Եթե հարցը լուծված չլինի, այսօր էլ միանալու եմ ցուցարարներին. Հրանտ Թոխատյան. aysor.am
Ազատություն «հաց բերողին». սա է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների պահանջը, ովքեր միտված են գոնե այս կերպ հասնել նրան, որ «հաց բերող» Արթուր սարգսյանին ազատություն շնորհեն: Aysor.am-ը տեղեկացավ, որ երիտասարդների պահանջին է միացել նաև ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:
«Մարտի 1-ի երեկոյան դուրս գալով «Մեա կուլպա 2» ներկայացումից՝ նկատեցի, որ այդ ցուրտ գիշերով շատ երեխաներ, երիտասարդներ լավ ու բարի ցանկությամբ հավաքվել էին՝ չխնայելով իրենց ժամանակն ու վտանգի տակ դնելով սեփական առողջությունը: Սա նույնիսկ կարելի է ինքնազոհություն համարել: Նրանց միավորում է ուրիշ մարդու, ընդ որում՝ լավ գործ արած մարդու առողջության համար պայքարը: Ես դա շատ եմ կարևորում: Որքանով կարող էի իմ տարիքում լինել իրենց աջակից, փորձեցի», – կայքի հետ զրույցում նշել է դերասանը:
Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել: «Առաջին օրը մինչև 3: 30-ի կողմերը մնացինք երեխաների մոտ, հաջորդ օրը՝ 1:00-ի կողմերը գնացինք տուն: Ուղղակի, ներկայացումից հետո շատ հոգնած էի, ֆիզիկապես չէի կարող ավելի երկար մնալ»,- խոստովանեց նա:
Նկատառմանը, որ դերասանը երիտասարդներին աջակցում է ոչ միայն հոգեպես, այլ նաև նյութապես՝ իր հետ տանելով տաք ծածկոցներ, պատասխանեց.
«Չեմ կարծում, որ այդ մասին պետք է խոսել: Տարել եմ այն, ինչն, ըստ իս, երեխաներին կարող էր պետք գալ: Յուրաքանչյուր նախաձեռնություն, որին մասնակցում են երիտասարդներն, իրենց անկեղծ ձայնը բարձրացնելով, կարևորում եմ: Մինչ այսօր չի եղել երիտասարդների կողմից սկսված այնպիսի նախաձեռնություն, որոնց հետ ես համաձայն չեմ եղել: Երեկ իրենց եմ ասել, հիմա էլ կկրկնեմ՝ մենք ու մեզանից մի քիչ փոքր սերունդը շատ բան ունի սովորելու այսօրվա գիտակից, իրենց ձայնը համարձակ բարձրացնող ու այդ ձայնին տեր կանգնող երիտասարդներից»:
Հրանտ Թոխատյանն ընդգծեց՝ եթե հարցը լուծված չլինի, այսօր էլ միանալու է ցուցարարներին: Կլինի այնտեղ այնքան, որքան պետք է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։