«Գտնվելով ԵՏՄ-ում և չգործելով` դու վտանգի ես ենթարկում քո ազգային անվտանգությունը»
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ (Ռուսաստան)։
– Պարոն Գալստյան, Հայաստանն այս փոթորկային տարածաշրջանում ինչպե՞ս պետք է դիրքավորվի քաղաքական և տնտեսական իմաստներով։
– Առաջին հերթին, անհրաժեշտ եմ համարում ինչպես` ներքաղաքական, այնպես էլ` արտաքին քաղաքական հստակ ռազմավարության մշակումը։ Իհարկե, նախ և առաջ, անհրաժեշտ է կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, որովհետև կան շատ լուրջ ներքին մարտահրավերներ, որոնք նախ` ժողովրդագրական խնդրի հետ են կապված։ Բնակչության արտահոսքը, իրոք, շատ մեծ է, և Հայաստանի աշխարհաքաղաքական ծանր վիճակը, շրջափակումը` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի անընդհատ հարվածները պահանջում են արագ լուծել ժողովրդագրության հարցը։
Ինչ-որ մեկը պետք է ծառայի բանակում, ինչ-որ մեկը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, պետք է անհրաժեշտ մթերքներն արտադրի… Այսինքն` մարդկային կապիտալը պետք է դառնա գլխավոր հիմքը` ներքին բոլոր հարցերը լուծելու համար։ Եթե չհաջողվի մարդկանց պահել Հայաստանում, եթե չհաջողվի Սփյուռքում ապրող մարդկանց (լինեն հայեր թե ոչ) համար համապատասխան պայմաններ ստեղծել, որ մարդիկ գան և զբաղվեն բիզնեսով, այստեղ արմատներ գցեն, ընտանիքներ ստեղծեն, առանց այս առանցքային հարցի լուծման` մյուս բոլոր հարցերը լուծելը գործնականորեն անհնարին կլինի։
Երբ մենք խոսում ենք տնտեսության, ներքին քաղաքականության կամ այլնի մասին, չգիտես ինչու, մոռանում ենք, որ ցանկացած քաղաքականության հիմքում` լինի ներքին թե արտաքին, ընկած է մարդը։ Քաղաքականությունը մարդիկ են ստեղծում, այն ինքն իրեն չի ձևավորվում։ Տնտեսությունը ևս կախված է մարդկանցից։ Եթե, կոպիտ ասած` ամբողջ Հայաստանն ընդամենը 2 միլիոնանոց շուկա է, ապա դա ներդրումների համար գրավիչ չէ, պետք է մեծ շուկա լինի, պետք է լինի սպառողականության բարձր մակարդակ, բարձր տեխնոլոգիաների արտադրանք, և այլն։ Այսինքն` առաջին հերթին` պետք է կենտրոնանալ հենց այդ ներքին խնդիրների լուծման վրա։
Հիմա անհնար է կասեցնել արտագաղթի հոսքը, բայց կարելի է քայլեր ձեռնարկել, որոնք բնակչության որոշակի հատվածին, որը պլանավորում է հեռանալ, կստիպեն մտափոխվել ու մնալ հայրենիքում։ Դա անհրաժեշտություն է։
– Հայաստանը մաս է կազմում ՀԱՊԿ-ի, որն անվտանգության երաշխավոր պետք է հանդիսանա, բայց նույնիսկ Հայաստանի սահմանին տեղի ունեցող միջադեպերի պարագայում ՀԱՊԿ-ը որևէ քայլ չի ձեռնարկում։ Այս խնդիրը, ըստ Ձեզ` ինչպե՞ս պետք է կարգավորվի։
– Հայաստանը, մտնելով ՀԱՊԿ, լուծել է որոշակի առաջադրանքներ։ Իրականում հասկանալի է, որ Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այսինքն` ՀԱՊԿ-ը Հայաստանին հետաքրքրում է, առաջին հերթին, ռուսական գործոնից ելնելով, և դա ևս «մեկ դրոշի» ստեղծում է, որի տակ Հայաստանը կարող է Ռուսաստանից աջակցություն ստանալ տարբեր հարցերում։ Թե ինչ հարցեր են դրանք` բոլորին հայտնի են, այդ թվում` ադրբեջանական ագրեսիան, թուրքական գործոնը, որը, անխոս, համարվում է կարևորագույններից մեկը։
Բայց, ինչպես դուք ճշմարտացիորեն ընդգծեցիք` շատ հաճախ ՀԱՊԿ-ն չի արձագանքում այս կամ այն միջադեպերին, որոնք կատարվում են ոչ թե ղարաբաղաադրբեջանական սահմանին, այլ հենց հայ-ադրբեջանական սահմանին։ Այստեղ, կարծում եմ` անհրաժեշտ է Հայաստանի ավելի հստակ ու կոնկրետ դիրքորոշումը, որովհետև Հայաստանը` լինելով այդ կազմակերպության իրավահավասար անդամ, բոլոր հնարավորություններն ունի իր դժգոհությունները տեղ հասցնելու, ՀԱՊԿ արտակարգ ժողով հրավիրելու և խախտման կոնկրետ փաստը քննարկելու համար։ Բայց ես երբեք չեմ նկատել, որ հայկական իշխանությունները պահանջեն ՀԱՊԿ-ից` հայտնել իր դիրքորոշումը։
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ չեն պահանջում։
– Այդ հարցը պետք է ՀՀ իշխանություններին, նախարարներին տալ։ Ես, անկեղծ ասած` չգիտեմ ու ինքս ինձ համար եմ փորձում հասկանալ, թե ինչո՞ւ նման ռեակցիա չեն տալիս։ Հնարավոր է` ՀՀ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ կարող են կարգավորել այդ խնդիրը` առանց ինչ-որ կազմակերպության, այդ թվում` ՀԱՊԿ-ի միջամտության։ Հնարավոր է` գոյություն ունեն, այսպես ասած` կրիպտոքաղաքական պատճառներ, որոնք մենք չգիտենք։ Բայց ես համոզված եմ, որ կան ոչ միայն օբյեկտիվ փաստարկներ, այլ նաև բավականին սուբյեկտիվ։ Սակայն, փաստը մնում է փաստ, որ Հայաստանը հազվադեպ է հստակ դիրքորոշում հայտնում կամ ահազանգում ՀԱՊԿ-ին` անել հստակ հայտարարություններ, հայտնել կոնկրետ դիրքորոշում։
Օրինակ` Ադրբեջանն ագրեսիա՞ է կատարում հայկական սահմանին, Հայաստանն իրավունք ունի արտահերթ ժողով հրավիրել, հավաքել պետությունների ղեկավարներին, ԱԳ նախարարներին` այն հիմքով, որ եղել է ագրեսիա իր, այսինքն` ՀԱՊԿ անդամներից մեկի վրա։ Այդ հնարավորությունը կա, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները դա չեն անում, ինձ համար հանելուկ է։
– Իսկ ի՞նչ եք կարծում` Հայաստանն ինչպե՞ս պետք է օգտագործի ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ ունեցած հարաբերությունները։
– Մինչև ԵՏՄ մտնելը` Հայաստանը վարում էր կոմպլեմենտար կամ բալանսավորված քաղաքականություն, այսինքն` գործում էր «և-և» բանաձևը, այլ ոչ թե` «կամ-կամ»։ Սակայն, մտնելով ԵՏՄ, Հայաստանն արեց իր քաղաքական, տնտեսական և անգամ` քաղաքակրթական ընտրությունը։ Այսինքն` այս դեպքում Հայաստանն արդեն իր սուվերենության մի մասը տվել է ԵՏՄ-ին, ինչն ընդունված է նման կազմակերպությունների պարագայում։ Բայց դրա հետ մեկտեղ` պետության համար դժվարին պահերին դու կարող ես ապավինել տվյալ կառույցին։
Հենց դրա համար էլ պետությունը զոհաբերում է իր ազգային սուվերենության մի մասը` փոխարենը ստանալով ինչ-որ բան։ Բայց երբ դու զոհաբերում ես քո սուվերենությունն ու ի պատասխան ոչինչ չես ստանում, ես անգամ չգիտեմ, թե ինչպես է դա կոչվում, այդպիսի տերմինաբանություն էլ գոյություն չունի։ Ես դա կանվանեի` բավականին անհեռանկար քաղաքականություն։ Այս պարագայում Հայաստանը պետք է համագործակցի ԵՏՄ-ի հետ, որովհետև համարվում է դրա անդամ, բայց, միևնույն ժամանակ, պետք է այդ համագործակցության արդյունավետ ճանապարհները որոնել։
Հայաստանը պետք է հստակ իր դիրքորոշումը ցույց տա, ասի` կոնկրետ ի՞նչ է ուզում ԵՏՄ-ից։ Եթե հարցեր են առաջանում, որոնց հետ Հայաստանը համամիտ չէ, պետք է դրա մասին հստակ ասի։ Բայց շատ հաճախ Հայաստանն աչք է փակում այդ ամենի վրա։ ԵՏՄ անդամ երկրների հակահայ գործողություններին Հայաստանը ոչ մի կերպ չի արձագանքում։ Երբ, օրինակ` Եվրասիական գագաթաժողովը Երևանից տեղափոխվեց Մոսկվա` բոլորովին անհասկանալի պատճառներով, միայն նրա համար, որ չէին ուզում անհանգստացնել Ադրբեջանին, թե ի՞նչ կապ ունի Ադրբեջանը ԵՏՄ-ի հետ, ինչո՞ւ է նրա գործոնը հաշվի առնվում, և ինչո՞ւ Հայաստանը դրան ոչ մի կերպ չի արձագանքում, նորից ինձ համար հանելուկ էր։ Ինչպես դուք ասացիք` ՀԱՊԿ-ի մասին, այստեղ նույնպես միևնույն սցենարն է։
Դրա հետ մեկտեղ` մենք չպետք է կորցնենք մեր հարաբերությունները ԵՄ-ի, ԱՄՆ-ի և բոլոր այլ կենտրոնական ուժերի հետ, որովհետև դրանք շատ կարևոր են մեզ համար։ Չպետք է նաև մոռանանք հայկական մեծ Սփյուռքը, որը չենք կարող ուղղակի վերցնել ու դեն նետել, թողնել բախտի քմահաճույքին միայն նրա համար, որ մտել ենք ԵՏՄ։ Այսինքն` այսպես թե այնպես, մեզ հարկավոր է պահպանել կամուրջները, իսկ թե որքան արդյունավետ այդ կամուրջները կպահպանվեն, կախված է մեզնից։ Ռուսաստանը չի կարող Հայաստանին ասել` մի համագործակցեք այլ երկրների հետ։
– Բայց կարծիքներ են հնչում, որ հենց Ռուսաստանն է Հայաստանին պարտադրել մտնել ԵՏՄ։ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ, և, ինչպես փորձագետներն են ասում` մեկ գիշերվա ընթացքում որոշեց փոխել ուղղությունը և մտնել ԵՏՄ։ Սա կասկածելի չէ՞։
– Ինչ-որ առումով` այո։ Որովհետև սկզբում մի որոշում էր քննարկվում, հետո այդ որոշումն արագ փոխվեց։ Ինձ թվում է, որ այստեղ ռուսական կողմից ճնշում գուցեև եղել է, և սկզբունքորեն դա նույնիսկ նորմալ է։ Ռուսաստանը տարածաշրջանն ընկալում է` որպես իր ազդեցության գոտի, նաև չմոռանանք, որ միայն Հայաստանում է պահպանվում ռուսական ռազմական ներկայությունը, այն արդեն չկա ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, և, որ Հայաստանը համարվում է ՀԱՊԿ անդամ, ռազմավարական դաշնակից։ Հետևաբար, անխոս, ես կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակիորեն ստիպողաբար է Հայաստանին ԵՏՄ անդամ դարձրել։
Տարօրինակ էլ կլիներ, եթե Ռուսաստանը թույլ տար, որ Հայաստանը շեղեր իր ուղին։ Դրեք ձեզ Ռուսաստանի տեղը. ահա ձեր ռազմավարական դաշնակիցը որոշում է փոխել ուղղությունը, դուք ի՞նչ կանեիք։ Բայց ես չեմ կարծում, որ դա էր գլխավոր ու կրիտիկական փաստարկը։ Հայաստանը սպասում էր, թե որ կողմն ավելի շահավետ առաջարկ կանի առաջին հերթին` անվտանգության հարցում։ Այսինքն` ի՞նչ է առաջարկում Եվրամիությունը. առաջարկում է այլընտրանք ՀԱՊԿ-ի՞ն, ռուսական ռազմական բազայի՞ն։ Իմ կարծիքով` որոշակի առաջարկներ եղել են, բայց ոչ մի երաշխիք ԵՄ-ն չի տվել այդ ժամանակ։ Բացի դրանից, ես գիտեմ ու հստակ կարող եմ ասել, որ Ռուսաստանը երբեք չի խոսել Մեծամորի ատոմակայանի փակման մասին, իսկ Եվրամիության պահանջներից մեկն այդ ատոմակայանի փակումն էր։ Այդ ատոմակայանը շատ լուրջ գործոն է ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական հարթությունում։ Իզուր չեն Ադրբեջանը, Թուրքիան և այլ պետություններ այդպես շահագրգռված, որ փակվի Մեծամորի ատոմակայանը։ Այսինքն` գուցե եվրոպացիները չեն կարողացել առաջարկել այն հարցերի լուծումները, որոնք Հայաստանի համար ավելի ակտուալ էին այդ պահին։
– Այսինքն` խնդիրն այն է, որ Հայաստանն ուղղակի չի՞ կարողանում օգտագործել ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի ընձեռած հնարավարությունները։
– Այո, խնդիրն իրականում դա է։
– Որո՞նք պետք է լինեն Հայաստանի տնտեսական և քաղաքական առաջնահերթությունները։
– Ինչպես սկզբում նշեցի` ամենակարևոր ներքին խնդիրը ժողովրդագրության, արտագաղթի կասեցման հարցն է։ Գործազրկությունը ևս լուրջ խնդիր է։ Լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանի մարզերը դատարկվում են, և անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել այնտեղ։ Եթե խոշոր քաղաքներում` Երևանում, Գյումրիում ու Վանաձորում, կարելի է որոշակի քանակությամբ բնակչություն տեսնել, թեկուզ նրանք էլ են հեռանում, բայց սկզբունքորեն, մենք ականատեսն ենք նրա, որ Հայաստանում այսօր կա Երևան և մնացածը։ Այսինքն` դա արդեն վկայում է համակարգային լուրջ խնդիրների մասին։ Այս երեք հիմնական խնդիրների լուծումը թույլ կտա ինչ-որ չափով փոխել ներքաղաքական ֆոնը։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ապա, կարծում եմ, որ Հայաստանը բոլոր կարևոր հարցերում պետք է հստակ դիրքորոշում մշակի։ Առաջին հերթին, դա վերաբերում է ԵՏՄ-ին, որովհետև, եթե հիմա Հայաստանն աչք է փակում այս կամ այն քայլերի վրա, որոնք իրենց բնույթով հակահայ են, եթե նա չմշակի իր դիրքորոշումը, դրա մասին չխոսի ու այն առաջ չմղի, ապա Ադրբեջանն ու Թուրքիան` ունենալով լուրջ ազդեցություն Ղազախստանի և Բելառուսի վրա, իրենց հակահայ լոբբինգը կանեն այն կառույցի ներսում, որում գտնվում է Հայաստանը։
Այսինքն` գտնվելով ԵՏՄ-ում և չգործելով` դու վտանգի ես ենթարկում քո ազգային անվտանգությունը, քո պետության գոյությունը, որովհետև դու հիմա այնպես անկախ չես, ինչպիսին էիր` առանց այդ կառույցի մեջ լինելու։ Դու քո սուվերենության մի մասը տվել ես, ու շատ հարցեր լուծվում են համատեղ, այլ ոչ միայն քո ձայնով։ Եթե քո ձայնն այնտեղ ընդհանրապես լսելի չէ, ապա բոլոր որոշումները կընդունվեն քո փոխարեն։ Այս իրավիճակը պետք է արմատապես փոխել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: