
Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Դեմիրթաշը դադարեցրել է հացադուլը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով մարտի 31-ին Էդիրնեի բանտում հացադուլ էր սկսել, դադարեցրել է այն: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվական գործակալությունը:
Սելահաթթին Դեմիրթաշի հետ հացադուլ էին հայտարարել նաև HDP պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ, քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ
Թունջելը:
Էդիրնեի F տիպի փակ ռեժիմով բանտի կալանավորները մարտի 25-ին անժամկետ հացադուլ էին հայտարարել, ինչին մարտի 31-ից մասնակից էին դարձել նաև քուրդ պատգամավորները:
Հացադուլը դադարեցվել է, քանի որ բանտի ղեկավարությունը խոստացել է բավարարել բանտարկյալների առաջ քաշած պահանջները:
Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել էր, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա: Նա մասնավորապես հայտնել էր, որ բանտի տնօրինությունը փակ է երկխոսությունների համար, անօրինական գործունեություն է իրականացնում, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում մյուս դատապարտյալների նկատմամբ ու ոչ մի քայլ չի ձեռնարկում մյուս բանտարկյալների սկսած հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: