Բաժիններ՝

«Ուզում եմ բեմադրել ներկայացումներ, որոնք արդիական կլինեն ու կհուզեն հանդիսատեսին»

Բազմաթիվ հաջողությունների հասած ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը Գոգոլի «Քիթը» պատմվածքի հիման վրա բեմադրած ներկայացման համար 2012 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի «Տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում, «Ալիսը հրաշքների աշխարհում» բեմադրության համար նույ ն անվանակարգում մրցանակ է ստացել նաև 2013-ին, «Վհուկը» ներկայացման համար 2016 թվականին կրկին «Արտավազդ»-ի է արժանացել «Տարվա լավագույն ռեժիսոր» անվանակարգում: 2017 թվականի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը» համարվեց «Տարվա լավագույն մանկական ներկայացում»: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ռեժիսորի հետ:

– Աշխատել եք «Ագուլիս» թատրոնում, այնուհետև ընդունվել ԵԿԹՊԻ ռեժիսուրայի բաժին: «Ագուլիս»-ը ազդե՞լ է ձեր ընտրության վրա:

– Թատրոնն ինձ գրավում էր դպրոցական տարիներից, բայց «Ագուլիսը», հատկապես թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը իրենց դերը խաղացին այդ հարցում: «Ագուլիս»-ում ես հնարավորություն ունեցա առնչվել իրական թատրոնի հետ. այնտեղ տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ բեմի մեքենավար եմ աշխատել, տիկնիկներ եմ պատրաստել, սցենարներ գրել, անգամ ինքս եմ խաղացել տիկնիկային և այլ ներկայացումներում: Եկավ ժամանակը, և ես պետք է ընտրություն կատարեի դերասանի ու ռեժիսորի մասնագիտության միջև: Ընտրեցի երկրորդը: Շատ պարտական եմ իմ վա րպետ Գրիգոր Մկրտչյանին: Նշեմ, որ թատրոնում խաղալն ինձ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ դերասաններին և ճիշտ խնդիրներ դնել նրանց առջև:

– Երբ նորեկ էիք թատրոնում, ի՞նչ երազանքներ ունեիք:

– Կարծում եմ՝ ցանկացած ռեժիսոր երազում է հնարավորինս շատ ներկայացումներ բեմադրել, աշխատել լավագույն դերասանների հետ: Ամեն անգամ նոր գործ սկսելիս մեզ թվում է, թե սա կավարտվի, և այլ բան հնարավոր չի լինի ստեղծել, բայց նորից ու նորից գաղափարներ են ծնվում: Ուզում եմ բեմադրել ներկայացումներ, որոնք արդիական կլինեն ու կհուզեն հանդիսատեսին: Երբ կարողանում ես նոր իրականություն ստեղծել, որը հանրությանը գրավում է ու կտրում առօրյա հոգսերից և այլ վայր տեղափոխում, մեծագույն հաճույք ես ապրում:

– Շատ ռեժիսորներ նշում են, որ արդիական լինելու համար պետք է զգալ ժամանակի զարկերակը: Դու՞ք ինչ եք կարծում…

– Գրադովսկին ասել է, որ լավ ռեժիսորը, լավ հանդիսատեսն է: Նա առաջին հերթին թատրոնում պետք է կարողանա ամենագրագետ հանդիսատեսի աչքերով դիտել ներկայացումը: Ժամանակը, իհարկե, կարևոր է, բայց թատրոնը ինչ-որ բաներ սովորեցնելու, քարոզելու վայր չէ: Մենք այստեղ գալիս ենք էմոցիոնալ, հետաքրքիր պատկերներ տեսնելու համար: Եթե կարողանում ես այդ հույզերը փոխանցել, ապա հանդիսատեսի և դերասանների միջև երկխոսությունը ստացվում է: Կարծում եմ, որ այս ոլորտում աշխատող մարդիկ իսկապես երջանիկ են, քանի որ թատրոնում կարողանում են իրականացնել իրենց բոլոր ցանկություններն ու երազանքները: Չկա թեմա, ասպարեզ, երևույթ, որին անհնար լինի անդրադառնալ:

– Տարբեր փառատոների եք մասնակցել, արժանացել մրցանակների: Ձեր պատկերացումները թատրոնի մասին ժամանակի ընթացքում փոփոխություններ կրե՞լ են:

– Աշխատանքային մթնոլորտում ավելի լրջանում ես, ընկալում թատրոնի ողջ խորությունը: Երբ ուսանող էի, կարծում էի, որ քանի դեռ սովորում եմ, կարող եմ սխալվել, իսկ հետո պետք է անթերի լինել: Հիմա հասկանում եմ, որ չպետք է վախենալ սխալվելուց, անգամ ձախողումից: Դու կարող ես ունենալ և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ, քանի որ աշխատում ես, փնտրում, ստեղծում:

– Հիասթափություններ ապրե՞լ եք:

– Բնականաբար, սակայն չեմ ընկճվել ու առաջ եմ շարժվել: Եթե կանգ առնես, հիասթափությունը քեզ կհաղթի:

– Դերասանի մեջ ի՞նչն եք գնահատում, նա ի՞նչ մասնագիտական կամ անձնական որակներ պետք է ունենա, որ կարողանա բեմում լիարժեք իրեն դրսևորել:

– Մենք գործ ունենք մարդկանց հետ, և նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները, իհարկե, դերասանը պետք է լինի պրոֆեսիոնալ, որոշակի փորձ ունենա, չնայած ես վստահել եմ նաև անփորձ դերասանների, ովքեր արդարացրել են իմ հույսերը: Դավիթ Սարգսյանը մինչ «Խոսիր ինձ հետ» ներկայացման մեջ խաղալը հանդես է եկել «Պատրանքներ» բեմադրության մեջ, այնինչ նա մնջախաղի թատրոնի դերասան է: Կարծում եմ՝ Դավիթը հիանալի է կատարում իր դերը. արդյունքում արժանացավ «Արտավազդ» մրցանակի: Պետք է ընդգծեմ, որ մեծ հաճույքով եմ աշխ ատել Տաթև Մելքոնյանի, Լիանա Նիկողոսյանի, Արամ Կարախանյանի և այլ տաղանդավոր դերասանների հետ:

– Ձեր ներկայացումներում բազմաթիվ նոր լուծումներ եք առաջարկում. հանդիսատեսին մասնակից եք դարձնում բեմադրություններին, բեմից դուրս խաղում: Ըստ ձեզ՝ դա գրավո՞ւմ է թատերասերներին:
– Ներկայացում բեմադրելիս ինձ համար առաջին պայմանը հանդիսատեսի հետ երկխոսությունն է: «Վհուկը» բեմադրելիս մտածում էի, թե դպրոցականներն ինչպես կդիտեն այն: Նկատել եմ, որ դասական բեմադրություններ նայելիս նրանց մեծ մասը հաճախ ձանձրանում է, աղմկում: Գտանք նոր մոտեցումներ, ինչի շնորհիվ աշակերտները սիրով դիտեցին ներկայացումը: Կարծում եմ՝ նոր լուծումներն ու մտահաղացումները դուր են գալիս հանդիսատեսին:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի
Լուսանկարը՝ Էդուարդ Սեպետչյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս