«Կարծում եմ՝ տարաձայնությունները մինչև վերջ չեն վերանա երկու շաբաթվա ընթացքում». ներկայացվեց դատական օրենսգրքի նախագիծը
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքի նախագիծը։
«Առաջին իսկ օրերից, երբ նշանակվել եմ արդարադատության նախարարի պաշտոնում, բնականաբար, դատական համակարգի հետ կապված ինչ դժգոհություն էլ առկա է եղել մեր քաղաքացիների մոտ, ուղղված են եղել արդարադատության նախարարին։ Միշտ էլ առիթ եմ ունեցել տարբեր ձևաչափերում կրկնելու, որ արդարադատության նախարարը շատ սահմանափակ լիազորություններ ունի՝ ընդհանրապես դատական իշխանության վրա որևէ ազդեցության տեսանկյունից, և դա համարում եմ ճիշտ։ Դա համարում եմ մեր ձեռքբերումներից մեկն այս տարիների ընթացքում՝ որպես արտաքին ազդեցության լծակ։ Բայց միևնույն ժամանակ՝ սահմանափակ լծակներից մեկն օրենսդրական նախաձեռնությունների ճանապարհով առկա խնդիրներին լուծումներ տալն է, որոնք թույլ կտան ինստիտուցիոնալ առումով բարեփոխել համակարգը»,- ասաց արդարադատության նախարարը։
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ դատավորների անկախությանը վերաբերող կարգավորումներին։ «ՀՀ նոր Սահմանադրությունն ինքը դրեց անկախության հիմքերը։ Դրանցից առաջինը Բարձրագույն դատական խորհրդի ձևավորումն էր, ձևավորման կարգը, լիազորությունները, անդամները։ Բարձրագույն դատական խորհուրդ, որում, ի տարբերություն այսօր գործող Արդարադատության խորհրդի, դատավորները մեծամասնություն չեն կազմում։ Այնտեղ հավասար քանակով ներկայացված են թվով 5 դատավորներ և ոչ դատավոր անդամներ։
Ընդ որում, նրանք ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝ ձայների 3/5 մեծամասնությամբ։ Այս առումով դատական օրենսգիրքը գնացել է Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի լիազորությունների հստակ սահմանմամբ։ Մասնավորապես նշվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է քննարկել ցանկացած հարց, որը վերաբերում է դատավորի անկախությանը և նրա անկախությունը վտանգող որևէ խնդրի կամ հարցադրման, և այդ առումով՝ առաջարկություն ներկայացնել ցանկացած պետական մարմնի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ «որևէ մեկի համար, թերևս, այսօր գաղտնիք չէ, որ դատարանների նախագահներն ունեն որոշակի ազդեցություն դատավորների վրա», և դա պայմանավորված է նրանց վերապահված լիազորություններով. այդ առումով, ըստ նրա՝ մի քանի քայլ է կատարվել։
Վճռաբեկ դատարանի նախագահն այլևս իրավունք չունի կարգապահական վարույթ հարուցել վճռաբեկ դատարանի պալատի դատավորի նկատմամբ։ Դատարանների նախագահները չեն կարող ընտրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։ Դատարանների նախագահները չեն կարող ընտրվել դատավորների ընդհանուր հանձնաժողովների, դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ նախատեսվել է, որ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել այն դատավորները, որոնք քանակական և որակական ցուցանիշների, օբյեկտիվ գնահատման հիման վրա ստացել են բարձր գնահատական։ «Առաջ անցնելով՝ ասեմ, որ մի քանի օր հետո միջազգային գործընկերների հետ կստորագրենք համապատասխան համաձայնագիրը (այն, ինչի մասին խոսում եմ, նախատեսված է նաև կառավարության ծրագրով)։ Խոսքը վերաբերում է էլեկտրոնային, ավտոմատ գնահատման համակարգի ներդրմանը, երբ որևէ միջամտություն չի լինելու քանակական ու որակական ցուցանիշների գնահատման առումով, երբ ամբողջն ավտոմատացված է լինելու, և այդ գնահատման հիման վրա են դատավորներն ընդգրկվելու համապատասխան ցուցակներում»,- ասաց Ափինե Հովհաննիսյանը։
Անդրադառնալով գործերի քննության ժամկետներին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ մինչդատական վարույթների գործերը, որոնք առնչվում են անձի ազատության, անձնական կյանքի անձեռնմխելիության, բնակարանի անձեռնմխելիության իրավունքներին, քննվում են ոչ միայն՝ քրեական, այլև՝ քաղաքացիական գործեր քննող դատավորների կողմից, ինչը սկզբունքորեն անընդունելի է. կան թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, առավելապես՝ օբյեկտիվ, քանի որ դատավորների քանակը բավարար չէ։ «Մենք նախատեսում ենք մինչդատական վարույթների գործերով մասնագիտացված դատավորների առկայություն, որոնք կքննեն այդպիսի գործերը, և սա կհանգեցնի դատավորների որոշակի բեռնաթափման»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Նախարարը խոսեց այլ կարգավորումների մասին ևս՝ նշելով, որ բնական է՝ այս նախագծի վերաբերյալ չեն կարող տարբեր կարծիքներ չլինել. «Դա է պատճառը, որ մենք որոշել եք, և արդեն պայմանավորվածություն կա, որ այս նախագիծն ուղարկվելու է Վենետիկի հանձնաժողով՝ միջազգային փորձաքննության, որը մեզ կտա օբյեկտիվ պատկեր, օբյեկտիվ եզրակացություն՝ որքանով են մեր կարգավորումները համապատասխանում ընդունված միջազգային չափանիշերին։ Դրանից հետո միայն կլինի այս նախագծի ամփոփում և քննարկում Ազգային ժողովում, այսինքն՝ նախագիծը դեռևս պետք է քննարկումների փուլ անցնի»։
Առաջարկ հնչեց՝ մինչև Վենետիկի հանձնաժողով ուղարկելը փորձել երկու շաբաթվա ընթացքում ի մի բերել առաջարկությունները և կարծիքները։ «Կարծում եմ՝ տարաձայնությունները մինչև վերջ չեն վերանա երկու շաբաթվա ընթացքում, բայց… երկու շաբա՞թ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։