
Սերժ Սարգսյանի ելույթը մի կողմից՝ զանգ էր, մյուս կողմից՝ թունելի վերջին լույսի մասին հայտարարություն. Կարեն Բեքարյան
Ապրիլի 14-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստը, որի ընթացքում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծավալուն ելույթով, մասնավորապես՝ անդրադառնալով իշխանափոխությունից հետո հաջորդ իշխանության առաջնահերթություններին։
«Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր: Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան:
Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում:
Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից»,- իր ելույթում առանձնացրեց ՀՀ երրորդ նախագահը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը, խոսելով մատնանշված առաջնահերթությունների մասին, նախ շեշտեց՝ 3-րդ նախագահն ասում է այն, ինչի կարիքը երկրում կա։
«Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր լինելու հասնել այդ առաջնահերթություններին, դա պետք է հասկանալ։ Պարզ է, չէ՞, եթե մարդ ունի պետության և հայրենիքի ընկալում, սեփական երկրում սեփական երեխաներին դաստիարակելու կամք, ապա այսքանից հետո պետք է սթափվի։ Առհասարակ՝ առաջին առաջնահերթությունը սթափության կոչ է, որը եթե անգամ չունենա 100 տոկոսանոց արդյունք, միևնույն է՝ որոշակի տոկոսով կունենա. հենց դա է լինելու օգտակար այս երկրի համար»,- ասաց Բեքարյանը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված ուղերձներն առհասարակ այն մասին են, որ կան պետությունը պահպանելու և նման խնդիրներից դուրս գալու համար հնարավորություններ, որոնց կյանքի կոչման անհրաժեշտ պարագան իշխանափոխությունն է, իսկ ահա բանակի արդիականացման պահանջն ուղղված էր ցանկացած ուսադիր կրողին։
«Բանակին վերաբերյալ առաջնահերթությունն այն մասին է, որ գալու է Հայաստան, որը նորից հպարտանալու է իր զինծառայողով, այն մասին, որ սեփական հանրությունը հասկանալու է հայ զինվորի արժեքը։
Այս իշխանությունն ասում է, որ եթե մենք չենք զիջում, ունենալու ենք պատերազմ, հետևաբար՝ պարտություն։ Սա նշանակում է առաջին հերթին, որ այս իշխանությունն իր սահմանադրական պարտականությունը չի կատարում, իշխանությունն անվտանգային երաշխիքի հարցը չի լուծում, հետևաբար՝ նման իշխանությունը պետք է հեռանա։
Հարց է առաջանում՝ եկել եք պետությունից համայնք ստանա՞ք։ Ամփոփելով՝ Սերժ Սարգսանի ասածը մի կողմից՝ զանգ է, մյուս կողմից՝ թունելի վերջին լույսի հնարավորության մասին է հայտարարություն. ազդակ այն մասին, որ հերիք է զոհ համարեք ձեզ, հնարավոր է մեջքն ուղղել»,- շեշտեց «Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։