
Բելառուսը հաստատել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգրքի ստորագրումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը: Այդ մասին ապրիլի 12-ին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
«Ես հաստատում եմ, որ պետության ղեկավարն ստորագրել է ԵԱՏՄ-ի նոր Մաքսային օրենսգիրքը»,-ասել է նա:
Նախագահի մամուլի քարտուղարը նաեւ հայտնել է, որ Լուկաշենկոն ապրիլի 14-ին պլանավորում է մասնակցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Բաշքեկում կայանալիք հերթական նիստին:
ԵԱՏՄ-ի պետությունների (Ռուսաստան, Ղրղզստան, Հայաստան եւ Ղազախստան) ղեկավարները Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում ստորագրել են Մաքսային օրենսգիրքը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ նիստին չէր մասնակցում: Փետրվարի 3-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը նախագահ Լուկաշենկոն հայտնել է, որ Մաքսային օրենսգիրքը չի ստորագրել, քանի որ այդ ոլորտի բազմաթիվ պայմանավորվածություններ չեն գործում: