«Ինչո՞ւ են եկել միջազգային դիտորդները. ուրեմն սա կարևոր միջազգային իրադարձություն է»
«Արցախում հանրաքվեն դիտարկվում է՝ որպես համահայկական քաղաքական համակարգի զարգացման բաղկացուցիչ մաս։ Այս իմաստով այն բոլոր քաղաքական փոփոխությունները, որոնք այս հանրաքվեն է ֆիքսելու, ևս մեկ փաստն են լինելու այդ համընդհանուր քաղաքական տարածքի մասին։ Եթե դիտարկենք միջազգային իրավունքն ու չկարգավորված ԼՂ հակամարտության հանգամանքը, հանրաքվեն ոչինչ չի նշանակում ԼՂ միջազգային կարգավիճակի տեսանկյունից։ ԼՂ-ն ոչ ֆորմալ կերպով ներկայանում է՝ որպես Հայաստանի մարզ, իսկ ներկայումս տեղի է ունենում այդ ոչ ֆորմալ կարգավիճակի ֆորմալ հաստատում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով նախօրեին Արցախում անցկացված սահմանադրական փոփոխություններին։
Ի տարբերություն Դուբնովի՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նշել է, որ անդրադառնալու են ԼՂ վերջնական կարգավիճակի վրա, քանի որ, երբ պետությունը կարգավորում է իր քաղաքական կյանքը, կազմակերպում է նման միջոցառումներ, դա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում միջազգային հանրության համար։ Ըստ նրա՝ այդ հանգամանքի հետ սկսում են հաշվի նստել։ Ուստի, նրա համոզմամբ՝ շատ կարևոր է այս ամենը պատշաճ կարգով անցկացնել։
«Էական է, որ բազմաթիվ երկրներից դիտորդներ են ժամանել Լեռնային Ղարաբաղ։ Ինչո՞ւ են եկել, ուրեմն սա կարևոր միջազգային իրադարձություն է, կարևոր է նաև դրա ժողովրդավարական անցկացման հարցը։ Կարևոր է այս ամենը ճիշտ առաջ տանել, որովհետև երկրի ներսում տարբեր կասկածներ են արտահայտվել այս հանրաքվեի շուրջ»,- ասել է Սարգսյանը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: