Սիրիական ճգնաժամ. «Հայաստանի իրավիճակը դառնալու է ավելի քան խնդրահարույց»

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, հրապարակախոս, Երևանի պետական համալսարանի դասախոս Անուշ Սեդրակյանը

– Տիկին Սեդրակյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի վրա, տարածաշրջանում հակամարտության այս լարումն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

– Մեծ քաղաքականության մեջ հաշվարկները, որպես կանոն, չեն աշխատում։ Ինչքան ռուսները սպասում էին Դոնալդ Թրամփի նախագահությանը և կարծում էին, որ դրանով կհաստատեն իրենց լծակներն Ամերիկայի նման գերտերության վրա, վերջում պարզվեց, որ, երբ 2 դիկտատորներ բախվում են, այդ դիկտատորների պայքարում շահում է այն դիկտատորը, որն ունի առավելագույն ռեսուրսներ, և դա տվյալ դեպքում Թրամփն է։ Կարծում եմ՝ այդ հակամարտությունը կթեժանա։ Այն թեժանալու միտում ունի, քանի որ Ռուսաստանը մտադիր չէ հետ կանգնել Բաշար Ասադի պաշտպանությունից, և նրա բոլոր պատասխանները խուսափողական են, դա ակնհայտ է և՛ Պեսկովի տված հարցազրույցից, և՛ ՌԴ տարբեր ռազմական կառույցների հայտարարություններից, որ Ռուսաստանը մտադիր է հերթական անգամ խաբել ամերիկյան իշխանություններին բանակցային գործընթացով, այսինքն՝ իրենք էլի ուզում են միջնորդ հանդիսանալ Ասադի և ամերիկյան ռազմական միավորների միջև։ Բայց եթե Օբամայի ժամանակ այդ սցենարը մի քանի անգամ աշխատեց և ավարտվեց ժամանակավոր հրադադարով, ապա այս պահին Պուտինի առաջարկը՝ միջնորդել հրադադար սահմանելու մեջ, որևէ արձագանք չի գտել ամերիկյան կողմում։ Հասկանալի է, որ սա ոչ թե սխալմամբ ռմբակոծություն է, ինչպես սկզբում փորձում էին ներկայացնել։ Եթե հիշում եք, ժամանակին տարածաշրջանում կար այդպիսի միտում՝ ռմբակոծում էին, հետո ասում՝ սխալվել են, պատահաբար է եղել, ապա սա բացահայտ հակամարտություն է։ Իսկ բացահայտ հակամարտության մեջ Ռուսաստանը, որ ջլատված է տնտեսապես և քաղաքականապես, հիմա արդեն ունենալու է ռազմական ջլատման մաքսիմալ մակարդակ, և Հայաստանի իրավիճակը դառնալու է ավելի քան խնդրահարույց։ Որովհետև մենք միշտ եղել ենք ռուսական բևեռի մեջ՝ պայմանով, որ այդ ռուսական բևեռը, այնուամենայնիվ, մեզ չի ներքաշել իր արտաքին քաղաքական ավանտյուրաների մեջ։ Այսինքն՝ մենք ընդամենն ունեցել ենք ռազմաբազա, որ անմիջական մոտիկություն ունի սիրիական սահմանին, և գործ ենք ունեցել Սիրիայից արտագաղթող մեր հայրենակիցների հետ։ Ավելին չենք մասնակցել։ Բայց եթե իրավիճակը սրվի և մեր առջև դրվի ավելի մասնակցության խնդիր Ռուսաստանի կողմից, ապա ես չեմ պատկերացնում այն դիմակայության ռեսուրսը, որ Հայաստանի իշխանությունները կարող են ցուցաբերել։

Եվ դա կարող է շատ խնդրահարույց լինել։ Իհարկե, պետք է հուսանք, որ այդ հակամարտությունը ժամ առաջ կավարտվի, բայց համաշխարհային քաղաքականության մեջ հույսերը ոչ ապահով հենարան են։

– Այդ «ավելի մասնակցությունն» ի՞նչ կարող է լինել։

– Ռազմաբազայի օգտագործումը ռուսական ինքնաթիռների համար։ Իսկ դա կարող է ավարտվել նրանով, որ այդ հակամարտությունը նաև ներառի Հայաստանի սահմանները և տարածքը, որովհետև, երբ ռումբերն ընկնում են, դրանք ընկնում են շատ փոքր շառավղով։ Եվ այդ շառավիղը միշտ չէ, որ համընկնում է պետական սահմանին։

– Ադրբեջանը կարո՞ղ է ինչ-որ մասնակցություն ունենալ, կամ օգտվելով այս խառը իրավիճակից՝ ակտիվանալ հայ-ադրբեջանական սահմանին։

– Չեմ կարծում, որովհետև ադրբեջանական կողմը բավականին խելացի է եղել՝ ռուսական ռազմաբազաներ իր հողում չունենալու համար։ Եվ եթե ակտիվանա, ապա կակտիվանա, որ մեզ գցի ջլատող ինչ-որ կոնֆլիկտի մեջ։ Բայց ես կարծում եմ՝ իրենք կնախընտրեն հեռու մնալ այս համաշխարհային հակամարտությունից։ Սահմանին ակտիվանալուց ևս, կարծում եմ, կաշխատեն հեռու մնալ, քանի որ այսպիսի տաք կաթսայի մեջ կարող են լինել շատ պատահականություններ, իսկ ադրբեջանական քաղաքականությունը շատ հաշվարկված  քաղաքականություն է։ Իրենք միջամտում են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանից թույլտվություն են ստանում։

– Իրանի դերակատարումն այստեղ ո՞րն է լինելու։

– Սա ևս մի փաստ է, որ մեր սահմանին կարող է հակամարտությունը թեժանալ։ Թրամփն Իրանը և Սիրիան դրել է մի տարածքի մեջ և համարում է հավասարապես թշնամական ստրուկտուրաներ։ Հարաբերությունների այն ջերմացումը, որ ունեցան Իրանն ու ԱՄՆ-ը Օբամայի օրոք, այժմ զրոյացվել է, և Իրանը դարձյալ ԱՄՆ նոր քաղաքականության պարագծում համարվում է թիվ 1 թշնամին։ Եվ դա մյուս թիվ 1 թշնամին է, որ գտնվում է մեր սահմանին կպած, ընդ որում՝ մեր միակ հումանիտար միջանցքն է, որ քիչ թե շատ չեզոք է։ Մենք սեղմվում ենք հակամարտության օղակի մեջ, և մեր հաջողությունը չեզոքության պահպանումն է։

– Ի՞նչ է պետք անել չեզոքություն պահպանելու համար, և ՀՀ իշխանությանը կհաջողվի՞ դա։

– Ես կարծում եմ, որ նրանք դա անելու ռեսուրս չունեն, բայց կա մի հույս, որ Հայաստանում նոր են սկսվել հետընտրական խմորումները։ Հնարավոր է՝ կարելի կլինի այդ չեզոքության պատասխանատվությունը դնել հետընտրական խմորումների վրա։ Այսինքն՝ ուղղակի ոչ կենտրոնացված իշխանությունը փորձի պայքարել կոնֆլիկտի մեջ ներքաշվելու դեմ։ Խորհրդարանական հանրապետության առկայության պայմաններում դա հնարավոր է՝ ուժերի անհամաձայնություն, բանավեճեր, և այլն։ Բայց որքանո՞վ է ռեալիստական՝ չեմ կարող ասել, ավելի ճիշտ՝ խիստ կասկածում եմ, որ ռեալիստական է։ Մենք ամբողջովին կախված ենք Ռուսաստանի քմահաճույքից՝ կորոշի՞ նա Հայաստանը ներքաշել, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս