«Ուզում եմ՝ հայկական մաքուր երաժշտությունը կարողանան տարբերել արևելյան ելևէջներով հագեցած նմանակումներից»
Երիտասարդ և խոստումնալից հեղինակ կատարող Վիգեն Հովսեփյանը երազում է աշխարհին ներկայացնել հայկական ժողովրդական երգերը:
Մարտի 3-ին օնլայն վաճառքում կլինի երգչի առաջին ձայնասկավառակը՝«Արձագանքներ» («Echoes») խորագրով, որն ընդգրկում է տասներկու հայկական ժողովրդական երգ: Այդ կապակցությամբ «Արմենպրես»ի թղթակիցը զրուցեց երգչի հետ:
-Վիգեն, ձեր մեջ ե՞րբ ծնվեց երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը:
-Միշտ սիրել եմ այն. տանը դաշնամուր ունեինք, և ես հաճախ էի նվագում, ինչպես կարող էի: 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա՝ Բարսելոն: Այդ ժամանակահատվածում չէի մտածում երաժշտությամբ զբաղվելու մասին, սակայն 18 տարեկան էի, երբ ընկերոջս հետ խանութում շրջելիս տեսա դարբուկա հարվածային գործիքը: Վերցրեցի այն և փորձեցի նվագել: Սիրեցի այդ գործիքը, սովորեցի նվագել և
ժամանակի ընթացքում այն փոխարինեցի այլ հարվածային գործիքներով՝ դհոլ, կախոն…
-Իսկ հետո… Ինչու՞ կիթառ:
-Բարսելոնում մեր ընտանիքով հաճախ էինք քեռուս տանը խնջույքների մասնակցում: Հավաքույթներին քեռակինս կիթառ էր նվագում և ինքնամոռաց երգում: Կիթառի մեղեդիներն ինձ գրավում էին, հրապուրում: Նրան խնդրեցի մեկ շաբաթով գործիքն ինձ տրամադրել: Նվագս ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի նաև երգել, և պարզվեց, որ ստացվում է:
-Այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էիք լսում: Որևէ կատարող ազդեցություն թողե՞լ է ձեր երգարվեստի վրա:
-Բազմաժանր գործեր էի լսում, բայց առանձնահատուկ էին Դավիդ Բիսբալի երգերը: Երբ ես սկսեցի երգել, նա իր առաջին քայլերն էր անում երգարվեստում:
-Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Հեղինակային երգերս շատ չեն, քանի որ բավականին դժվար եմ գրում և ինձ երգահան չեմ համարում: Կարող եմ մի քանի տող գրել և շարունակել հաջորդ օրը միայն: Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս: Ամեն իրավիճակ պատկերացնում եմ, և այդ հույզը, ապրումը դառնում է երգ: Բառերը ծնվում են երաժշտության հետ: Կարծում եմ, որ բառերը երաժշտությունն էլ ավելի են գեղեցկացնում, լրացնում մեկը մյուսին, և հնարավոր է դառնում լիարժեք փոխանցել զգայական ներաշխարհի ելևէջները: Ինձ համար առանձնահատուկ է «Քեզ սիրել անսահման», (Amarte sin medida) երգը, որը նվիրել եմ ընկերուհուս, ով այժմ կինս է:
-Ինչու՞ որոշեցիք ձեր երաժշտական գործունեությունը շարունակել Հայաստանում:
-Բարսելոնում երգում էի «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Կատարում էինք տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Երգել եմ «Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենում Կրեմլում: Արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Դա իմ առաջին մեծ բեմն էր, և ելույթի դուրս գալիս ոտքերս
դողում էին: Մասնակցում էին հայտնի և հզոր խմբեր տարբեր երկրներից, բայց մեզ էլ գնահատեցին:
Երբ եկա Հայաստան, ծանոթացա երաժիշտներ Աշոտ Ոսկանյանի, Դավիթ Պողոսյանի հետ, ովքեր դարձան իմ մտերիմները: Սկսեցինք նվագել տարբեր ակումբներում՝ կատարելով և՛ իմ՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: Հետագայում ծանոթացա նաև Սոֆի Մխեյանի հետ: Նա առաջարկեց միասին կատարել «Մի քիչ» երգը: Երգը ներկայացրել ենք տարբեր երկրներում, նկարահանվել է տեսահոլովակ, կարծես թե այն սիրվել է: Ներկայումս Սոֆին իմ պրոդյուսերն է: Բազմաթիվ ծրագրեր ենք ցանկանում իրականացնել՝ նոր տեսահոլովակներ, երգեր, համերգներ…
-Հայ հանդիսատեսն ինչպե՞ս սկզբում ընդունեց ձեզ: Ձեր առաջ դռները հե՞շտ բացվեցին:
-Ի զարմանս ինձ սիրվեցին և՛ իսպաներեն, և՛ հայերեն երգերս: Երբ նոր էի եկել, մտավախություն ունեի, թե հայերեն երգերս գուցե չընդունվեն: Դիտել էի Հայաստանում անցկացվող տարբեր մրցույթներ, և տպավորություն ունեի, թե հայալեզու երգերն այնքան էլ չեն սիրվում, բայց սխալվում էի:
-Մարտի 3-ին համացանցի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ձեր անդրանիկ ձայնասկավառակը, որում զետեղված են ժողովրդական երգեր: Ինչու՞ հենց ժողովրդական:
-Հայկական ժողովրդականի մեջ մե՛ր, ի՛մ արմատներն են: Կարծում եմ, պետք է լսելի դարձնենք մեր վաղեմի երգերը: Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ այդ գործում: Ծանոթացա «Pomegranate music»ի հիմնադիրտնօրեն Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ ձայնագրեցինք սկավառակը: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015
թվականից: Այն կոչվում է «Արձագանքներ», որում զետեղել ենք 12 ժողովրդական երգեր:
Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք համեմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի, ուդահար Արա
Դինքջյանի հետ, ով նույնպես հեղինակություն է վայելում արտերկրում: Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ:
Ցանկանում եմ ընդգծել, որ երաժիշտները չեն կաշկանդվել, նրանց կաղապարների մեջ չենք դրել, բոլորն ազատ են և տարբեր գաղափարներ են առաջարկել: Նվագել ենք մի քանի տարբերակ` ընտրելով լավագույնը: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում:
-Ի՞նչ երազանքներ ունեք ստեղծագործական կյանքում:
-Շատ են երազանքներս: Ուզում եմ հայ ժողովրդական երգերը տարածել, ներկայացնել աշխարհին և անելու եմ ամեն հնարավորը նպատակս իրագործելու համար: Ուզում եմ, որ հայկական մաքուր երաժշտությունը կարողանան տարբերել արևելյան ելևէջներով հագեցած
նմանակումներից: Ժողովրդական երգերը ծնվում են ժողովրդի սրտից, և պետք է պահել դրանք, մասսայականացնել և չվախենալ փորձարկումներից` օգտագործելով տարբեր գործիքներ, որոնք երգն ավելի հարուստ ու գեղեցիկ կդարձնեն:
Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի
Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի