ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմել են 611 մլրդ, ՌԴ-ինը՝ 69,2 մլրդ դոլար. SIPRI
Աշխարհում ռազմական կարիքների համար ծախսերի ընդհանուր ծավալը 2016 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,4 տոկոսով եւ կազմել 1 տրլն 686 մլրդ դոլար: Այդ մասին ասված է աշխարհում զենքի առեւտրի վիճակի եւ գլխավոր խաղորդերկրների ռազմական ծախսերում դրսեւորվող միտումների վերաբերյալ
Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) հերթական զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 24-ին:
Այս բնագավառում առաջատարներն են ԱՄՆ, Չինաստանը եւ Ռուսաստանը: Ամերիկյան ռազմական ծախսերը 2016 թվականին կազմել են 611 մլրդ դոլար, ինչը աճ է նշանակում 1,7 տոկոսային կետով:
Պաշտպանության կարիքների համար Չինաստանի հատկացումներն ավելացել են 5,4 տոկոսային կետով եւ կազմել 215 մլրդ դոլար:
Ռուսաստանը, որի ռազմական բյուջեն աճել է 5,9 տոկոսային կետով, անցյալ տարի ծախսել է 69,2 մլրդ դոլար: Սաուդյան Արաբիան, որը, 2015 թվականի արդյունքներով, զբաղեցնում էր երրորդ տեղը, անցյալ տարի տեղափոխվել է չորրորդ հորիզոնական: Թագավորությունում ռազմական ծախսերի կրճատումը տպավորիչ էր՝ 30 տոկոս, բացարձակ արտահայտությամբ ծախսերը կազմել են 63,7 մլրդ դոլար:
SIPRI-ի տվյալներով, Ռուսաստանում ռազմական ծախսերը 2007 թվականից ավելացել են 87 տոկոսով: 2016 թվականին բանակի ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5,3 տոկոսը, ինչը համախառն արդյունքի նկատմամբ ամենաբարձր ցուցանիշն է անկախ Ռուսաստանի գոյության ողջ ժամանակաշրջանում եւ յոթերորդը՝ աշխարհի ամենաբարձր ցուցանիշների թվում:
Ինչ վերաբերում է գլոբալ միտումներին, ապա զեկույցի հեղինակները նշում են մոլորակի տարբեր շրջաններում զենքի առք ու վաճառքի դինամիկայի անհավասարաչափությունը:
Եթե Ասիայում, Օվկիանիայում, Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Հյուսիսային Ամերիկայում ցուցանիշներն աճել են, ապա Կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Մերձավոր Արեւելքում եւ Սեւ Աֆրիկայում դրանք նվազել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: