Բաժիններ՝

ՄԱԿ-­ի ԱԽ բանաձեւի նախագիծ է ներկայացվել Իդլիբում քիմիական զենքի կիրառման առնչությամբ

ԱՄՆ-­ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ՄԱԿ­-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ են ներկայացրել Սիրիայի Իդլիբ քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՄԱԿ-ին կից ԱՄՆ-­ի մշտական ներկայացուցչությունում:

«Սիրիայի Խան Շեյխունի շրջանում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ ԱՄՆ-­ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ բանաձեւը ապրիլի 4-­ին ներկայացվել է Անվտանգության խորհրդի անդամներին»,­-ասել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ-­ի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի օդուժն Իդլիբի նահանգի Խան Շեյխուն բնակավայրի ծայրամասի շրջանում հարված է հասցրել ահաբեկիչների զինամթերքի պահեստին, որտեղ եղել են քիմիական զենքով զինանոցներ, որը տարվում էր Իրաք:

Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ապրիլի 4­ին հայտարարել Է Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի կիրառմամբ գրոհի 80 զոհերի եւ 200 վիրավորների մասին: Գրոհի պատասխանատվությունն ընդդիմադիրները բարդել են Սիրիայի կառավարական զորքերի վրա:

Միջադեպի հետաքննությամբ արդեն սկսել են զբաղվել ՄԱԿ-­ը եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը, սակայն առայժմ որեւէ եզրակացություն չեն հրապարակել տեղի ունեցածի հնարավոր մեղավորների մասին:

ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա Ռուսաստանին եւ Իրանին հորդորել է ազդել Սիրիայի կառավարության վրա՝ Իդլիբի նահանգում իրականացված գրոհների կրկնություն թույլ չտալու համար:

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես Սիրիայում քիմիական գրոհի պատասխանատվությունը բարդել է Բաշար Ասադի վարչակարգի վրա՝ այն համարելով Օբամայի վարչակազմի սխալ գործողությունների հետեւանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս