Փաշինյանի ուշացած գնահատականը՝ ընդդեմ դատական և դատախազական համակարգի. Ինչո՞ւ է բարձրաստիճան զինվորականությունն անցնում քրեական գործերով

Ազգային ժողովում 2024թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի շրջանցել խաղաղության օրակարգը, և հերթական անգամ պնդել է, որ բանակը չի կարող դիտարկվել անվտանգության ապահովման առաջնային գործոն՝ ասելով՝ եթե այդպես են մտածում՝ ուրեմն չգիտեն, թե ինչ ասել է անվտանգություն, քանի որ այն բոլորովին այլ բան է, որը ներառում է նաև բանակը, բայց որը միայն բանակը չէ: Ըստ նրա՝ եթե անվտանգություն ասելիս հասկանում են միայն բանակ, նշանակում է՝ անվտանգություն չունենք:

Հայտնի ճշմարտություն է՝ եթե գործը հասնում է բանակի միջամտությանը, ուրեմն՝ քաղաքականությունը և դիվանագիտությունը ձախողել են:

Անվտանգությունը ներառում է դիվանագիտություն, տնտեսություն, ներքին քաղաքական կայուն և միասնական միջավայր, ժողովրդագրական պատկեր, բանակի կարողություններ, հանրության և բանակի բարոյահոգեբանական առնվազն բավարար վիճակ, չպարտվելու տրամադրվածություն, կառավարման արդի մարտահրավերներին համահունչ համակարգ և այն գործի դնելու կարողություններ, դաշնակից և գործընկեր երկրների հետ բարձր մակարդակի հարաբերություններ։ Իզուր չէ, որ պետությունների հզորությունները հաշվելու և գնահատելու մեթոդներում հաշվի են առնվում վերը նշված պարամետրերը՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ, երկրի կառավարման համակարգ և այլն:

Այսինքն, պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին, և դրանցից որևէ մեկի ցածր մակարդակն իր ազդեցությունն ունենում է պատերազմական իրավիճակի ստեղծման կամ անվտանգության խաթարման հարցում:

Կարդացեք նաև

Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի պատճառներից և դրա ոչ հաղթական ելքի հարցում Հայաստանի պարագայում դերակատարում է ունեցել նաև այս գործոնների ցածր մակարդակը, Ադրբեջանի դեպքում՝ ճիշտ հակառակը, եթե մի կողմ դնենք Ադրբեջանին Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի աջակցությունը, ինչը, իհարկե, որոշիչ դեր է ունեցել ադրբեջանական հաղթանակում:

Չմոռանանք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020թ. հուլիսի 4-ին, ԶՈՒ ԳՇ-ում Փաշինյանին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին առաջարկել է հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստման նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել:

«Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ՝ ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»,- 2023 թվականի հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ հայտնել էր նա:

168.am-ն առավել մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքական ղեկավարությանը ներկայացված Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկին և նախազգուշացումներին, այդ թվում՝ պատերազմի ընթացքում, երբ պատերազմի 4-րդ օրն առաջարկել է՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Չնայած պատերազմի առաջին օրերին ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, ՀՀ-ի նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունն ու ՀՀ դիվանագիտական կարողությունները: Բնականաբար, բանակի գործը կռվելն է և հաղթելը, բայց դրա համար պետությունն իր անելիքն ունի, որովհետև պատերազմը վարում է պետությունը:

Ավելին, 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականին, Օնիկ Գասպարյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հաստատել է մեր վերոնշյալ պնդումները:

«Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:

Ինչո՞ւ պատերազմից առաջ, պատերազմի օրերին, պատերազմին անմիջապես հաջորդած տարիներին Նիկոլ Փաշինյանը չէր հայտարարում, որ անվտանգությունը միայն բանակը չէ, երբ պատերազմի օրերին իր փոխարեն ռազմական ղեկավարությունն էր փորձում դաշնակցի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, խնդիրներ կարգավորել, այդ թվում՝ Սյունիքում:

Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այս մասին, երբ պատերազմում պարտությունը բարդում է միայն ՀՀ զինված ուժերի վրա, և ոչ մի այլ պետական ինստիտուտ՝ իր գլխավորությամբ, պատասխանատու չի համարվել պատերազմում պարտության և դրան հաջորդած տարածքային կորուստների, դիվանագիտական պարտությունների համար, չի հարուցվել ոչ մի քրեական գործ, ինչպես զինվորականության և ռազմական ղեկավարության դեպքում՝ 44-օրյային առնչվող կամ դրանից դուրս:

Ի դեպ, 2022 թվականի հենց այս օրերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»:

Բայց նրա այս և պատերազմական մյուս հայտարարություններն ու կոնկրետ գործողություններն իրավապահ համակարգը, դատախազներն ու քննիչները քրեական վարույթ նախաձեռնելու համար բավարար ապացույցներ չեն համարել՝  սկսած ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ մինչև գործող դատախազ Աննա Վարդապետյան, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահից՝ մինչև գործող նախագահ: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ Փաշինյանն անկեղծ խոստովանել է, որ իր համար բանակն ընդամենն ատրիբուտ է, եթե կա ճանաչված պետություն, պիտի ունենալ նաև բանակ՝ ֆորմալ, որպես պարտադիր «աքսեսուար», զուրկ իր սահմանադրական պարտավորությունը կատարելու իրավունքից, համենայնդեպս, ըստ գործող սահմանադրության՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:

Իսկ ՀՀ տարածքային ամբողջականությունը 2020 թվականից սկսած խախտվել է, և ինչպես այս տարվա փետրվարին 168.amգրել էր, ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, և բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք: Եվ դիվանագիտական ճանապարհով ՀՀ իշխանությունը ոչ միայն չի վերականգնել իր օկուպացված տարածքները, այլև միակողմանի հանձնել է այլ տարածքներ: Սա դիվանագիտությո՞ւն է, թե՞ հակառակորդի հետ գործարք՝ հանուն սեփական իշխանության պահպանման:

Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին թույլ կտա՞ Մայիսի 9-ի տոնական շքերթին մասնակցել Մոսկվայում, որին Ադրբեջանի բանակը մասնակցելու է, թե՞ այս կարևոր «ատրիբուտին» նաև սա է հակացուցված, արգելված:

Երրորդ՝ ապրիլի 15-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է՝ «Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ»:

Մի առիթով արդեն գրել ենք, որ օրենքով ոչ պատերազմական ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կարող է հանձնարարական տալ ՀՀ պաշտպանության նախարարին, բայց ոչ անմիջապես Զինված ուժերին: Եվ այստեղ արդեն հետագա զարգացումների պատասխանատվությունը, ըստ էության, մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրա։

Դեռ մի կողմ ենք դնում ռազմական օրենքների պահանջների չկատարման և Զինված ուժերի դեմ «հաղորդում» տալու փաստերը:

Չորրորդ՝ այս համատեքստում Փաշինյանը կրկնել է Ալիևին ուղղված՝ սահմանային միջադեպերի, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ առաջարկը, որը կգործի ամենօրյա ռեժիմով, և, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները:

Ինչպես վերջերս գրել ենք, տեղեկատվական-քարոզչական մակարդակում Ադրբեջանն ընդունել է Փաշինյանի առաջարկը և որոշակի մեղադրանքներ առաջադրել ՀՀ զինված ուժերին:

Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմների համատեղ ստեղծմանը, սկզբում Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ, և, որ սա աշխատող տարբերակ է, իսկ հիմա ասում է՝ ամենօրյա կապի միջոցով պետք է փորձեն հարթել խնդիրները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը կարճատև խոսակցություն էին ունեցել՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, որը հայտնի է՝ որպես «վերելակային հանդիպում»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մանրամասներ էր ներկայացրել Ալիևի հետ ունեցած քննարկումների մասին՝ նշելով, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու և օպերատիվ կապ ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Թե ի՞նչ ունեցանք տևական հարաբերական խաղաղությունից հետո, ավելորդ է ասել: Իսկ ադրբեջանական կողմի հետ տարբեր հատվածներում հրամանատարության և համայնքի ղեկավարների մակարդակով օպերատիվ կապ գործել է նաև նախկինների օրոք:

168.am2024 թվականին մանրամասն ներկայացրել է հրադադարի ռեժիմի պահպանման մեթոդների և հետաքննության մեխանիզմների ռևոլյուցիան՝ 2011 թվականից մինչև մեր փաշինյանական օրեր:

Հինգերորդ՝ իսկ Փաշինյանն ԱԺ-ում ավելի ուշ անցել է ադրբեջանական կողմի կրակոցների «էության» գնահատմանը:

«Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։

Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։

Նշյալ կրակոցները կամ Ադրբեջանի Զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասել է նա:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կրակոցները պայմանավորում է նաև Ադրբեջանի բանակում առկա իրավիճակո՞վ, ոչ թե երկրի ղեկավարության քաղաքական հրահանգո՞վ, թեպետ դրանց հոգեբանական ազդեցության մասին նշում է՝ մոռանալով, որ ավելի քան 1 ամիս անկարգապահության հետևանքով չեն կրակում և ահաբեկում քաղաքացիական բնակչությանը:

Ըստ էության, Փաշինյանն այս ձևակերպումով ադրբեջանական հրադադարի խախտումները համարում է զուտ Ադրբեջանի և նրա զինված ուժերի ներքին խնդիրը, այս դեպքում՝ ինչո՞ւ պետք է դրանք քննության առարկա դառնան հետաքննության համատեղ մեխանիզմների համատեքստում, միգուցե «ադրբեջանական անկարգապահ զինվորներն իրար վրա՞ են կրակել», հատկապես երբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, կրակոցները նաև ՀՀ տարածքի ուղղությամբ չեն եղել: Կարող է, չէ՞ Ադրբեջանն օգտվել այս հայտարարությունից, հատկապես, երբ իրենց բանակում ներքին միջադեպերի և մահվան ելքով դեպքերի պակաս չկա, հաճախակի են լինում:

Հավելենք, որ մեկ այլ առիթով Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ներքին դաշտ էր տարել նաև ԵԱՀԿ ՄԽ լուծարման կամ դրա գոյության հարցը.  «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ առանց սրբագրումների կամ առանց շպարի, նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ»:

Այսինքն, Փաշինյանի համար Արցախի հարցը դադարել է հայկական հարց լինել, եթե, իհարկե, երբևէ իր համար այն այդպիսին եղել է:

Եվ այն, որ Հայաստանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել միաժամանակ, սա, ըստ էության, քաղաքական գործարք է, բայց այստեղ նժարին իրականում ավելի շատ դրված է Փաշինյանի իշխանության լինել-չլինելու հարցը: Այսինքն, դու օգնում ես ինձ ունենալ ձեռքումս խաղաղության ինչ-որ թուղթ, ես համաձայնում եմ վերացնել «Ադրբեջանի տարածքում» կոնֆլիկտային վիճակը տաքացնելու սպառնալիքը: Ռազմավարական գործարք Ադրբեջանի հետ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, ով մոռանում է, որ Բաքվում պահվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, ուստի չի կարող փակվել Արցախի հարցը և չեզոքացվել Հայաստանի դեմ իրավաքաղաքական սպառնալիքները:

Վեցերորդ՝ երբ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմ չի լինելու, հիշում ենք, որ գործող իշխանությունները խուսափեցին պատերազմ որակել 2022 սեպտեմբերյան մարտերը և ռազմական դրություն հայտարարել, եթե անգամ դասական իմաստով դրանք պատերազմ չէին:

Չմոռանանք, որ 2021 թվականի ադրբեջանական ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք պատերազմ չէին: Այսինքն, գնահատականի հարց է: Իսկ լոկալ ինչ-որ սադրանքնե՞րը,  ադրբեջանական ներխուժո՞ւմը, սրանից Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ապահովագրել երկիրը…

Տեսանյութեր

Լրահոս