«Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն». Լևոն Ալթունյան

Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում էր: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է դեռ 2007 թվականին Համաշխարհային բանկի և կառավարության ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցի լաբորատոր-գործիքային հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին:

Ակնաբուժական կաբինետում Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ աչքեր» ծրագիրը տեղում կազմակերպելու համար:

Կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք կյանքի կոչելու գործում իրենց դերակատարությունն ապահովելու համար մարզային բուժաշխատողները կարիք կունենան բարձրացնելու իրենց մասնագիտական և համակարգչային ունակությունները: Ներկաները ողջունել են էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման, կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի մշակման ծրագրերը, որոնք կնպաստեն բժշկական օգնության որակի բարելավմանը։

Պատասխանելով բուժաշխատողներին հետաքրքրող հարցերին՝ նախարարը պարզաբանել է, որ մինչև մայիսի 1-ը էլեկտրոնային առողջապահական համակարգին զուգահեռ կշարունակի գործել նախկին «Միդաս» ծրագիրը:

Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը:

Անդրադառնալով կենտրոնում տարբեր նեղ մասնագիտական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ բժիշկների առաջարկներին՝ նախարարը պարզաբանել է, որ այժմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ մշակվում է երկրի բնակչության թվաքանակին անհրաժեշտ ծառայությունների, ինչպես նաև դրանց հասանելիության նորմատիվներ:

Այնուհետև, Եղեգնաձոր-Վայք մայրուղու Մալիշկա գյուղի հարևանությամբ գտնվող հատվածում նախարարը մարզպետի հետ ծանոթացել է ներդրումային ծրագրով Մարզային հիվանդանոցի տիպային բժշկական կենտրոնի նախագծին: Համաձայն դրա հիվանդանոցային ծառայությունները կկենտրոնանան երկու քաղաքից հավասարապես հեռու նախատեսվող հիվադանոցում, իսկ ամբուլատոր ծառայությունները կշարունակվեն մատուցվել նախկին կենտրոններում։ Որոշվել է նախատեսվող հիվանդանոցի նախագիծը ներդրողներին ներկայացնելուց առաջ ևս մեկ անգամ մանրամասն քննարկել։

Վայքի բուժական միավորումում ևս շրջայց կատարելուց հետո նախարարը հանդիպել է բուժանձնակազմի հետ՝ ներկայացնելով նախարարության ծրագրերը և պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:
«Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն, բյուջետային սուղ միջոցները արդյունավետ ծախսելուն, ինչպես նաև բուժանձնակազմի արժանապատվությունը բարձր պահելուն».-ասել է նախարար Ալթունյանը:

​Կենտրոնի բուժաշխատողները ողջունել են նախարարության՝ պետական պատվերով մատուցվող բժշկական ծառայությունների գների շուկայականին համապատասխանեցնելու նախաձեռնությունը: Նախարարը շեշտել է, որ այդ քայլն առաջին հերթին միտված է համակարգում ստվերի վերացմանը:

Վայքի բուժական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքում բուժվողները  գոհունակություն են հայտնել ինչպես տեղում իրենց  բուժումն ապահովելու համար կառավարության կողմից ժամանակակից սարքավորումներով բաժանմունք կազմակերպելու, այնպես էլ` բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար։

Նշենք, որ մասնավոր ներդրումներով կենտրոնը կվերազինվի  արդիական սարքավորումներով, որպեսզի տարածքում գործող կազմակերպությունների աշխատակիցներն ու մյուս բնակիչները նեղ մասնագիտական ավելի որակյալ բժշկական օգնություն ստանան։

Բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում Լևոն Ալթունյանն այստեղ ևս ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս