Հասարակության 50 %-ից ավելին ծանր հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունի․ Արմեն Խաչիկյան
Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում պատերազմը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ մարդկանց հոգեբանական և հասարակական ընկալումների վրա․ ABC Media-ի տաղավարում ասել է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի դաժան հետևանքները դեռ երկար են շարունակելու ազդել մարդկանց հոգեբանական վիճակի վրա և խանգարել ամբողջական վերականգնմանը։
«Մարդիկ մինչ այսօր ապրում են պատերազմի հիշողություններով, և դրա դաժան հետևանքները շարունակում են խոր հետք թողնել նրանց հոգեբանական վիճակի վրա։ Մենք Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի հետ համատեղ հետազոտություն ենք արել, որին մասնակցել է ավելի քան 5000 մարդ։ Հոգեբանական թեստավորման արդյունքներով՝ նրանցից 50.5 %-ը ունի ծանր մակարդակի հետտրավմատիկ սթրեսային խանգարում»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Արմեն Խաչիկյանը։
Արմեն Խաչիկյանի խոսքով՝ սա մտահոգիչ ցուցանիշ է, որը փաստում է, որ հասարակության գրեթե կեսը դեռ ապրում է պատերազմական տրավմայի հետևանքներով։
«Մենք դեռ շատ անելիքներ ունենք հոգեբանական վերականգնման և բարելավման ուղղությամբ։ Ցավոք սրտի, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է պետական քաղաքականություն, ոչ թե խնդիրները արագ փակելու և նոր օրակարգ բերելու փորձեր»,- ասաց Արմեն Խաչիկյանը։
Նրա խոսքով՝ հետազոտության տվյալները ցույց են տալիս նաև, որ մոտ 46 %-ը տառապում է միջին և ծանր մակարդակի դեպրեսիայով։ Դեպրեսիան և հետտրավմատիկ սթրեսը ոչ միայն ազդում են տվյալ անձի վրա, այլև ամբողջ հասարակական միջավայրի։ Այդ վիճակը դառնում է վարակիչ, փոխանցվում է ընտանիքներին, աշխատանքային հարաբերություններին, սոցիալական կապերին։ Դեպրեսիվ և տրավմատիկ վիճակները շարունակում են մնալ շատ ակտուալ։ Պատերազմից հետո ոչ միայն չեն հաղթահարել այս խնդիրները, այլ դրանք ավելի խորացել են և դարձել ավելի բարդ՝ հաղթահարման առումով։
«Այս տրավմաները տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ դեռ զգացվելու են մեր հասարակության մեջ»,- նշեց Խաչիկյանը։
Վերջինիս խոսքով՝ 44-օրյա պատերազմի և 2023 թվականի Արցախի էթնիկ զտման հետևանքները դեռ երկար ժամանակ տեսանելի ու զգալի են լինելու։ Տասնամյակներ շարունակ մարդիկ դեռ ապրելու են այդ ցավի, այդ կորուստների հետ։
«Մենք Արցախի տեղահանությունից արդեն մեկ ամիս անց անցկացրել ենք նոր ուսումնասիրություն՝ հասկանալու, թե ինչ է մտածում հասարակությունը Արցախի կորուստի մասին։ Հարցումը անցկացվել է ամբողջ Հայաստանի տարածքում, և արդյունքները ցույց են տալիս բավական հետաքրքիր պատկեր։ Մասնակիցների 77.2 %-ը տոկոսը նշել է, որ անհրաժեշտ է հետ բերել կորցրած Արցախը, 14.7 %-ը տոկոսը համարել է, որ Արցախի կորուստը անդառնալի է, իսկ մոտ 8 %-ը տոկոսը չի կողմնորոշվել»,- մանրամասնեց զրուցակիցը։
Խաչիկյանը նշեց, որ հասարակության մեջ դեռ պահպանվում է վստահություն, որ Արցախը մի օր կվերադառնա։

