«Այն տնտեսական քայլերը, որոնք ՕՐՕ-ն նախաձեռնել է, որևէ վնաս չեն հասցնելու բյուջեին». Արմեն Մարտիրոսյան

«Եթե մի երկրում, որտեղ գրեթե 40-60% ստվեր կա, եթե այն կրճատվում է, բյուջեն  չի կարող տուժել»,- այսօր այս մասին ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների տնտեսական  ծրագրային օրակարգին նվիրված,  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված  միջոցառման ընթացքում ասաց  Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան (ՕՐՕ) կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով դաշինքի տնտեսական  դրույթները։

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենց նախընտրական ծրագիրը լայն է, այնտեղ խոսք կա և՛ փոքր  ու միջին ձեռնարկությունների, և՛ հանքարդյունաբերության, և՛ ծանր  արդյունաբերության, և՛  թեթև արդյունաբերության, և՛  գյուղատնտեսության, և՛ ՏՏ ոլորտի մասին։

Ըստ Մարտիրոսյանի՝  ՕՐՕ-ի ծրագրում փոքր և միջին բիզնեսի զարգացման համար նախատեսվում է հարկային  արձակուրդ  5 տարով՝ մինչև 60 միլիոն շրջանառություն  ունեցող  տնտեսվարողների համար։ Նա նկատեց, որ  ներկայումս փոքր և միջին  բիզնեսը բյուջեի եկամուտների 1,5%-ն  է  ապահովում,  ինչը, ըստ  էության, ոչինչ է։

«Բայց սրա փոխարեն՝ մենք ունենալու ենք  քաղաքացիների մի հսկայական շերտ, ովքեր պետության համար հոգս չեն հանդիսանա, ավելին, կսկսեն  զարգացնել։ Սա կապ է ունենալու  նաև արտագաղթի կասեցման հետ, որովհետև փոքր և միջին ձեռնարկատիրությունը, եթե սկսի զարգանալ, ապա արտագաղթի տեմպերը, բնականաբար,  կընկնեն։ Երկրորդ խնդիրն արդյունաբերության շրջանակում է։ Մենք երկար ժամանակ ունեցել ենք կադրային բազա թեթև  արդյունաբերություն զարգացնելու համար, և  հիմա էլ, բարեբախտաբար, կան որոշ ձեռնարկություններ, որոնք արտասահմանի հետ աշխատում են, և մենք պետք է  ամենալայն հնարավորություններն ընձեռենք, որպեսզի թեթև արդյունաբերությունը զարգանա, եթե կլինեն  դրանք փոքր արտադրամասերի տեսքով, դա ևս պետք է հնարավորություն ընձեռվի։

Գոյություն ունի մեզ մոտ հանքարդյունաբերություն, բայց դա  հանքաքարի վերամշակումից այն կողմ  չի անցնում, ինչը խիստ բացասական ենք դիտարկում։ Կողմ ենք, որպեսզի ամբողջական ցիկլ լինի վերջնական արտադրանքի թողարկումով։ Կարևորում ենք նաև պլաստերների  առաջացումը, և այդ ամբողջական ցիկլի  պարագայում բազմաթիվ աշխատեղեր  կստեղծվեն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինիս խոսքով՝ գյուղատնտեսության հետ կապված  տարբերակված մոտեցումներ կան։

Միջոցառման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե՝ ծրագրի իրականացման տարեկան բյուջետային ծախսը  որքա՞ն է կազմելու, կա՞ արդյոք  հաշվարկ, որպեսզի հասկանալի լինի նաև, թե որքանով է այդ ծրագիրն իրատեսական, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ  ծախսերի հաշվարկ չկա, որովհետև հնարավոր չէ  այդ ամենն ամբողջովին հաշվարկել։ Բայց, ըստ նրա՝ ցանկացած պարագայում կարելի է  հստակ  ասել, որ այն քայլերը, որոնք իրենք նախատեսել են,  որևէ կերպ վնաս չեն տալու բյուջեին, այլ միայն ավելացնելու են այն։

«Ակնհայտ է, որ, եթե մի երկրում, որտեղ գրեթե, տարբեր հաշվարկների համաձայն, 40-60% ստվեր կա, եթե այն կրճատվում է, բյուջեն  չի կարող տուժել, եթե չավելանա։ Իրականում  ավելանալու է։  Եթե դու ներդրումներ ես կարողանում բերել երկիր, դրա արդյունքում  բյուջեն չի կարող նվազել, այլ միայն կավելանա։ Մեծ տարբերություն  կա՝ 1 միլիարդ դոլարի՞ ներդրում կարող ես բերել, թե՞  մեկուկես, թե՞ երկու, թե՞ քսան միլիոն  դոլար»,- ասաց Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս