«Հենց Ռուսաստանն է ստիմուլյացնում Ադրբեջանին». Ռիչարդ Կիրակոսյան
«Այն, ինչ տեսնում ենք Արցախի շուրջ, արտաքին և ներքին գործոնների համագործակցություն է: Նախ և առաջ՝ Ադրբեջանի հարձակումներն ու ռազմական գործողություններն ընդհանրապես չեն համապատասխանում ռազմական տրամաբանությանը: Ադրբեջանի ռազմական հարձակումները պայմանավորված են ներքին քաղաքական գործոններով և դիվանագիտական օրացույցով: Օրինակ՝ Ադրբեջանի համար ռազմական հարձակումները ներքին տնտեսական խնդիրները լուծելու փորձ են: Ադրբեջանի համար կարևորը ոչ թե արդյունքն է, այլ ուղղակի հարձակումները: Այն, ինչ մենք տեսնում ենք, շատ հետաքրքիր արտաքին ճնշում է, որը գործադրվում է Ադրբեջանի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ բավականին հստակ է, որ Ադրբեջանն է հիմա հանդիսանում տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքը. «Ռազմական տեսանկյունից Ադրբեջանի համար ռազմական մարտահրավերներն ավելի բարդ ու դժվարին են, որովհետև իրականում ադրբեջանական ռազմական ներուժն անկանխատեսելի է, թույլ է և այդքան էլ չի համապատասխանում ռազմական տրամաբանությանը»:
Սակայն, ըստ նրա՝ այստեղ կա բավականին հետաքրքիր ներքին գործոն Հայաստանի կողմից. «Օրինակ՝ կաշառակերությունը և կոռուպցիան ներկայումս Հայաստանի խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն են հանդիսանում: Հայաստանն իր ներքին խնդիրներից պաշտպանված չէ»:
Ինչ վերաբերում է ՄԽ համանախագահների գործունեությանը, նա նշեց՝ խնդիրն այն է, որ արևմտյան կողմի միջնորդներն ազդելու շատ քիչ լծակներ ունեն. «Ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնում Ադրբեջանին՝ հերթական հարձակումը նախաձեռնելիս: Այս անգործությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշման բացակայությունն ավելի ու ավելի են սրում իրադրությունը»:
Քաղաքագետի կարծիքով՝ ընդամենը մեկ երկիր կա, որ կարող է ավելի արագ արձագանքել, եթե հերթական էսկալացիան լինի. «Դա Ռուսաստանն է: Եվ մենք պետք է ակնկալենք ավելի միակողմանի ջանքեր Ռուսաստանի կողմից՝ այս լարվածությունը մեղմելու և միջնորդության տեսանկյունից: Հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ նախագահ Թրամփը փորձում է ՌԴ-ի տիրապետության տակ վերադարձնել Կովկասը և նախկին սովետական երկրները: Չնայած այն փաստին, որ Ռուսաստանը զինամթերք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, պարտադիր չէ, որ ՌԴ-ն դրանից շահի: Եթե խոսքը Երևանի հետ հարաբերությունների ճգնաժամի կամ Բաքվի վրա ազդեցության լծակների բացակայության մասին է, ամեն դեպքում Մոսկվայի համար շահեկան չէ հերթական էսկալացիան»:
Միևնույն ժամանակ՝ նա նշեց, որ սպառնալիքը ոչ թե Մոսկվայից, այլ Քաքվից է գալիս. «Բայց, ցավոք, հենց Ռուսաստանն է, որ ստիմուլյացնում է այս ամենը Բաքվում. Ադրբեջանը վաճառում է նավթ, Ռուսաստանը զինամթերք: Ստացվում է, որ և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի համար պաշտպանության հիմնական գործոնը մեր ռազմական ներուժն է: Ցավոք, այստեղ հարցը ոչ թե այն է, թե կլինի՞ երբևէ ռազմական հարձակում, այլ այն, թե ե՞րբ այն կլինի»:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի