատում, բայց այսօրվա աշխարհը տարբեր է, այլ է։ ՀՀ-ն այլևս անկախ է, իբրև պետություն՝ հաղթանակել է պատերազմում, գաղափարական սրբագրություն է տեղի ունեցել, Ցեղասպանությունը բավականին ճանաչվել է, վերջին ճանաչումներից մեկը Գերմանիան էր, ուրեմն բարոյական ճանաչում է տեղի ունեցել, և Ղարաբաղի հարցը, որը միջազգային օրակարգում է, և դա դիվանագիտական սրբագրություն է։ Այս երեք հաղթանակն ունենալով՝ Սփյուռքի կազմակերպություններն աշխատում են՝ ինչպես 20-ական թթ., և սա է խնդիրը։ Այս երեք հաղթանակով մենք մտանք պատմության մեջ այնպես, ինչպես 1915թ. առաջ էինք։ Սփյուռքահայությունը պետք է հասկանա, որ պատմությունը չի սկսվում և ավարտվում Ցեղասպանությամբ։ Ֆրանսիացիները հայերին հարգում են, սիրում, բայց հայերին դիտարկում են՝ որպես հիշողության խնդիրներ բարձրաձայնող ազգ, Հայկական հարցը հիշողության, միայն անցյալի հարցը չի, մենք համաշխարհային պատմության մի մասն ենք։ Մտածելակերպը, գաղափարները, առաջարկները, գործելակերպը պետք է փոխվի։

– Մակրոնի հաղթանակի դեպքում ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն պետք է սպասել Ֆրանսիայից և հայկական հարցերի վերաբերյալ ինչպիսի՞ դիրքորոշում՝ հաշվի առնելով ֆրանսահայ կազմակերպությունների ներկայիս կեցվածքը։

– Շատ մեծ փոփոխություններ չեն լինելու, մեծ սպասելիքներ չունեմ։ Մակրոնի շուրջ, նրա թիմում կան հայասերներ, դա դրական է։ Բայց թե ինչպիսի դիրքորոշում նա կստանձնի՝ դեռ վաղ է ասել, պետք է սպասել։

Տեսանյութեր

Լրահոս