Առաջին տիկնոջ խորհուրդը սկսնակ լրագրողին
Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի խորհուրդն է սկսնակ լրագրողին, ով պրակտիկան սկսելիս անգամ չէր
պատկերացնում, որ առաջին զրույցը կունենա Առաջին տիկնոջ հետ ու կստանա խորհուրդ, որն իրեն կուղեկցի աշխատանքային ողջ գործունեության ընթացքում:
«Արմենպրես»-ում իր պրակտիկան սկսած Մարիամ Ավանեսյանի և Առաջին տիկնոջ հանդիպումը Նկարիչների միությունում էր, որտեղ փետրվարի 20-ին բացվել էր հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, նկարիչ և լուսանկարիչ Ստաս Նամինի
(Անաստաս Ալեքսեյի Միկոյանի) աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրվել էին Նամինի գեղանկարչական և գրաֆիկական 79 աշխատանքներ:
««Արմենպրես» լրատվական գործակալությունում իմ ուսումնական պրակտիկայի առաջին օրը խմբագրի կողմից հանձնարարվեց մշակութային լրագրողի հետ ներկա գտնվել ցուցահանդեսին և փորձել լուր պատրաստել: Նամինի ցուցահանդեսը լուսաբանելը պատասխանատու և պարտավորեցնող էր: Որոշեցի հարցազրույցս միայնակ անել՝ առանց ավագ գործընկերոջս: Ցուցասրահում շրջելիս նկատեցի ինչ համակ ուշադրությամբ էր նայում նկարներին ՀՀ առաջին տիկինը:
Ապագա լրագրողս վստահ, բայց մի քիչ էլ հուզված մոտեցավ տիկին Ռիտա Սարգսյանին. «Ես առաջին կուրսի ուսանող եմ, սա իմ առաջին նյութն է, կուզենայի, որ իմ առաջին հարցազրույցը լիներ ձեզ հետ»:
ՀՀ առաջին տիկինը ցուցահանդեսը դիտելուց հետո սիրով խատասխանեց իմ հարցերին, որն ավելի շատ նմանվեց մտերմիկ զրույցի:
-Տիկի՛ն Սարգսյան, Ձեզ ավելի շատ ո՞ր նկարն է դուր եկել, ավելի տպավորել:
-Ինձ ամենաշատը տպավորել է այն նկարը, որտեղ ներկայացված է ոչ միայն Արարատ լեռը, այլ մի ամբողջ ժամանակագրություն. այնտեղ նաև 1915 թվականի պատմությունն է:
-Ի՞նչ գույներ են նկարներում գերակշռում ձեզ համար:
-Ավելի վառ: Ինձ շատ է դուր գալիս նրա սերը մայրիկի հանդեպ: Նամինը բազմակողմանի զարգացած արտիստ է: Լավ հայ, ով չմերժեց ՀՀ նկարիչների միության առաջարկը հայրենիքում ցուցահանդես բացելու: Մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել ենք երեք հանդիպում, հուսով ենք, որ կկրի շարունակական բնույթ:
-Եվ վերջում, որպես խորհուրդ, Առաջին տիկինն ինձ ասաց.
-Երբ լրագրող դառնաս, աշխատիր այնպես անել, որ քո հարցազրույցների ժամանակ հնչեցրած հարցերից և որևէ մեկով չվիրավորես դիմացինիդ:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես մեծ սիրով պատասխանեց իմ՝ սկսնակ լրագրողիս հարցերին.
-Ի՞նչ գույներ եք տեսնում հեղինակի նկարներում՝ հայրենասիրական,թե կարոտի:
Ազատության գույներ, ազատ մտածողության, հենց այն գույներն ու շնչառությունը, որ Նամինը դեռևս խորհրդային տարիներից կարողացել է փոխանցել մեզ: Իհարկե, այն ժամանակ մենք հնարավորություն ունեինք վայելելու նրա երաժշտարվեստը, բայց այսօր այդ նույն գույները մենք տեսնում ենք նրա նկարների միջոցով, ինչը շատ ուրախալի է: Եվ, ընդհանրապես շատ ուրախալի է, որ մենք կարողացանք մեր հայրենակցի
արվեստի լայնածավալ մտածողության շաբաթն անցկացնել Հայաստանում: Դեկտեմբերին դիտեցինք նրա ֆիլմերը, նա կարողացավ վարպետության դասեր անցկացնել մեր արվեստի բուհերում,և ահա այսօր՝ ձմեռային ցուրտ օրը լցրեց ջերմությամբ այս զարմանահրաշ
ցուցադրությունը:
-Իսկ որպես Մշակույթի նախարար ունե՞ք սիրելի արտասահմանյան նկարիչ, որ կցանկանայիք Հայաստանում ունենա իր ցուցահանդեսը:
Իմ կարծիքով՝ հայաստանյան նկարիչները բավարար ներկայացված չեն հայ հանդիսատեսին: Իհարկե, արտերկրում կան շատ գեղանկարիչներ, որ կցանկանայի Հայաստանում ունենային իրենց ցուցահանդեսները, բայց մենք պետք է նախ մեր արվեստի ներկայացուցիչներին գնահատենք, որոնք, թույլ տվեք անհամեստություն անել և նկատել, ոչնչով չեն զիջում արտերկրի գեղանկարիչներին:
Նախ պետք է մեր արվեստին հաղորդակից լինենք և կարողանանք մեր արվեստը աշխարհին ներկայացնել:
Հ.Գ. Սա «Արմենպրես»ում իմ փորձաշրջանի առաջին նյութն էր՝ մի քիչ հուզված, շփոթված իմ առաջին քայլերը, և ինչպես ավագ գործընկերներս են ասում՝ «Արմենպրես»ն իսկական դարբնոց է, և գուցե այդ դարբնոցում հետագայում ես էլ կարողանամ կայանալ՝ որպես իսկական լրագրող:
ԵՊԼՀ, ԹՄՀՖ Լրագրության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ավանեսյան»: