Ուրիշներին չօգնելու ժամանակը

2008թ. նոյեմբերի 12-ին ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունենում ԱԺ-ում` 2009թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ։ Ֆինանսական ճգնաժամն այն ժամանակ աշխարհում արդեն իր սև գործն արել էր, սակայն Հայաստանի տնտեսության վրա դեռ ամբողջ թափով չէր ազդել։

Տիգրան Սարգսյանի ելույթն ամբողջությամբ նվիրված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին։ 6 էջանոց ելույթում նախկին վարչապետը մանրամասն ներկայացրեց` ինչ է ճգնաժամը, ինչպես է այն ազդել աշխարհի տնտեսությունների վրա, որոնք են դրա դասերը, ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա (ռիսկերը) և ինչ պետք է անել` այդ ռիսկերը չեզոքացնելու և բացասական ազդեցությունը մեղմելու համար։ Բավական մանրամասն ներկայացված էին` ինչ է պետք անել առանձին ուղղություններով։ Այդ թվում` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով ձեռնարկվելու էին 8 կետեր, որոնցից 6-րդը հետևյալն էր` «Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ և ծառայություններ մատակարարողներին»։

Հայտնի չէ, թե այդ մոտեցումն ինչպես իրականում կյանքի կոչվեց և իրականում ինչ օգուտ տվեց տեղական արտադրողներին, սակայն փաստն այն է, որ պետությունն այդ պայմաններում արդարացված էր համարում, ըստ էության, հովանավորչական քաղաքականությունը։

2 տարի անց` 2010թ. դեկտեմբերին, ընդունվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որտեղ նշվում էր, որ գնման գործընթացը պետք է կազմակերպվի միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվեց «Գնումների մասին» նոր օրենքը։ Բացի այդ` դեռևս 2014-ից քայլեր են իրականացվում էլեկտրոնային գնումների համակարգի շրջանակն ընդլայնելու համար։ Այսօր արդեն պատրաստ է պետական գնումների հարթակը։

Պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր օրենքը մի քանի քայլ առաջ է, իսկ էլեկտրոնային հարթակը զրոյացնում է մարդու միջամտությունը գնման գործընթացներին: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փոխնախարար Կարեն Թամազյանը և պետական գնումների գծով պատասխանատու պաշտոնյաներն անցած շաբաթվա վերջին երկօրյա սեմինար էին կազմակերպել լրագրողների համար, որի նպատակն էր` պարզաբանել նոր օրենքն ու էլեկտրոնային գնումների հարթակի առանձնահատկությունները։

Ու քանի որ քննարկման ընթացքում շեշտվեց գնումների` մրցակցային ու ոչ խտրական հիմունքներով կազմակերպման պահանջի մասին, մենք ֆինանսների նախարարին հարց ուղղեցինք` իսկ ինչպե՞ս են այսուհետ պաշտպանելու տեղական արտադրողին, ինչպես նախկինում նշվում էր, չէ՞ որ դա հենց խտրականություն է։

Նախարարը, ի պատասխան այս հարցի` նշեց` միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական գնումների համակարգն այն ամենաարդյունավետ գործիքակազմը չէ, որով հարկավոր է խթանել ներքին արտադրողին, և որ ներքին արտադրողին խթանելու ճիշտ գործիքակազմը պետք է որոշվի առաջարկի քաղաքականությամբ:

«Շատ ավելի լավ է, որ ներքին արտադրողին օժանդակենք ապահովագրությամբ, վարկերի սուբսիդավորմամբ կամ վենչուրային ֆոնդերի ստեղծմամբ: Պետական գնումների գործիքակազմը բավարար չէ ներքին արտադրողներին խթանելու վերաբերյալ դատողություններ անելու համար»,- ասաց նախարարը:

Այսինքն, պետք է այնպես անել, որ տեղական արտադրողի մրցունակությունը բարձրանա, և մրցույթի պահին նա արդեն պատրաստ լինի մրցակցել` առանց արտոնյալ պայմանների սպասելու։ Այսինքն, այսօր մոտեցումը փոխվել է, չնայած տնտեսությունը հիմա էլ լավ վիճակում չէ։ Սակայն այս ամենի մեջ կա մեկ այլ` շատ կարևոր կետ։ 2008թ. նոյեմբերի 12-ից մինչև վերջին կիրակի օրն ընկած ժամանակահատվածում մի կարևոր փոփոխություն է եղել` Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը։

Եվ այդ անդամակցությամբ պայմանավորված` 2015թ. ապրիլի 1-ից հետո գործում է մի կարգ, որի համաձայն` մինչև 70 մլն դրամ ծավալով գնումների դեպքում ԵԱՏՄ երկրներին տրվում է 15% գնային նախապատվություն։ Այսինքն` պետական գնումների գործընթացում որդեգրվել է հովանավորչական մոտեցում, սակայն ոչ թե` ի շահ հայաստանյան մատակարարների, այլ` ի շահ ԵԱՏՄ բոլոր երկրների։

Ինչպե՞ս է աշխատել այս կարգը` թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՏՄ մեր գործընկերների տեսանկյունից։ Արդյո՞ք ԵԱՏՄ մյուս երկրներում գրանցված ընկերությունները սկսել են ավելի շատ հետաքրքրվել ՀՀ պետական գնումներով և մրցակցում են հայաստանյան մատակարարների հետ։ Եվ հակառակը` արդյո՞ք հայաստանյան ընկերությունները, օգտվելով 15%-ի գնային նախապատվությունից, սկսել են ակտիվ մասնակցել ԵԱՏՄ երկրների պետական գնումներին։ Ճշգրիտ թվեր չկան, սակայն երկու առումով էլ մասնակցությունը թույլ է։

Ըստ Վ. Արամյանի` գլխավոր պատճառը մասշտաբն է։ Օրինակ, ռուսաստանյան կամ բելառուսական ընկերությունների համար հայաստանյան պետական գնումները հետաքրքիր չեն, քանի որ պատվերների ծավալը մեծ չէ։ Իսկ հայաստանյան ընկերությունների տեսանկյունից գործում է հակառակ տրամաբանությունը` նույն Ռուսաստանի պետական գնումների ծավալն այնքան մեծ է, որ հայկական ընկերությունները` իրենց հզորություններով, ի վիճակի չեն նման պատվերներ իրականացնել։

Կարճ ասած, 15%-անոց գնային նախապատվության դրույթը մինչ օրս ոչ էական օգուտ է տվել, ոչ վնաս։ Սակայն պարզվում է` սա Հայաստանին չի բավարարում։ Ըստ Վ. Արամյանի, այդ գործիքակազմով առավելություն է տրվում ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵԱՏՄ անդամ այլ երկրների կողմից արտադրվող ապրանքներին, ինչը Հայաստանի համար ևս ներմուծում է: Այսինքն` մենք խոսում ենք արտահանման խթանման մասին, բայց այս պահանջի կատարմամբ փաստացի խթանում ենք ներմուծումը։

«Ենթադրենք` ես 15 տոկոսով ավելի ղազախական արտադրության ապրանքներ եմ գնում` հարց է առաջանում, թե ինչի՞ համար ես պետք է դա անեմ, եթե կարելի է նույն որակի եվրոպական ապրանք գնել, որն ավելի էժան կլինի և կբավարարի իմ պահանջները: Այս տեսանկյունից կարծում ենք, որ այդ գործիքը ներքին տնտեսվարողներին օժանդակելու համար լավը չէ, քանի որ դրանից օգտվելու են նաև արտաքին այլ տնտեսվարողներ: Կարծում ենք, որ մեր նվազ ռեսուրսների պայմաններում դրանք պետք է ավելի նպատակային օգտագործվեն»,- ասաց նախարարը։

Ավելին` Վարդան Արամյանի տեղեկացմամբ` ԵԱՏՄ երկրների համար այդ նախապատվությունը վերացվելու է։ Եվ այդ մասին որոշումը, ըստ նախարարի, ամենայն հավանականությամբ, տեղ կգտնի կառավարության հաջորդ նիստի օրակարգում: Սա, եթե անկեղծ լինենք, բավականին զարմանալի է, քանի որ համարձակ որոշում է։

Իհարկե, նշեցինք, որ ԵԱՏՄ երկրներին առանց այն էլ այդ արտոնությունն էական օգուտ չէր տալիս, քանի որ նրանց հայաստանյան շուկան հետաքրքիր չէ` իր փոքր ծավալի պատճառով։ Ու չի էլ կարելի ասել, որ ԵԱՏՄ երկրներին 15%-ի գնային նախապատվությունից զրկելը հայաստանյան մատակարարներին լուրջ օգուտ է տալու։ Սակայն հարցը սկզբունքն է` Հայաստանը պաշտպանում է իր տնտեսական շահերը միության ներսում։

Սա, իհարկե, պետք է ոչ թե զարմանալի դիտվեր, այլ շատ բնական` ինչպես, օրինակ, Բելառուսի դեպքում, որի նախագահն առանց ավելորդ ձևականության` ռուսների «պորտը տեղն է դնում»։ Սակայն ՀՀ-ն, ցավոք սրտի, միշտ ավելի հանդուրժողական ու համբերատար վերաբերմունք է ցուցաբերել նման հարցերում։

Հիշեցնենք թեկուզ ոչ վաղ անցյալում մեքենաների մաքսազերծման գործընթացի հետ կապված պատմությունը։ 2015-ի փետրվարին ԵԱՏՄ նախարար Տատյանա Վալովայան հայտարարեց, թե Ռուսաստանից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս Հայաստանը 20% ԱԱՀ է գանձում, սակայն դրա իրավունքը չունի, քանի որ դա հակասում է ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտին։

Հայաստանը նախ` փորձեց հակադրվել. ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Արմեն Ալավերդյանը դրանից 2 շաբաթ հետո պաշտոնապես հայտարարեց, որ այդ հարցում որևէ շեղում կամ բացթողում Հայաստանը չի ունեցել, ամեն ինչ արվել է` պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան։

Ընդամենը 1 շաբաթ անց ՊԵԿ մյուս փոխնախարարը` Վախթանգ Միրումյանը, հայտարարեց, որ ԵԱՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար ԱԱՀ-ն կվերացվի միայն 2017-ի հունվարի 1-ից, քանի որ մինչև 2017 թ. հունվարի 1-ն անցումային ժամանակաշրջան է սահմանվել։ Սակայն մեկ ամիս չանցած` 2016 թվականի մարտի 16-ին, ԱԺ-ն հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծին, որով Եվրասիական տնտեսական միությունից մեքենաներ ներկրելու դեպքում ավելացված արժեքի հարկի գանձումը վերացավ։ Այնպես որ, տեսնենք, թե այս պատմությունն ինչ զարգացումներ կունենա։

Տեսանյութեր

Լրահոս