7 բժշկական պատճառ՝ ինչու հոգնածությունը չի անցնում
Ձեզ կարող է թվալ, թե խնդիրը քնի պակասն է, հագեցած գրաֆիկը կամ սովորական ալարկոտությունը, բայց հյուծվածության պատճառները կարող են ավելի լուրջ լինել։ Lifer.com.ua կայքը ներկայացրել է 7 բժշկական պատճառ, թե ինչու հոգնածությունը չի անցնում։
1. Անեմիա։ Եթե բժշկին բողոքում եք մշտական հոգնածությունից, նա, ամենայն հավանականությամբ, կստուգի անեմիայի կամ վահանաձև գեղձի խանգարման առկայությունը։ Անեմիայի դեպքում արյունն անհրաժեշտ քանակով թթվածին չի հասցնում օրգանիզմին։ Սրա ամենատարածված պատճառը երկաթի անբավարար քանակն է։ Բացի հոգնածությունից՝ անեմիան հաճախ ուղեկցվում է սովի զգացումով և գլխացավով։
2. Վահանաձև գեղձի խնդիրներ։ Եթե վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիր ունեք, օրինակ՝ հիպոթիրեոզ, հոգնածությունից բացի՝ մաշկի չորություն, հաճախակի փորկապություն, ինչպես նաև էներգիայի բացակայություն կզգաք։ Օրգանիզմում հիպոթիրեոզը զարգանում է, երբ վահանաձև գեղձը բավարար չափով չի արտադրում որոշակի հորմոններ։
3. Նախադիաբետ կամ դիաբետ։ Եթե արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է, արյան շրջանառությունը կարող է խանգարվել, ինչի արդյունքում բջիջներն անհրաժեշտ քանակով սննդարար նյութեր և թթվածին չեն ստանում, և դուք հոգնածություն եք զգում։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակի արդյունքում առաջանում է նաև քրոնիկական բորբոքում, ինչը ևս կարող է հյուծվածություն առաջացնել։
4. Դեպրեսիա։ Եթե մշտապես հոգնածություն եք զգում, առավոտյան չեք ցանկանում վեր կենալ կամ չեք կարողանում քնել, հնարավոր է՝ տառապում եք դեպրեսիայով։ Հարկավոր է ստուգում անցնել՝ հասկանալու համար՝ արդյո՞ք առկա է դեպրեսիվ խանգարում, և որոշելու էմոցիոնալ վիճակը։ Հիշեք նաև, որ դեպրեսիան, ալկոհոլի չարաշահումն ու հոգնածությունը սերտորեն կապված են։ Երբեմն մարդիկ փորձում են դեպրեսիան բուժել ալկոհոլի օգնությամբ, և արդյունքում՝ հոգնածություն են զգում։
5. Խնդիրներ աղիների հետ, կամ որոշակի սնունդը չմարսել։ Եթե սխալ սնունդ եք օգտագործում, աղիների բջջային կառուցվածքը կարող է փոխվել, ինչի արդյունքում սպիտակուցները կարող են հայտնվել արյան մեջ, որտեղ նրանք անելիք չունեն։ Արդյունքում՝ բորբոքային ռեակցիա կառաջանա։ Դա կարող է արտահայտվել այտուցների, հյուծվածության, տրամադրության անկման, գլխացավերի և ավելորդ քաշի տեսքով։
6. Անդրենալինային հոգնածություն։ Սա բժշկական տերմին չէ, և արևմտյան շատ մասնագետներ այն չեն ընդունում։ Խնդիրն այն է, որ չափազանց բարդ է այն վեր հանել լաբորատոր անալիզների օգնությամբ։ Անալիզները հաճախ վկայում են մակերիկամների անբավարարության, էնդոկրին կամ հորմոնալ խանգարումների մասին, ինչը կապված է անբավարար քանակով հորմոնների արտադրության հետ։ Այդ հորմոնալ անհավասարակշռությունը կարող է սթրեսային իրավիճակի, աշխատավայրում մշտական սրթեսի, քիչ քնելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության, սխալ սնվելու, թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահման արդյունք լինել։ Այս ամենը հանգեցնում է սթրեսի հորմոնի գերարտադրության, ինչի արդյունքում հյուծվածություն եք զգում։
7. Վարակի առկայություն։ Գերհոգնածության գանգատների դեպքում բժիշկները հաճախ են ստուգում վարակների առկայությունը, քանի որ որոշ վարակներ ծայրահեղ հոգնածության զգացման պատճառ են դառնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը