«Ոստիկանությունը չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե չկա ահազանգ». Դավիթ Հարությունյանն՝ ընտրակաշառքների, ձայներ բերելու մասին

«Ցավոք սրտի, ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին։

Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու բոլոր նորանշանակ նախարարներն ընդգրկված չեն ՀՀԿ ցուցակում։ Ըստ նրա, կուսակցությունն է որոշում՝ ում է նպատակահարմար տեսնում ԱԺ-ում։ «Այդ տեսանկյունից մենք հանգել ենք հետևյալ եզրակացության՝ երեք գործող նախարար պետք է լինեն ցուցակում, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք անպայման ներկայացված են լինելու ԱԺ-ում, իսկ մյուսները՝ ոչ»,-ասաց Հարությունյանը։

Դիտարկմանը, թե ՀՀԿ համամասնական ցուցակը չի համապատասխանում նախապես արված խոստումներին, թե ընտրություններից հետո ՀՀ ԱԺ-ն բարեփոխված է լինելու, քանի որ ցուցակում՝ հատկապես ռեյտինգայինում, ներկայացված են հին դեմքեր, մարդիկ, ովքեր սկանդալներում են ներգրավված եղել, Հարությունյանն արձագանքեց՝ ասելով.

«Ցավոք սրտի, ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները, բայց միաժամանակ ավելի լավ լուծում, ինչպես գիտեք, այս պահին մենք չունենք, քան ժողովրդի ընտրությունը։ Դա Չերչիլի խոսքն էր, եթե չեմ սխալվում, որ ամենավատ կառավարման ձևն է, չհաշված մյուս բոլորը։ Այնպես որ ժողովուրդը պետք է ընտրի, եթե ժողովուրդն ընտրի, ապա ես կարծում եմ, որ Ձեզ համար արդեն կարևոր կլինի ժողովրդի ընտրությունը, այլ ոչ Ձեր անձնական կարծիքը այս կամ այն թեկնածուների վերաբերյալ»։

Պնդմանը, թե այդ մարդիկ ներգրավված են ՀՀԿ ցուցակում ձայներ բերելու նպատակով, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ցույց տվեք մեկին, ով վերջին տարիների ընթացքում ՀՀԿ-ի հետ կապեր չի ունեցել։ Ես կարծում եմ, որ Դուք կդժվարանաք ցույց տալ»։

Անդրադառնալով տեղամասերի մոտ բակային կուտակումների և ընտրակաշառքների դեպքերը կանխելու վերաբերյալ Ոստիկանությանը տրված հրահանգներին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ բանն այն է՝ կաշառք մեկը տալիս է, մյուսը՝ վերցնում։ Նրա խոսքով, խոսակցություններ միշտ կարող են լինել, բայց անհրաժեշտ է դիմում, քանի որ երբ երկու հոգի միմյանց հետ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, անհրաժեշտ է առնվազն մեկը, որը դրա մասին կահազանգի։

«Որքան էլ՝ մենք ասենք, որ Ոստիկանությունը ուշադիր է և այլն, միևնույն է՝ Ոստիկանությունը չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե նրանցից որևէ մեկը դրա մասին չի ահազանգում։ Այն, ինչ արեցինք մենք ժամանակին, օրենսդրորեն մտցրեցինք ներում այն անձանց, ովքեր ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե իրենք են դիմում, եթե իրենք են աջակցում բացահայտմանը և այլն։

Այսինքն՝ անձինք այդ առումով մտավախության տեղ չունեն, բայց նրանք պետք է լինեն ակտիվ։ Իսկ ԶԼՄ-ները, ողջ հանրությունը, կուսակցությունները, այդ թվում՝ մեր, բնականաբար պետք է ձեռնամուխ լինենք այդ աշխատանքին, որպեսզի հորդորենք բոլոր-բոլոր ընտրողներին նման դեպքերի պարագայում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,-նշեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս