
Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ջողասի ջրամբարի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է

Ջողասի ջրամբարի տեխնիկական եւ ինժեներական լուծումները թույլ են տալիս շահագործել այն, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, երկու կողմերի վերահսկողության տակ, դրա շահագործումը ժամանակավորապես դադարեցված է:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությանհաղորդմամբ՝ ջրամբարը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում՝ Ջողասի (Ոսկեպարի ստորին հոսանքը) միջին հոսանքում՝ մոտ 650 մ բարձրության վրա։ Այն կառուցվել է խորհրդային տարիներին եւ շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Մակերեսը 2, 14 կմ² է, առավելագույն խորությունը՝ 60 մ, ջրատարողությունը՝ 45 միլիոն մ³, օգտակարը՝ 43 միլիոն մ³։ Խորհրդային տարիներին ջրամբարի ջուրը համանուն ջրհան կայանով մղվում էր Նոյեմբերյանի ու Իջեւանի մայր ջրանցքներ։ Ոռոգվում էր մոտ 10 000 հա հողատարածք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում։
«Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե ադրբեջանական կողմը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարի ներսում եւ օգտվում է ջրից, ապա հարկ է նշել, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ջրամբարի ներսում պոմպ չկա: Իսկ Ադրբեջանի վարչական տարածքում ջրամբարից դուրս եկող ջրով ձեւավորված գետի հոսքի վրա պոմպի տեղակայված լինելու կամ շահագործման վերաբերյալ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկատվություն չունի»,-ասված է հաղորդագրության մեջ: