«Այս տարի նպատակադրել ենք Հայաստանում ծախսել 40-45 միլիոն եվրո». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության
«Բյուջետային օժանդակությունը շատ լավ գործիք է, որը հաջողությամբ կիրառել ենք Հայաստանում ու բազմաթիվ արդյունքներ ստացել 7 գտարբեր բնագավառներում»,- այս մասին այսօր մի շարք լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով Հայաստանին տրվող ԵՄ բյուջետային աջակցության մանրամասները, ասաց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող Բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողովի շրջանակում։
Աճեմյանը տեղեկացրեց, որ վերջին 10 տարիների ընթացքում ՀՀ-ում բյուջետային օժանդակության համար ծախսվել է 250 միլիոն եվրո, ինչը նշանակում է, որ 1 տարվա կտրվածքով միջինը ստացվում է մոտավորապես 25 միլիոն եվրո բյուջետային օժանդակություն։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ Հայաստանում ԵՄ-ն տարեկան ծախսում է 40-50 միլիոն եվրո, որը նշանակում է, որ դրա մոտավորապես կեսը տարեկան ուղղվում է բյուջետային օժանդակության ծրագրին։
Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է բյուջետային օժանդակության արդյունավետությունը, Աճեմյանը պատասխանեց, որ արդյունավետությունը չափելը դժվար է, քանի որ օժանդակության տարբեր ծրագրեր կան տարբեր նպատակներով։
«Բայց մենք մեծ հաջողության ենք հասել Հայաստանում. կառուցել ենք ավելի քան 15 դատարանների շենք, 19 տարբեր դպրոց, մենք աջակցել ենք հանրային ֆինանսների կառավարման, մարդու իրավունքների, պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումներին։ Օրինակ՝ անցյալ տարի բյուջետային օժանդակության միջոցով ավելի քան 24 հազար ֆերմերների համար դասընթացներ ենք կազմակերպել, այսինքն՝ ավելի լավ մեթաբանության ուղղությամբ ֆերմերների մոտավորապես 60%-ը վերապատրաստվեցին։
Պետական կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, մասնավորապես արտաքին վերահսկողության համակարգերի օժանդակությամբ ենք զբաղվել և հենց վերջերս էլ օժանդակեցինք ընտրական գործընթացի ժամանակ կիրառվող տեխնոլոգիաների ներդրմանը։ Նախորդ տարի ստորագրել ենք և մոտակա տարիներին օժանդակելու ենք պետական կառավարման բարեփոխումներին 20 միլիոն եվրո արժողությամբ ծրագրով, որը հասցեագրված է հատկապես էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործմանը։
Ակնկալում ենք, որ մոտակա տարիներին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կունենա անձը հաստատող էլեկոտրային քարտ։ Երեք տարի հետո առողջապահական ծառայություններին դիմող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա էլեկտրոնային անձը հաստատող քարտի միջոցով ստանալ ավելի լավ բժշկական խորհրդատվություն, օժանդակություն, դեղերի նշանակումներ»,- մանրամասնեց Հոա-Բին Աճեմյանը։
Վերջինիս գնահատմամբ, բյուջետային օժանդակությունը փաստորեն շատ լավ գործիք է, որը հաջողությամբ կիրառել ու բազմաթիվ արդյունքներ են ստացել տարբեր բնագավառներում, ուստի շարունակելու են այն ապագայում ևս գործածել։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցչի փոխանցմամբ, այս տարվա համար մենք նպատակադրել ենք ՀՀ-ում 40-45 միլիոն եվրո մոտավորապես ծախսել, ինչը նշանակում է, որ այս տարի ենթասկառուցվածքային ծրագրերից զատ Հայաստանին շաբաթական տրամադրում ենք 1 միլիոն եվրո։