Արտահանման տեսլականը. Ինչ է իրականում խոստանում կառավարությունը
2016 տնտեսական տարին հաջող չէր. գրանցվեց տնտեսական ակտիվության թույլ՝ 0,5%-անոց աճ, իսկ ՀՆԱ իրական աճը կանխատվեսվող 2,2%-ի փոխարեն՝ կազմեց ընդամենը 0,2%։
Տնտեսական վիճակագրության հատուկենտ լուսավոր կետերից մեկն արտաքին առևտուրն էր, մասնավորապես, արտահանումը։
Այսպես, 2016 թվականին Հայաստանից արտահանման ծավալը կազմեց 1 մլրդ 782,9 մլն դոլար։ Արտահանման իրական աճը 2015-ի համեմատ՝ 20% էր։ Ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել էր 1,6%-ով։ Իհարկե, նշվեց, որ այդ աճը մասամբ պայմանավորված էր 2015-ի վատ ցուցանիշներով, բայց ամեն դեպքում՝ 20%-անոց աճը վատ ցուցանիշ չէ։
Այս տարվա առաջին 2 ամիսների արտաքին առևտրի տվյալները նույնպես վատը չեն։ Արտահանումը հունվար-փետրվարի արդյունքներով շարունակում է աճել 20%-ով։ Ինչպես 2016-ին, հիմա էլ աճը պայմանավորված է հիմնականում ԵԱՏՄ երկրներ արտահանման աճով։
Ի՞նչ է լինելու հետո՝ մինչև տարվա վերջ, և դրանից հետո՝ մի քանի տարվա կտրվածքով։
Իրականում կանխատեսումներ անելը շատ դժվար է, սակայն փոխարենը կարելի է ասել՝ ինչ նպատակ ունի կառավարությունը։
Արտահանման մասով կառավարության տեսլականն արտացոլված էր նախ՝ ՀՀ կառավարության ծրագրում, իսկ հետո՝ նաև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում։
Մեջբերենք այդ հատվածը. «Հայաստանը, լինելով փոքր ներքին շուկայով երկիր, պետք է իր զարգացման մոդելը կառուցի՝ հիմք ընդունելով արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը: Մեր ախտորոշումն է. դեռևս արտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի անբավարար տեսակարար կշիռ: Շարունակում է խնդրահարույց մնալ արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն ինչպես՝ շուկաների, այնպես էլ՝ արտահանվող ապրանքատեսականու մասով: Անբավարար է դեպի հարևան պետություններ ապրանքների արտահանման ծավալը։
Մեր նպատակն է. նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից անցում դեպի դիվերսիֆիկացված, արտահանման խթանման ենթակառուցվածքներով ապահովված, արտաքին, առաջին հերթին՝ հարևան շուկաների պահանջարկին արագ արձագանքող տնտեսության: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները՝ արտահանման առաջընթացիկ աճը պետք է հանդիսանա տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժ: Որպես առաջնային նպատակադրում՝ անհրաժեշտ է սահմանել ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման առնվազն 40-45 տոկոս տեսակարար կշռի ապահովում»:
Ամենակարևորն այստեղ վերջին նախադասությունն էր, որտեղ կար հստակ թվային թիրախ՝ ՀՆԱ-ի 40-45%-ի չափով արտահանում։
Որքանո՞վ է դա իրատեսական։
Կրկին վերադառնանք նախորդ տարվա թվերին։ 2016-ին արտահանման ծավալը, ինչպես նշեցինք, 1 մլրդ 782,9 մլն դոլար էր: 2016 թվականի համախառն ներքին արդյունքը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, կազմել է 5 տրիլիոն 67.9 մլրդ դրամ կամ մոտավորապես 10,5 մլրդ դոլար։ Ստացվում է՝ 2016 թվականին արտահանումը կազմել է ՀՆԱ-ի 17%-ը։
2015 թվականի արտահանման ծավալը կազմել է 1,6 մլրդ դոլար, ՀՆԱ-ն կրկին 10.5 մլրդ դոլարի սահմաններում էր։ Այսինքն՝ արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունն ավելի ցածր էր։
Սա նշանակում է, որ արտահանում/ՀՆԱ 45% հարաբերակցություն ապահովելու համար Հայաստանի արտահանման ծավալները պետք է եռապատկվեն։ Ու եթե ենթադրենք, որ այս թիրախի ժամկետը 5 տարի է, միևնույն է՝ 5 տարվա ընթացքում արտահանման տարեկան ծավալը 4.5-5 մլրդ դոլարի հասցնելը, մեղմ ասած, հեշտ գործ չէ։
Խնդիրն ավելի է բարդանում, երբ դիտարկում ենք Հայաստանի արտահանման կառուցվածքը. հիմնական ուղղություններն են պղնձի հանքաքարը, կոնյակը և սիգարետը։ Միայն հանքարդյունաբերությանը բաժին է ընկնում ՀՀ արտահանման 40%-ից ավելին։ Հայաստանի ընդերքն առաձգական ու անսպառ չէ, արտահանման արժեքն էլ կախված է մետաղների համաշխարհային գներից։ Իսկ մյուս ուղղություններով արտահանումը խթանելու համար արտահանման կառուցվածքը պետք է դիվերսիֆիկացվի, ինչը նույնպես երկար ժամանակ է պահանջում։
Կա ևս մի տեխնիկական մանրուք. արտահանման աճը նշանակում է նաև ՀՆԱ-ի աճ։ Այսինքն, նախ՝ պետք է արտադրես, որ կարողանաս արտահանել։ Արտադրելով՝ մեծանում է նաև ՀՆԱ-ն, ու հետևաբար՝ այդ ՀՆԱ-ի մեջ արտահանման կշիռը նվազում է։ Կարճ ասած, եթե ցանկանում եք արտահանման կշիռը ՀՆԱ-ի մեջ կրկնապատկել՝ ասենք, 20%-ից հասցնել 40%-ի, ապա արտահանման մաքուր ծավալները պետք է ավելացնել ոչ թե երկու անգամ, այլ ավելի շատ։
Այս ամենը հիմք ընդունելով՝ մի շարք տնտեսագետներ համոզված են, որ ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման առնվազն 40-45 տոկոս տեսակարար կշռի ապահովումն անիրատեսական է, այսինքն՝ գործ ունենք պոպուլիզմի հետ։
Ամեն դեպքում, այստեղ մի նրբություն կա, որը կառավարությունը կարող է օգտագործել՝ որպես հակափաստարկ։ Կա «ապրանքների արտահանում» հասկացություն, և մինչ այս բերված տվյալները վերաբերում էին հենց ապրանքների արտահանմանը։ Եվ կա «ապրանքների և ծառայությունների արտահանում» հասկացություն, որն ավելի լայն է։
Որպեսզի տարբերությունը հասկանալի լինի, կոնկրետ տվյալներ ներկայացնենք։ Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2015 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 1,6 մլրդ դոլար, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը՝ 3,1 մլրդ դոլար (կրկնակի շատ)։ 2014 թվականին միայն ապրանքների արտահանումը կազմել է 1,7 մլրդ դոլար, ապրանքների և ծառայությունների արտահանումը՝ 3,3 մլրդ դոլար։ Այսինքն, «ծառայություններ» բառն այստեղ ամեն ինչ փոխում է։
Համաշխարհային բանկն իր տվյալների բազաներում ունի առանձին տվյալ, որը ներկայացնում է արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը։ Այդտեղ որպես հիմք՝ վերցվում է հենց ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշը (Exports of goods and services (% of GDP))։ Գծապատկերում հենց ՀԲ-ի կայքից վերցված պատկերն է։ Ինչպես տեսնում եք, 2015 թվականին ունենք արտահանում/ՀՆԱ 29.8% հարաբերակցություն։ 2016 թվականի ցուցանիշը ՀԲ տվյալների բազաներում դեռ ներկայացված չէ, սակայն հաշվի առնելով արտահանման աճը և ՀՆԱ-ի անփոփոխ մնալը, այդ հարաբերակցությունն ավելի մեծ կլինի՝ չի բացառվում, որ հասնի 32-33%-ի։
Հիմա հարց է՝ ո՞ր ցուցանիշը նկատի ունի կառավարությունը, երբ խոստանում է արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 40-45%-ին։ Եթե խոսքը միայն ապրանքների արտահանման մասին է, ապա այս թիրախին հասնելն իրոք շատ բարդ է լինելու։
Իսկ եթե խոսքն ապրանքների և ծառայությունների արտահանման մասին է, ապա չի բացառվում, որ թիրախային ցուցանիշին հասնենք արդեն այս կամ ամենաուշը՝ հաջորդ տարի։ Սակայն այս դեպքում էլ կստացվի, որ կառավարությունը չափից դուրս համեստ է գտնվել իր հավակնությունների մեջ, որովհետև դա լուրջ առաջընթաց համարել չի կարելի՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում։