«Մենք չենք հանդիպել». Ծառուկյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին

Քիչ առաջ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի անդամների հետ քվեարկեց: Լրագրողների հետ զրույցում Գ. Ծառուկյանը նշեց, որ, եթե իրենք իշխանության չգան, իր ընկերները Հայաստանում ներդրումներ չեն անի, քանի որ այդ դեպքում վստահություն չեն ունենա իշխանությունների նկատմամբ: Գագիկ Ծառուկյանը վստահեցրեց, որ իրենք ընտրակաշառք ոչ մի տեղ չեն բաժանել:

«Դու մի հատ բոլորին հարցրու՝ ժողովուրդ, որևիցե մեկդ ընտրակաշառք ստացած կա՞ք: Աղջիկ ջան, կարող եք գնալ Կոտայքի մարզ ցանկացած տեղ, ով էլ չգնա, ամոթ իրեն, ցանկացած քաղաքացու հարցրեք, մենք եկել ենք ծրագիր իրագործենք: Գնացեք ցանկացած տեղ հարցրեք, եթե մեկդ կասի, ուրեմն բաժանել ենք»,- նշեց Ծառուկյանը՝ հստակեցնելով, որ քարոզիչներին, իրենց աշխատողներին աշխատավարձ տվել են, բայց ընտրակաշառք չեն բաժանել:

Հարցին, եթե դուք 50+1 տոկոս չհավաքեք, պատրա՞ստ եք ընտրությունների արդյունքները բողոքարկել՝ Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Բայց եթե այսօր բոլոր իրավունքները տրված է մեր ժողովրդին, այսօր մեր ժողովուրդը ծանոթ-բարեկամ է խաղում, այսօր պետք է հասկանա՝ ոչ թե անձին տալն է, թաղի լավ տղու խնդիրը, այլ կուսակցության խնդիրն է: Այսօր պետք է կուսակցությանը տաս, որ կուսակցությունը կարողանա օրենք փոխի, համակարգ փոխի, մարդկանց փոխի, որ կարողանանք այս վիճակից դուրս գալ»: Խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ Ծառուկյանն ասաց, որ նման բան չկա. «Մենք չենք հանդիպել»:

Ռուսական լրատվամիջեցներից մեկի հարցին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ընտրությունները կազմակերպված են բարձր մակարդակով:

 

Տեսանյութեր

Լրահոս