Թուրքական զորքերը անորոշ ժամանակով կմնան Սիրիայում. Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հաղորդմամբ` թուրքական զորքերը կշարունակեն մնալ Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Թուրքական զորքերը կմնան Սիրիայի տարածքում այնքան ժամանակ, մինչև Սիրիայի տեղական ուժերը կարողանան ամբողջ վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքը»,-նշել է Չավուշօղլուն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն մարտի 29-ին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին:
Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում էր «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում էին Սիրիայի քրդերին: «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը գերազանցել է 70-ը: