
«Ժամանակակից դպրոցի թերություններից մեկը ծրագրային խիստ ծանրաբեռնվածությունն է». հոգեբան Լիլիթ Խաչատրյան

«Փսիլայֆ Հոգեբանական աջակցման կենտրոնի» ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմեց համացանցային «իրականության» վտանգների, դպրոցականի՝ դպրոցի հանդեպ հակակրանքի դրդապատճառների, մահվան հանդեպ երեխայի վախերի և շատ այլ կարևոր հարցերի մասին:
– Հասարակության մեջ դեռ կա՞ այն կարծրատիպը, թե հոգեբանին դիմելն «ամոթ» է:
– Ներկայիս ժամանակաշրջանում հոգեբանին դիմելու խնդիրն աստիճանաբար հաղթահարվել է: Մեծաթիվ մարդկանց համար ընդունելի և հասկանալի է, որ հոգեբանի կարող է դիմել ցանկացած մարդ՝ ցանկացած խնդրի դեպքում, երբ կան դժվարություններ, որոնք մարդն առանց հոգեբանի միջամտության հաղթահարել չի կարող: Ասինքն՝ արդեն իսկ հատուկ վերաբերմունք է ձևավորվել հոգեբանի նկատմամբ, և նախկին վախը, կարծրատիպը կարծես կոտրվել է: Իհարկե, դեռ կան մարդիկ, որոնց մոտ դեռ պահպանվել են մտավախություններ, մտածողության սխալ, կարծրատիպային ձևեր, որ հոգեբանին դիմելու դեպքում իրեն շրջապատում սխալ կհասկանան, չեն ընկալի…
– Հայ հասարակությունը երբևէ կդադարի՞ այդ կերպ մտածել:
– Հոգեբանի ինստիտուտի ձևավորման նկատմամբ մեծ դեր են կատարել և դեռ կատարելու են ԶԼՄ-ները՝ իրենց աշխատանքով՝ տարբեր հեռուստատեսային հաղորդումներ, հարցազրույցներ կազմակերպելու միջոցով, որը լավագույն եղանակն է հանրությանը հասանելի դարձնելու հոգեբանի մասնագիտության կարևորությունը: Լուծման լավագույն միջոց է ուսումնական բոլոր հաստատություններում, բուժհաստատություններում, աշխատանքային կոլեկտիվներում հոգեբան-մասնագետի հաստիքի ներկայությունն ու կատարած աշխատանքի կարևորությունը:
– Եթե կազմենք գանգատների թոփ եռյակը, որոնցով հաճախ դիմում են Ձեզ, որո՞նք կլինեն դրանք:
– Խնդիրները, որով դիմում են, բազմազան են, սակայն, եթե փորձեմ առանձնացնել ըստ դասակարգման չափանիշի, դրանք են՝ ընտանեկան և զույգային կոնֆլիկտները, նևրոզները և տագնապային խանգարումները:
– Համացանցն ու համակարգչային խաղերը երեխաների կյանքում կարծես թե եկել են փոխարինելու մանկության խաղերին ու բակերում միասին խաղալուն: Ինչպիսի՞ վտանգների դա կարող է հանգեցնել: Ինչպիսի՞ հասարակություն է մեծանում:
– Փորձը ցույց է տալիս, որ հասարակության տարբեր ժամանակաշրջաններում միշտ մեծերը բողոքել և մտահոգվել են, որ՝ մեր երեխաները և երիտասարդները շատ են փոխվել, դարձել են ավելի վատը… Հիմա էլ նույն բանն են ասում, և լսում ենք նույն մտահոգությունները: Սակայն ես իմ դիտարկումներն անում եմ մասնագիտական մոտեցումներով և կարող եմ ասել, որ մեր նոր սերունդը շատ ավելի մտածող է, ճկուն, ինքնավերլուծող, արագ կողմնորոշվող, ընդունում են և գիտակցում են իրենց անհատականությունը, պահանջները, և ամենակարևորը՝ գիտեն ինչպես հասնել իրենց նպատակներին:
– Շարունակ խոսում ենք երեխաների՝ համացանցով տարված լինելու մասին, սակայն ոչ պակաս կշիռ են կազմում մեծահասակները, որոնք ասես ստեղծելով այլ՝ հարմարավետ իրականություն, պարզապես «ապրում» են սոցցանցերում:
– Ինչպես ցանկացած երևույթ, այնպես էլ սոցցանցերը, իրենց մեջ կրոմ են և՛ դրական, և՛ բացասական տարրեր: Այսօր արագության, ինֆորմացիայի դարաշրջան է, և որպես գործիք, որպես ինֆորմացիա ստանալու միջոց՝ մենք չենք կարող մեր երեխաներին զրկել համակարգչից: Դա գործիք է, միջոց, որով կերտվում է նաև մեր երեխան՝ նախապատրաստվելով կյանքի արագ ռիթմին: Այստեղ խոսքը նրանում է, թե ժամանակի որքան հատվածն է երեխան լինում համակարգչի առաջ, և ինչպես ենք մենք կարողանում վերահսկել երեխային: Կարծում եմ, որ մեր ծնողներն այս առումով պետք է լուծեն երեխայի ռեժիմային խնդիրները՝ երեխային տալով օրվա որոշակի հատված համակարգչից օգտվելու հնարավորություն, որը, անշուշտ, ուղեկցվում է ծնողի վերահսկողությամբ և ակտիվ միջամտությամբ:
Իհարկե, մեծ խնդիր է այսօր սոցցանցերից կախվածության հարցը նաև մեծահասակների համար: Հատկապես մեր դարաշրջանի խնդիրը մենակության զգացման հոգեբանական դժվարությունն է, որին իբրև թե կեղծ լուծում է տալիս համացանցը: Համացանցում կեղծ լուծում են ստանում նաև հաղորդակցման դժվարություններ ունեցող անձանց խնդիրները, որոնք իրական կյանքում չեն կարողանում շփվել, ընկերներ ունենալ: Այնտեղ մարդը ստեղծում է իր ցանկալի, իդեալական կերպարը, որտեղ ուշադրության է արժանանում, սիրալիր հարաբերություններ են ձևավորվում:
Մարդն ազատ է, գտնվում է ցանկալի և հաճելի դաշտում, կարողանում է կառավարել այն, որը կլանում է մարդուն, և օրեցօր էլ ավելի կախվածություն ձեռք բերում այդ երևույթից: Աստիճանաբար ձևավորվում են երկու՝ իրարից շատ տարբեր աշխարհներ, որում ապրում է մարդը. մեկն իրական է, մյուսը՝ վիրտուալ: Ինչ խոսք, այս երևույթն աստիճանաբար մարդուն զրկում է իրական շփման հուզական հնարավորությունից, մարդը դառնում է ավելի դյուրագրգիռ, անտարբեր, հուզականորեն սառը, փոխվում է անձը, արժեքները:
Կարևորագույն քայլ է, երբ մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում, որից հետո հարկավոր է ինքնակառավարման մեթոդների կիրառումը, ռեժիմի սահմանումը:
– Չե՞ք կարծում, որ համացանցն իր հետ, ինֆորմացիոն հսկայական պաշարի հետ մեկտեղ, ինչ-որ առումով «անգրագիտության» հիմք է դարձել: Օրինակ՝ որևէ ոլորտի վերաբերյալ հարց ունենալու դեպքում պետք է ընդամենը «գուգլվել», և վերջ… Ակնթարթում ի հայտ եկած «գիտելիք», որը կորչում է հաջորդ իսկ օրը: Անգրագիտությանը փոխարինում է կիսագրագիտությունը: Եվ հարց է, թե ո՞րն է ավելի վտանգավոր:
– Իհարկե, սոցցանցերում երևույթի մասին ինֆորմացիան բազմաթիվ է, տարբեր գրագետ և անգրագետ աղբյուրներ՝ մեկը մյուսին հակասող: Ստացվում է, որ եթե չես տիրապետում ճիշտ աղբյուրներից օգտվելու ինֆորմացիային, կարող ես ստանալ ոչ ճիշտ գիտելիքներ:
– Խոսենք դպրոցից: Կա՞ մի սերունդ, որը «պաշտել» է դպրոց գնալը: Դժվար: Որպես հոգեբան՝ ի՞նչ առաջարկներ ունեք դպրոցական համակարգին, որպեսզի երեխան սիրով հաճախի դպրոց:
– Դպրոցը երեխայի սոցիալիզացիայի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, իսկ սոցիալիզացիան արդեն իսկ այն է, երբ մարդն իր բնական, սպոնտան պահանջները ենթարկում է որոշակի վերահսկողության: Դպրոց հատկապես այն երեխաներն են դժվար հաճախում, ովքեր և՛ ակադեմիական, և՛ միջանձնային պահանջներին դժվար են հարմարվում: Դպրոցում է, որ երեխան առաջին անգամ տանից դուրս հանդիպում է օրենքների, նորմերի, ինչ-որ բան պարտադիր կերպով սովորելուն:
Բացի այդ, երեխան առաջին անգամ գնահատվում է՝ գնահատական է ստանում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես է ուսուցիչը գնահատականը հասցնում այդ երեխային, դա կարող է մեծապես ազդել նաև ինքնագնահատման վրա: Երեխայի համար դպրոցը նաև ինքնաճանաչման դաշտ է, երեխաները շփվում են հասակակիցների հետ, ստանում են համապատասխան վերաբերմունք, շատերը հայտնվում են ճնշվողի, երկրորդականի դերում: Սա է պատճառը, որ դպրոցը շատ երեխաների համար դառնում է դժվարություն, քանի որ երեխան զրկվում է իր ազատությունից, ժամանակը տնօրինելու հնարավորությունից:
– Ինչպիսի՞ն պետք է լինեն դպրոցական ծրագրերը:
– Ժամանակակից դպրոցական ծրագրերը պետք է ապահովեն և՛ հոգեբանական, և՛ ուսուցման նկատմամբ հետաքրքրությունների խթանման նյութական հագեցված միջավայր, այսինքն՝ երեխան պետք է ունենա ինքնադրսևորման բոլոր հնարավորությունները: Ժամանակակից դպրոցի թերություններից մեկը ծրագրային խիստ ծանրաբեռնվածությունն է, այսինքն՝ հաշվի առնված չէ, որ երեխան ուսուցումից դուրս ունի խաղալու, զբոսնելու, ժամանակը տնօրինելու պահանջներ: Բացի այդ, կարծում եմ, որ ուսուցիչները մինչև դպրոց աշխատանքի ընդունվելն անպայման պետք է անցնեն հոգեբանական գնահատման փաթեթային գնահատում՝ բացահայտելու անձի հուզակամային, մասնագիտական մոտիվացիայի, ինքնավերահսկողության, արժեքային համակարգի աստիճանները:
– Ինչպե՞ս դպրոցական երեխային «անցավ» պատմել, որ կա կյանք, և կա մահ: Հատկապես, երբ նա հաճախ է հարցեր տալիս Աստծո, կյանքի, մահվան վերաբերյալ:
– Հավատացեք, երբ երեխաներին մահվան մասին վաղ տարիքից պատմում են մեծահասակները, նրանք առանց ցավի և վախի են դա ընկալում: Մտավախությունը, որ երեխան կարող է վախենալ՝ դա ավելի շատ մեծերիս է հատուկ, դրանք մեր վախերն են, որ իբրև թե կարող ենք վնասել երեխային: Երեխային վաղ տարիքից պետք է ծանոթացնել մահվան իրողությունների հետ, այնպես, ինչպես բնության մեջ ցանկացած սկիզբ ունի ավարտ, և դրանք միշտ հերթափոխում են միմյանց և շարունակական են:
– Ինչպե՞ս դա անել:
– Տալ համեմատական օրինակներ, թե ինչպես է բնության մեջ ավարտվում ցերեկը և հաջորդում գիշերը, ավարտվում է գարնան ծաղկաշատ փուլը և հաջորդում մահացող աշունը, այնպես էլ սերունդներն են իրար հաջորդում: Ցույց տալ իր մահացած տատիկի կամ որևէ հարազատի նկարը, պատմել նրա մասին և բացատրել, որ նա իր կյանքը փոխանցել է իրեն կամ իր հարազատներից որևէ մեկին: Եթե կան երեխայի կյանքում մահացած հարազատներ, ապա ցանկալի է, որ երեխան մեծահասակների հետ միասին գերեզման հաճախի, ծաղիկներ դնի: Սա նշան է, որ երեխան կհաղթահարի հավերժ անհետանալու գաղափարը, որն ուղված է նաև կապի պահպանմանը մահացածի հետ:
– Ինչո՞ւ է երեխան ստում: Եվ ո՞րն է ստի և հորինվածի սահմանը:
– Երեխաների սուտը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ: Երեխան կարող է ստել, երբ ունի մտավախություն, որ իրեն կպատժեն, կարգելեն, ճիշտ չեն հասկանա, իր նպատակին չի կարող հասնել: Սուտը, որպես կանոն, ունի ինքնապաշտպանական բնույթ: Երեխան կարող է հորինել պատմություններ, որտեղ ինքը հաղթող է, ամենակարող է: Սա ուղղված է նրան, որ արժանանա ուշադրության, կամ այդկերպ իրական կյանքի անհաջողություններին լուծում տա՝ բավարարելով կարևորության զգացումը:
Հորինվածքը, ի տարբերություն ստի, բացի ինքնապաշտպանությունից, կարող է ունենալ ստեղծագործական բնույթ: Երեխան կարող է հորինել ոտանավորներ, պատմություններ, հեքիաթներ, որն արտահայտում է կյանքի մասին իր մոտեցումները, դատողություններն ու վերաբերմունքը:
– Հոգեբանները հոգեբանի կարիք ունենո՞ւմ են:
– Ինչպես և բոլոր մարդիկ, այնպես էլ հոգեբանները, հոգեբանի կարիք միշտ ունենում են: Եվ այն հոգեբանները, ովքեր չեն աշխատում հոգեբանների հետ, մասնագիտական սխալ ճանապարհով են գնում, ունենում են հուզական այրում: