«Հայաստանից Ռուսաստան միջանցքը կանցնի Դաղստանով». Վլադիմիր Եվսեև
Փետրվարի 24-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան այցից հետո հայտարարեց, որ Երևանն ու Թբիլիսին պայմանավորվել են տրանսպորտային միջանցքի բացման հարցի վերաբերյալ, որն այլընտրանք կլինի միակ ցամաքային «Վերին Լարս» երթուղուն, որը միավորում է Հայաստանը Ռուսաստանին։
Փետրվարի 27-ին Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, թե բացառում է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսումը՝ որպես այլընտրանք «Վերին Լարսին»։
ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական հարցերով փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Հայաստանն ու Վրաստանը, ամենայն հավանականությամբ, պայմանավորվել են ռուսական Դաղստանով ճանապարհի բացման վերաբերյալ։
«Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսման հարցը չի քննարկվում։ Կա այլ ելք։ Վրաստանի տարածքով առկա է ավտոճանապարհ ռուսական Դաղստան։
Կա հնարավորություն բացել հենց այդ ճանապարհը՝ որպես այլընտրանք «Վերին Լարսին», սակայն այստեղ առաջանում է այդ երթուղու անվտանգության խնդիրը, որն անհրաժեշտ է ապահովել համատեղ ջանքերով»,- Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Վլադիմիր Եվսեևը։
Փորձագետը կարծում է, որ այդ դեպքում «Վերին Լարսի» բացման բանակցային գործընթացից կբացառվեն Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք կարող էին լուրջ խնդիրներ ստեղծել, եթե այլընտրանքային ճանապարհը անցներ նրանց տարածքով։
«Իրավիճակում, երբ քննարկվում է Դաղստանով ճանապարհի բացման հարցը, բանակցություններ կվարեն միայն Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը՝ առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Դա միանգամից հեշտացնում է բանակցային գործընթացն ու մեծացնում է Հայաստանի համար շատ կարևոր հարցի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը»,- ասում է Եվսեևը։
Փորձագետի կարծիքով՝ եթե պայմանավորվածություն ձեռք բերվի բացել այլընտրանքային ճանապարհ Դաղստանով, ապա կմնա միայն լուծել ճանապարհի տեխնիկական վիճակն ու վերականգնել այն, եթե դա անհրաժեշտ լինի։