««Ելքը» ելք չի առաջարկում». Աշոտ Եղիազարյան
«Այն, որ տնտեսության վիճակը վատ է, բոլորն են ընդունում, բայց թե ինչո՞ւ է վատ, բոլորը փորձում են շրջանցել, չասել իրական պատճառը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության ծայրամաս է, իսկ Ռուսաստանի տնտեսությունն այսօր ճգնաժամի մեջ է: Ա. Եղիազարյանի համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ կախված է եղել Ռուսաստանի տնտեսությունից, իսկ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի բոլոր հիմնական ենթակառուցվածքները:
«Ռուսաստանի ազդեցությունը և հսկողությունը մեր տնտեսության վրա այնքան է, որ մեզ արգելափակում են այլընտրանքային գործընկերներ ունենալու հարցում: Այս իրավիճակը կարելի է հաղթահարել՝ միայն դուրս գալով այս տնտեսական տարածքից, այս տնտեսական կախվածությունից, որ մենք ունենք Ռուսաստանից, և մաս կազմելով միայն Արևմտյան տնտեսական քաղաքական տարածքին: Դա է ռեալ այլընտրանքը, որը չեն փորձում առաջարկել քաղաքական ուժերը»,- ասաց Ա. Եղիազարյանը:
Նա նկատեց, որ նախընտրական շրջանում մեկ քաղաքական ուժ է առաջարկել այդ այլընտրանքը՝ ակնարկելով «Ազատ դեմոկրատներին».
«Փաստացի, 25 տարի հետո Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընտրություններում մի կուսակցություն է առաջարկել դուրս գալ ԵԱՏՄ-ից և անդամակցել ԵՄ-ին: Խորհրդարան են անցել չորս ուժ, դրանցից միայն հասարակության մոտ եվրոպամետ ընկալում ունի «Ելքը», բայց ի՞նչ է առաջարկում «Ելքը», նա առաջարկում է ընդամենը Եվրամիության հետ կնքել Ազատ և համապարփակ խորը առևտրի համաձայնագիր, բայց «Ելքը» չի ասում՝ ինչպես, որովհետև դա հակասում է ԵԱՏՄ-ին, դրանք անհամատեղելի են: Եթե դու չես ասում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ, կնքել այդպիսի համաձայնագիր, նշանակում է՝ դու աշխատում ես ժամանակը ձգելու վրա, դու աշխատում ես սպասումների հիման վրա, որ Ռուսաստանը կփլուզվի, ԵԱՏՄ-ն կփլուզվի, և հնարավոր կլինի կնքել նման պայմանագիր:
Դա, կարծում եմ՝ ոչ միայն անհավանական է, դա նաև շատ վտանգավոր է այն իմաստով, որ դա ի վերջո կարող է հանգեցնել այլ իրավիճակի: Կարող ենք հանգել մի վիճակի, որ Հայաստանին կպարտադրվի անընդհատ զիջումներ Արցախի հարցում, դա արդեն նշանակում է պատերազմ: Այսինքն՝ «Ելքը» չի առաջարկում՝ ինչպես դուրս գալ, ելք չի առաջարկում: Ստացվում է՝ միակ հանգուցալուծումը կմնա Հայաստանին պարտադրված պատերազմը»:
Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է Արցախի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա պայմաններում՝ որպես շահագրգիռ, օրակարգ առաջարկող կողմ՝ ես տեսնում եմ Մոսկվային, որը շատ է շահագրգռված: Մոսկվան թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում չունի մեծ ազդեցություն: Նրա ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանում է հիմնականում մնացել: Լավ հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է սևծովյան, կասպյան տարածաշրջանում, ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուժեղացնում են իրենց ազդեցությունը, և վաղ թե ուշ Ռուսաստանին քաղաքական, տնտեսական ռեսուրսները չեն բավարարելու մնալ այս տարածաշրջանում, և Ռուսաստանը, բնականաբար, պետք է փորձի մնալու հետ կապված հարցերը լուծել Հայաստանի միջոցով, որովհետև ամենաշատն իրենից կախված է Հայաստանը, ու այստեղ ամենազգայուն հարցը և ամենակարևոր գործիքն Արցախի խնդիրն է:
Ռուսաստանը պետք է փորձի անընդհատ հսկողության տակ պահել այդ խնդրի կարգավորումը: Իսկ ցանկացած կարգավորում նշանակում է՝ Հայաստանին ստիպել զիջումներ: Քանի որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից դուրս եկավ ինքնիշխանությունն էլ ավելի կորցրած, բնականաբար, փորձ կարվի Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզել ու Հայաստանի առջև ավելի վստահորեն առաջ քաշել պայմաններ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: