«Զանգեզուրի միջանցքի» բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին․ Ալիև
Ուզբեկստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական ոլորտներից մեկը բազմազան տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ուզբեկստանի ազգային լրատվական գործակալությանը (UzA) տված հարցազրույցում։
«Այս ոլորտում մեր երկրների մասնակցությունը «Միջին միջանցք» միջազգային տրանսպորտային երթուղուն հատկապես նշանակալից է, քանի որ Ադրբեջանը կարևոր տարանցիկ երկիր է Ուզբեկստանի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Վերջին տարիներին «Միջին միջանցքով» արտահանման հնարավորությունների և բեռնափոխադրումների աճը ձեռք է բերել առանձնահատուկ ռազմավարական նշանակություն»,- նշել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին:
«Ուզբեկստանն առաջին երկիրն էր, իսկ նախագահ Միրզիյոևը՝ առաջին համաշխարհային առաջնորդը, ով նախաձեռնություն ցուցաբերեց օգնելու Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման գործում։ Մենք միշտ կհիշենք սա և կընկալենք որպես մեր երկրների և ժողովուրդների միջև համերաշխության, բարեկամության և եղբայրության քայլ»,- նշել է Ալիևը:

