«Վերին Լարսի» ի՞նչ այլընտրանքի մասին են պայմանավորվել Հայաստանի և Վրաստանի վարչապետները
Վրացական «Ռեզոնանսի» պարբերական անդրադարձել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Վրաստան կատարած այցի արդյունքներով արված հայտարարությանը, որում ասվել էր, որ «Վերին Լարս» անցակետին այլընտրանք լինելու է։
«Վստահեցնում եմ ձեզ՝ լինելու է»,- ասել էր Կարեն Կարապետյանը՝ ակտիվացնելով Աբխազիայի երկաթուղային ճանապարհի բացման մասին խոսակցությունները։
Պարբերականը գրում է, որ չնայած նրան, որ Հայաստանի վարչապետը չի բացել փակագծերը, թե ինչ այլընտրանքի մասին է խոսքը, դրանից հետո հայկական և ռուսական ԶԼՄ-ներն ակտիվորեն գրում են այն մասին, որ բանակցություններ են ընթանում հենց Ռուսաստան-Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին։
Դրանից հետո վրացական ընդդիմությունը մեղադրել էր երկրի իշխանություններին դավաճանության մեջ, իշխանություններն էլ իրենց հերթին հայտարարում են, թե ընդդիմությունը պարզապես սպեկուլյացիաներ է անում հարցի շուրջ։
«Ներկայումս ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Վրաստանի շահերը դավաճանելու մեջ ու պահանջում է Հայաստանի հետ բանակցությունների մասին տեղեկացնել հասարակությանը։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախկին խորհրդական Գիա Խուխաշվիլին ասում է, որ Լարսին այլընտրանք կարող է լինել ծովային ուղղությունը, օրինակ՝ Փոթիում նոր տերմինալի շինարարությունը, իսկ ցամաքային այլընտրանք՝ Աբխազիայով անցնող ճանապարհը։
Խուխաշվիլին, սակայն, կարծում է, որ այդ թեման հեռու է իրական լուծումից։
«Երկաթուղային ճանապարհը շատ կարևոր է Հայաստանի համար, այդ պատճառով նրանք բոլոր հանդիպումների ժամանակ փորձում են նախաձեռնել ինչ-որ բանակցություններ։ Սակայն դա չի նշանակում, թե վրացական կողմը խորապես մասնակցում է այդ քննարկումներին։
Իմ կարծիքով՝ այդ հարցի վերաբերյալ բերանը ջուր առնել ու ընդհանրապես լռել չի կարելի, պարզապես բոլորի հետ անհրաժեշտ է խոսել՝ առաջնորդվելով ազգային շահերով։
Գլխավորը այն է, որ եթե մենք խոսում ենք տնտեսական բեռների տեղափոխության մասին, ապա որտեղ պետք է անցնի տնտեսական սահմանը։ Մենք պետք է պահանջենք, որ տնտեսական սահմանը անցնի Պսոու գետով, այլ ոչ թե Ինգուրիով։
Եթե երկրորդ կողմը, պայմանականորեն Ռուսաստանն ու Աբխազիան, դրան համաձայնեն, ինչո՞ւ մենք դա չպետք է քննարկենք»,- հայտարարել է Խուխաշվիլին։