«Աշխատանքի տեղավորման գործակալություններին ասում եմ՝ ուղարկեք ինձ մոտ 100-1000 անգործ մարդու, և ես բոլորին աշխատանքով կապահովեմ». Լյուդվիգ Միքայելյան
Գործարար Լյուդվիգ Միքայելյանն արդեն երկար տարիներ ոչ միայն հաջողությամբ վարում է սեփական փոքրիկ գործարանի աշխատանքները, այլև ինքն անձամբ հեղինակն է իր իսկ գործարանի՝ «Շաբերի» արտադրանքի հիմնական մասի: Իր ստեղծած գործիքները, որ լայն կիրառություն և պահանջարկ ունեն արդեն ողջ աշխարհի ոսկերչական արհեստում, Լ. Միքայելյանն անվանում է նորարար մոտեցմամբ գյուտեր: Հպարտությամբ ասում է, որ ավելի քան 30 գյուտերի հեղինակ է, իսկ իր փոքրիկ գործարանը պատրաստում է մոտ 600 անուն գործիք:
«Սա ահռելի աշխատանք է՝ ամեն մեկի համար տեխնոլոգիա մշակել, գործիք պատրաստել, հաստոց ձևավորել, որպեսզի կարողանաս այդքանն արտադրել: Այսօր հսկայական Ռուսաստանը մեզ մոտ պատվերներ է տալիս, որովհետև իր մոտ նմանը չի կարողանում ստեղծել: Սկզբունքորեն կարելի է գնալ նաև Ռուսաստանում նման գործարան բացել, բայց ինչո՞ւ ախր մեզ մոտ դա չանենք:
Սկզբունքի հարց է: Աշխատանքի տեղավորման գործակալություններին ես ասում եմ՝ ուղարկեք ինձ մոտ 100-1000 անգործ մարդու, և ես բոլորին աշխատանքով կապահովեմ, միայն թե մարդն ինքը ցանկանա աշխատել» – «168 Ժամի» հետ զրույցում ասում է գործարարն ու հպարտորեն, սրտացավ վերադասի դիրքերից հավելում,- Տեսեք, մենք հիմա զրուցում ենք, որքան էլ կարևոր լինի մեր զրույցը, եթե իմ բանվորը ներս մտավ, որը հաճախակի է պատահում, մենք կընդհատենք զրույցը և կլսենք նրան, որովհետև առաջնահերթը բանվորն է, ինքն է արտադրողը, իմ կարծիքով՝ նա է երկիր պահողը: Ես 20-30 աշխատող ունեմ: Ամեն ամիս նույն օրը, նույն ժամին աշխատավարձ եմ տալիս:
Մարդ պետք է արժանապատվորեն ստանա այն գումարը, որ վաստակել է՝ ողջ օրվա ընթացքում տանջվելով, որովհետև բոլորս էլ գիտենք՝ բանվորն այսօր իր աշխատավարձին է սպասում, որ երեխան դպրոց գնալիս մի բուլկի առնի: Եթե մենք աշխատավարձը բարեխղճորեն, ժամանակին չտանք, նա պետք է սոված մնա՝ կամ գողություն անի, կամ շվարած մնա, կամ ինֆարկտ ստանա: Իմ հիմնարկում ես դա բացառել եմ:
Ով գալիս է ինձ մոտ աշխատանքի ընդունվելու, ես նախապես զգուշացնում եմ՝ հայկական մտածողությունը թողեք ցանկապատից դուրս, մտել եք այստեղ՝ կարգերն այլ են: Մենք բոլորս իրար բարեկամ ենք, պատրաստ մեկս մյուսի դարդը հասկանալու:
Ես ամեն օր պարտադիր բոլորին հատ-հատ բարևում եմ, հարցնում՝ ի՞նչ խնդիրներ ունեն ընտանիքում, ի՞նչ ծանրություններ, դարդ ու ցավ: Ոչ մեկին թույլ չեմ տալիս բանկից տոկոսով գումար վերցնեն և ողջ կյանքը խորտակեն: Մեր հիմնարկի բյուջեից հատկացնում եմ այն գումարը, որ պետք է այս կամ այն կենցաղային խնդիրը լուծելու համար, հետո աստիճանաբար աշխատավարձից պահում ենք: Բոլորի խնդիրներից տեղյակ եմ ու ձգտում եմ ստեղծել այնպիսի պայմաններ, որ բացվեն, ինձ հետ խոսեն, հաղորդակից դառնան: Մեր գործարանը ստեղծված օրվանից ոչ մի օր կանգ չի առել, կամ չի եղել մի օր, որ ես իմ բանվորին ասեմ՝ գործ չկա, գնա տուն»:
Լյուդվիգ Միքայելյանի «Շաբեր» գործարանը, որ պաշտոնապես հիմնվել է 2008 թվականին, աշխատում է երեք ուղղություններով՝ ոսկերչական գործիքների արտադրությամբ, ինչպես նաև զգալի ձեռքբերումներ է գրանցել մեքենաշինության և հաստոցաշինության արտադրության ուղղությամբ: Ողջ աշխարհում «Շաբերին» մեծ ճանաչում են բերել գործարանի հիմնադիր Լյուդվիգ Միքայելյանի գյուտերը՝ ոսկերչական գործիքները, որ նման չեն նախկինում եղածներին, կամ լրացնում են նախկինում եղածներին:
Պարոն Միքայելյանը պատմում է, որ առաջին գյուտն արել է 1964 թվականին, երբ դեռ ուսանող էր: Հենց առաջին գյուտն էր, որ այսօր արդեն գրավել է ողջ աշխարհը: Վերջին նորարար գյուտը հեղինակել է մոտ 2 տարի առաջ: Իր ստեղծած գյուտերի համար հեղինակը մինչ օրս որևէ խրախուսանքի չի արժանացել, մինչև անգամ այդ մասին շատ քչերը գիտեն: Գիտությունների ազգային ակադեմիային Լյուդվիգ Միքայելյանը պաշտոնական նամակ է ուղարկել, սակայն կառույցը դեռևս լռում է: Նամակի հեղինակն անգամ տեղյակ չէ` հասե՞լ է իր նամակը հասցեատիրոջը, թե՞ ոչ.
«Ես հպարտանում եմ, որ ինչ-որ մի բան կարողացել եմ անել, որը ուրիշները չեն կարողանում: Ավելի քան 55 տարի ես աշխատել եմ՝ Սովետական Հայաստանի, և հիմա արդեն՝ Անկախ Հայաստանի համար, վճարում եմ հարկեր, որից համալրվում է պետական բյուջեն, և մյուս մարդիկ՝ սկսած քաղաքական գործիչներից, մինչև հասարակ աշխատակիցներն աշխատավարձ են ստանում, բայց, դժբախտաբար, մեզ չեն նկատում:
Իմ կատարած գյուտերը ոսկերչության բնագավառում այն գործիքներն են, որոնց նմանն այսօր աշխարհում չկա: Իմ ստեղծած գործիքներն այսօր մեծ պահանջարկ են վայելում ողջ աշխարհում, սկսած Լոնդոնից՝ մինչև Շվեյցարիա, Արգենտինայից՝ մինչև Ռուսաստանի Դաշնություն, Իսրայելից՝ մինչև Արաբական Էմիրություններ, ԱՄՆ-ից՝ մինչև Թուրքիա: Եթե ոսկերիչը գտնում է, որ դրանք զգալի առավելություններ ունեն, քան, ասենք, Եվրոպայում պատրաստված ստանդարտ գործիքները, ապա սա միանշանակ ոչ միայն իմ անձնական, այլ նաև պետության ձեռքբերումն է: Իմ գյուտն արտադրում են նաև Չինաստանում, բայց այնքան անորակ են անում, որ իրենց համար գալիս ինձանից են առնում-տանում, իսկ իրենց պատրաստած արտադրանքն իրացնում են հետամնաց երկրների շուկաներում:
Նրանք մեզ հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն, բայց այստեղ էլ մենք մեծ խնդիրներ ենք ունենում արտահանման հետ կապված հարցերում: Անընդհատ պայքարում եմ, բայց չեմ կարողանում ստեղծված արհեստական խոչընդոտները վերացնել: Մեզ նման շատ հիմնարկներ ուղղակի փակվում են, որովհետև պարզապես չեն դիմանում այսպիսի լարվածությանը, այնինչ սրանք նորություններ են, որ մտցվել են ոսկերչական արհեստի արտադրության մեջ և արտահանվում են աշխարհի ավելի քան 30 երկիր: Սա արդեն տեղի է ունենում ոչ միայն մեր միջոցով, այլ արտադրանքի գրանցած արձագանքների:
Այլ կերպ ասած՝ դրանց պահանջարկն արդեն իսկ խոսում է արդյունավետություն մասին: Ռուսաստանում, որտեղ մենք տարեկան մի քանի անգամ մասնակցում ենք ցուցահանդեսների, մեր անունը կնքել են՝ Լեգենդ, որովհետև մենք այսքան երկար տարիներ ոչ միայն դիմանում ենք ամեն տեսակի ֆինանսական ճգնաժամերին, այլ միակն ենք մնացել մեր տեսակի մեջ, և, փաստորեն, ստացվում է, որ մենք մրցակիցներ չունենք, որովհետև այդ գնով և այդ որակի արտադրանք, որ մենք ենք արտադրում, չկա»:
Փոքրիկ «Շաբերի» մեծ հաջողությունների գաղտնիքը գործարաը բացատրում է գործին անշահախնդիր նվիրվելու, այն անսահման սիրելու և անխոնջ աշխատանքի հանգամանքով.
«Մենք 12-13 ժամ աշխատում ենք, դրանից հետո էլ նույնիսկ պատահում են օրեր, որ չեմ քնում, տանը նստած մտածում եմ՝ մի բան անեմ, օրինակ, ասենք, Ռուսաստանի արտադրության տեխնոլոգիայից ավելի լավ տարբերակ գտնեմ: Գործիքների մոդելավորումը, հնարավորություններն ու առավելությունները ես ինքս եմ ստեղծում: Ինքս զբաղվել եմ ոսկերչությամբ, շատ եմ շփվում ոսկերիչների հետ, ամենաերիտասարդ անփորձ ոսկերիչին էլ անգամ չեմ անտեսում, հարցնում եմ՝ ինչպե՞ս կուզենա լինի իր գործիքը, ի՞նչն է իրեն խանգարում, ինչի՞ կարիք ունի գործն առավել դյուրին դարձնելու համար:
Այսօր եթե այստեղ որևէ տեսակի խափանված գործիք չեն կարողանում վերանորոգեն, բերում են մեզ մոտ, և մենք ձևը գտնում ենք: Սա մեզ համար հոբբի է դարձել, սկզբունք: Այս պատերի ներսում, եթե կարիքը կա, մենք կարողանում ենք գիշերներն անքուն մնալ ու մտածել, թե ինչպե՞ս կարելի է մեր հնարավորությունների սահմաններում, իհարկե, այս կամ այն խնդրի պարագայում, լուծում գտնել: Տեխնիկապես թույլ ենք, բայց այդ թուլության հետ միասին՝ մենք շատ ուժեղ գիտական պոտենցիալ ունենք: Ամբողջ աշխարհի գիտնականների 8 տոկոսը հայ են, գիտեի՞ք այս մասին: Հայտնի գիտնականներ ունենք: Շատերն անգամ չգիտեն, որ նրանք հայ են: Ինչո՞ւ մենք մեր գիտական պոտենցիալը չենք օգտագործում:
Ես նախկին հարցազրույցներից մեկում էլ ասել եմ՝ մենք այնպիսի զենք կարող ենք պատրաստել, որից աշխարհում ոչ մեկը չի ունենա: Իհարկե, հիմա մենք Ռուսաստանից ենք գնում զենքը, և դա սխալ է, որովհետև մենք մեզ կախվածության մեջ ենք դնում: Ուրիշ հարց, որ այսօր զենք ձեռք բերելու մեր միակ հնարավորություն դա է: Եթե չունենք, ստիպված ենք առնել, բայց չէ՞ որ մենք կարող էինք ունենալ մերը՝ սեփականը: Ես բոլորովին իրատեսական եմ համարում, որ մենք կարող ենք ստեղծել այն քանակի և որակի զենք, որ հավելյալ ձեռք բերելու կարիք չունենանք:
Փոխարոնն ի՞նչ ենք անում՝ Թուրքիայից մի քանի տեսակի թունավոր ապրանքներ ենք ներմուծում, սկսած օճառից՝ վերջացրած լոլիկով, ու թունավորում ենք մեր երկիրը, մեր երեխաներին: Մի անգամ ցուցահանդեսներից մեկի ընթացքում ես մեր նախագահին հանդիպեցի և ասացի նրան, որ ես գրավել եմ Թուրքիան, որովհետև ես ստիպում եմ թուրքերին գնել մեր արտադրանքը, և վճարած գումարը հարկում եմ Հայաստանի պետական բյուջեին, որ մեր երեխան գնա դպրոց: Ես հասել եմ դրան և հպարտանում եմ դրանով»:
Լյուդվիգ Միքայելյանը մեզ հետ զրույցի ընթացքում ցավով նկատում է՝ իր հիմնած գործարանը մինչ օրս պետությունից որևէ տեսակի օժանդակություն, այդ թվում՝ նաև պատվերների տեսքով, չի ստացել: Զրուցակիցս հավելում է՝ պատահել է, որ մի քանի անգամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մասամբ հոգացել է արտասահմանյան ցուցահանդեսներում մասնակցության խնդիրը, մինչդեռ դա էլ իր հերթին՝ ուղեկցվել է տհաճ բյուրոկրատական խնդիրներով:
Հարց տալու իրավունքը լրագրողից ստանձնած զրուցակիցս հռետորական հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ աշխատավոր մարդը մեր պետության մեջ տեղ չունի, և ցավով արձանագրում է. այն երկիրը, որ արտադրություն չունի, վաղ թե ուշ դատապարտված է վախճանված լինելու.
«Հայի միտքը ճկուն է, որը, սակայն, մենք ինքներս չենք կարողանում օգտագործել: Տղամարդիկ այսօր բակերում պարապ նստած՝ նարդի են խաղում, բայց չէ՞ որ նրանք կարող ուժ են, ընդունակ ֆիզիկական աշխատանքի, որը բյուջեն կլցնի: Մեր երկրում առհասարակ չի խրախուսվում բանվոր դասակարգի աշխատանքը, պարզապես նման քաղաքականություն չկա: Մեր մարզիկները գնում են ողջ աշխարհով բարձր են պահում մեր երկրի պատիվը, և դա շատ լավ է, բայց չէ՞ որ ես էլ իմ տեղում ավելի քան 25 տարի բարձրացրել եմ իմ բաժին ծանրաձողն ու այդպես բարձրացրած պահում եմ տարիներ շարունակ, ընդ որում՝ չունենալով մրցակիցներ իմ ոլորտում:
Մի՞թե մեր Կառավարությունում չկա մեկը, որ սա նկատի, գա տեսնի՝ ի՞նչ հոգսերով ենք մենք ապրում, ի՞նչի կարիք ունենք, ի՞նչ դարդ ու ցավի տեր ենք: Ես ոչ մեկից գումար չեմ ակնկալում, ընդհակառակը՝ դեռ ես եմ իմ բաժին հարկերով գումար մտցնում պետական բյուջե, բայց մի՞թե մենք արժանի չենք ուշադրության, որ մի անգամ գան, տեսնեն, ի վերջո, ի՞նչ են անում այստեղ հավաքված մի խումբ մարդիկ, որոնց ստեղծած աշխատանքը գրավել է ողջ աշխարհը»: