«Շատ ու շատ սփյուռքահայեր ունեն պատրաստակամություն՝ գալ և ներդրումներ կատարել Հայաստանում». Հրանուշ Հակոբյան

«Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այսօր ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց մարտի 3-ը հայտարարել գործարարի օր: Իսկ այդ օրը պայմանավորված էր մեծն Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ, և, այսպես թե այնպես, կապվում է Սփյուռքի նախարարության հետ: Մենք որոշեցինք հավաքել ոչ միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, այլ մանր և միջին բիզնեսը, որը գերակշռում է Հայաստանում, որպեսզի հասկանանք, տեսնենք նրանց գործունեությունը, առաջընթացը, ձեռքբերումները, այն սխալներն ու թերությունները, որոնք կան և կարող են ազդել գործարարության զարգացման վրա, ինչպես նաև՝ ներկայացնել վերջին շրջանում տնտեսական քաղաքականության այն բոլոր բաղադրիչները, որոնք առաջարկում է ՀՀ կառավարությունը»,- այսօր կազմակերպված «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական քաղաքականությունն առանձնահատուկ շեշտադրում է կատարում ներդրումների աջակցության խնդրի վրա, և ըստ նրա՝ այսօր Հայաստանում մանր ու միջին բիզնեսի մոտավորապես 70%-ում ներգրավված են նաև սփյուռքահայերը. «Հայաստանում ստեղծված են ազատ տնտեսական գոտիներ, որտեղ մեր հայրենակիցները կարող են ներգրավվել: Ամենակարևորը՝ նրանք, գալով հայրենիք, ստեղծում են նախ և առաջ՝ աշխատատեղեր, դրանով նպաստում են արտագաղթի և աղքատության կրճատմանը: Երկրորդ՝ բերում են կառավարչական հմտություններ, մեթոդներ, նորություններ, երրորդ՝ Արևմուտքում եղած բարձր տեխնոլոգիաների հնարավորությունները փորձում են ներդնել Հայաստանում: Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, միակն է, որ ակտիվ հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ՝ հնարավորություն տալով նոր շուկաներ մտնել»:

Նախարարի խոսքով՝ միայն հայրենասիրական կոչերը դեռևս քիչ են՝ ներդրողներին Հայաստան բերելու համար. «Պետք են նաև իրատեսական քայլեր՝ հարկային, մաքսային քաղաքականությունը, ստեղծված բիզնես-միջավայրը: Բայց նաև պետք է ասեմ, որ վարչապետի ներկայիս տնտեսական քաղաքականությունը հույս է ներշնչում, և շատ ու շատ սփյուռքահայեր ունեն պատրաստակամություն՝ գալ և ներդրումներ կատարել»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ ներդրումներ կատարվում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ: «Եթե հնարավորությունները սահմանափակված են, ներդրողները կփնտրեն այլընտրանքային ճանապարհ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ, եթե յուրաքանչյուր տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումները, որոնք ոչ միայն ֆինանսական միջոցներ են, այլև զարգացած երկրների փորձն են, եթե չեն կազմում ՀՆԱ-ի առնվազն 5%-ը, ապա դժվար է սպասել երկարաժամկետ կայուն զարգացում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ուղղությամբ քայլեր են կատարվում, և առաջիկայում արդյունքները տեսանելի կլինեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս