«Սիրիական զարգացումները չեն ունենա որևէ հետևանք Ղարաբաղում»

Ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում անդրադառնալով օրերս ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային հրթիռային հարվածներ հասցնելու որոշմանը՝ ասաց. «Տապալվեց ռուսական ողջ միջամտությունը Սիրիայում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերը Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ավիակրից 59 Tomahawk կոչվող հրթիռներ արձակվեցին սիրիական Հոմս քաղաքի մոտակայքում գտնվող «Շայարթ» ավիաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան տեղեկությունների, թե ավելի վաղ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք էր կիրառել, որի հետևանքով զոհվել էր առնվազն 50 մարդ, այդ թվում՝ երեխաներ, որը հերքել էին սիրիական իշխանությունները։

Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ՝ ռուսական ողջ միջամտությունը և գործողությունները տապալված են Սիրիայում, քանի որ ամերիկյան ինտերվենցիան բացահայտեց ռուսական պրոպագանդայի սնանկությունը։

Ըստ նրա՝ իր համար զարմանալի էր, որ ամերիկյան թևավոր հրթիռները կարողացան թիրախավորել «Շայարթ» ավիաբազան այն դեպքում, երբ այն օգտագործվում էր նաև ռուսական ուժերի կողմից։ Ֆելգենգաուերի որակմամբ՝ ամերիկյան կողմը հիանալի գործողություն կատարեց, որով նորընտիր նախագահն ապացուցեց, որ իսկապես առաջնորդ է, ուժեղ է, կարողացավ բացահայտել այն պրոպագանդիստական թյուրիմացությունը, որը Ռուսաստանն էր ստեղծել, փորձելով աշխարհին ցուցադրել ուժը, որը Սիրիայում որոշ դեպքերում անհարկի էր դրսևորվում, ամերիկյան կողմին հաջողվեց նաև չվնասել ռուսական ուժերին Սիրիայում։ Ֆելգենգաուերը հիշեցրեց, որ օրեր առաջ Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող Խան-Շեյխուն քաղաքում ավելի քան 8 տասնյակ մարդ էր զոհվել ռմբակոծության հետևանքով, զոհերի մեծ մասի մոտ եղել են ծանր քիմիական թունավորման ախտանիշեր, ինչը ռուսական կողմը տևական ժամանակ փորձում էր անհաջողությամբ հերքել։

«Սակայն գեներալ Կոնեշնիկովի մեկնաբանությունն այն մասին, որ հարված եղել է այն պահուստի ուղղությամբ, որտեղ արտադրվել է քիմիական զենք, ամեն բան իր տեղը գցեց, քանի որ նման քիմիական ամպ չէր կարող առաջանալ պարզապես պայթյունի հետևանքով, այստեղ Կոնեշնիկովը սխալվեց, ինչպես և սխալվեց, երբ հարվածներից հետո հայտարարեց, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Սիրիայում միտված են ռազմաբազաների վերահսկմանը՝ այն դեպքում, երբ հայտարարվում էր, որ ռուս-սիրիական համատեղ ՀՕՊ-ը ծածկում է Սիրիայի ողջ տարածքը, սխալվեց նաև, երբ հայտարարեց, թե «Շայարթ» է հասել 23 հրթիռ, սա էլ ցույց տվեց, որ մեր համակարգերն ունակ չեն եղել ֆիքսել նույնիսկ այս հին հրթիռները։

Այս ամենը պարզապես տապալեց այն պրոպագանդան, որն առաջ էր տանում ռուսական կողմն Ասադի ռեժիմի օգնությամբ։ Փաստորեն, Սիրիայում կային քիմիական նյութեր, և դրանք արձակվել էին հենց «Շայարթ» ավիաբազայից, որն էլ հիանալիորեն թիրախավորեցին ամերիկյան ուժերը»,- մեկնաբանեց Պավել Ֆելգենգաուերը։

Նրա համոզմամբ՝ ռուս-ամերիկյան լարում սիրիական հակամարտության շուրջ չի սպասվում։ Ֆելգենգաուերի կարծիքով՝ Թրամփը կարողացավ ռուս-սիրիական սխալը հաջողությամբ օգտագործել իր քաղաքական իմիջը բարձրացնելու նպատակով, ինչը, դատելով հայտարարություններից՝ շարունակական բնույթ չի կրելու։ Ռուսաստանն իր հերթին, ըստ նրա՝ այդ տապալումից հետո մի որոշ ժամանակ «կլռի»՝ փորձելով դասեր քաղել ստեղծված իրավիճակից:

Այնուամենայնիվ, ռուս ռազմական փորձագետի որակմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործողություններում կա նմանություն, ուստիև կա հիմք համագործակցության համար։

«Ես կարծում եմ, որ առաջիկա հանդիպումների ժամանակ արդյունավետ բանակցություններ կարող են ծավալվել կողմերի միջև, թեև ռուսական կողմը որոշակի ուղերձներ է հղել Պենտագոնին, բայց կարծում եմ, որ դրանք սիմվոլիկ բնույթ են կրում։ Հաշվի առնելով այս տապալումը՝ ռուսական կողմն այլ ելք չունի, քան բանակցել ամերիկյան կողմի հետ՝ չսրելով իրավիճակը»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը։

Անդրադառնալով սիրիական զարգացումների հնարավոր ազդեցությանը հարավկովկասյան խնդիրների և ԼՂ հակամարտության վրա՝ Ֆելգենգաուերն ասաց, որ Թրամփն ապացուցեց, որ պատրաստ է անակնկալ որոշումների։ «Թե դա ինչպես կանդրադառնա այս տարածաշրջանի վրա՝ դժվար է ասել։

Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի կերպ, քանի որ Սիրիան այն օջախն է, որտեղ Թրամփը կարող է ինքնահաստատվել և որոշակի խնդիրներ լուծել, իսկ այս տարածաշրջանը, առավել ևս՝ ԼՂ հակամարտությունը, շատ փոքր խնդիր է, այստեղ ամերիկյան կողմին կառուցողականությունն ավելի ձեռնտու է, քան հակառակ քաղաքականությունը։ Կարծում եմ՝ ոչ մի ազդեցություն չի լինի, հատկապես, եթե հաշվի առնենք այն կանխատեսումը, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում նոր բռնկում չի ակնկալվում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս